Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանում ամեն ինչ նորմալ է

Նոյեմբեր 16,2004 00:00

Համենայնդեպս,
այդպես զեկուցեց քաղաքապետը Երեկ քաղաքապետ Երվանդ Զախարյանը ամփոփեց Երեւանի
քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2004 թվականի ինն ամիսների սոցիալ-տնտեսական
գործունեությունը: Նա տեղեկացրեց, որ 2006 թվականից կգործի Երեւանի գլխավոր հատակագիծը:
Իսկ մինչ այդ՝ պետք է ավարտվի Հյուսիսային պողոտան: Եկող ուրբաթ շահագործման կհանձնվի
նաեւ Մյասնիկյան պողոտայում կառուցվող քաղաքապետարանի նոր շենքը: Նոյեմբերի 26-ին
նախատեսվում է շենքի բացումը: Ինչպես հայտնի է՝ շենքի շինարարությունն իրականացնող
«Միջազգային բիզնես-կենտրոնը», իբրեւ փոխհատուցում, ստացել է քաղաքի կենտրոնական
մասում գտնվող յոթ տարբեր շենքեր, հողակտոր՝ Ծիծեռնակաբերդի տարածքում եւ որոշակի
գումար: Պատասխանելով «ՀԺ»-ի թղթակցի հարցին, քաղաքապետը փոխհատուցումը ադեկվատ համարեց
կատարված աշխատանքին: Ե. Զախարյանն անդրադարձավ նաեւ վթարային շենքերին: Քաղաքապետը
տեղեկացրեց, որ դիմելու են խիստ միջոցների, որպեսզի Աջափնյակի վթարային շենքերի բնակիչներին
բնակարաններից վտարեն: Նրա հավաստմամբ, բնակիչները 100 տոկոսով փոխհատուցում են ստացել:
«Երկրաշարժ որ եղավ, դրանք կփլվեն ու մարդիկ կմնան տակը»,- պարզաբանեց քաղաքապետը:
Ի դեպ, քաղաքապետը խոստացավ, որ խիստ միջոցառումներ կկիրառվեն նաեւ փողոցային առեւտուրը
կարգավորելու համար: Արդեն համապատասխան հանձնարարականներ տրվել են, մասնավորապես,
Գարեգին Նժդեհի հրապարակի մասով: Հաջորդ, թերեւս ամենաարդիական, խնդիրը մայրաքաղաքային
տրանսպորտի հարցն էր: «Քաղաքային իշխանություններին եւս չի բավարարում տրանսպորտի
վիճակը: Մենք գիտակցում ենք, որ անելիքներ ունենք»,- հայտարարեց Երվանդ Զախարյանը:
Անելիքների շարքում ընդգծեց, որ Լիոնից սպասվում է 10 ավտոբուսի եւ 10 տրոլեյբուսի
ներկրում: Դա քաղաքապետարանին կարժենա 43 հազար եվրոյին համարժեք գումար, ավելացրած
8 հազար եվրո՝ տեղափոխման ծախսը: Տրանսպորտի վիճակի տեսանելի բարելավում քաղաքապետը
խոստացավ մինչեւ 2005 թվականի հունվար: Այդ ընթացքում կավելանա ներկրվող ավտոբուսների
թիվը: Հիշեցնենք, որ մինչեւ նշված ժամկետը նախատեսված էր ներկրել 100 ավտոբուս: Սակայն
որոշակի կբարձրանա ավտոբուսների ուղեվարձը: Ե. Զախարյանը դա բացատրեց նրանով, որ
պետությունը քաղաքապետարանին դոտացիա չի տալիս: Մինչեւ տարեվերջ կառավարությունը
համապատասխան որոշում կկայացնի եւ քաղաքապետարանը նաեւ մասնավոր տաքսիների վերահսկողության
ֆունկցիան կվերցնի իր վրա: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել