Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ՉԻ ՀԱՐՁԱԿՎԻ ԻՐԱՆԻ ՎՐԱ

Նոյեմբեր 16,2004 00:00

ԱՄՆ-Ն
ՉԻ ՀԱՐՁԱԿՎԻ ԻՐԱՆԻ ՎՐԱ Երեկվա համարում «Առավոտը» վերաշարադրել
էր ադրբեջանական «Էխո» թերթում եղած մի հոդված, որը մանրամասնել էր Իրանի Իսլամական
Հանրապետության վրա ԱՄՆ կողմից հնարավոր ռազմական գործողության ծրագրի մի փոքրիկ
սցենար եւ այդ ծրագրին Ադրբեջանի մասնակցությունը: Անդրադառնալով հիշյալ հրապարակմանն
ու Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հեռանկարի հնարավորությանը՝ «Ռազմավարական
եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ստեփան Սաֆարյանը հետեւյալ
կարծիքը հայտնեց. «Ընդհանրապես ամերիկյան աշխարհաքաղաքական կոնցեպցիաներում Իրանը
համարվում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը, որտեղ ԱՄՆ-ը ցանկանում
է իր ոտքի տեղն ունենալ: Այս է վկայում ԱՄՆ-ի լայնածավալ արշավը Իրանի դեմ: Ինչ վերաբերում
է Իրանի նկատմամբ հնարավոր քայլերին, ապա այդ գործընթացը՝ երբ եւ ինչ սցենար կկիրառվի
Իրանի նկատմամբ, դժվար է կանխատեսել: Բոլոր դեպքերում հակված եմ կարծելու, որ Իրանի
դեմ սցենարը այնպիսին չի լինի, ինչպես եղավ Իրաքում կամ Աֆղանստանում: Այն ավելի
շատ ժողովրդավարացման բնույթ կկրի եւ տեղի կունենա առանց ռազմական գործողությունների»,-
նկատեց Ստ. Սաֆարյանը: Այս համատեքստում, ըստ նրա, «կարող են ծագել ազգային փոքրամասնություններին
եւ մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, որոնք, որպես կանոն, հանգեցնում են միջէթնիկական,
նաեւ՝ տարածքային վեճերի»: Փորձագետի կարծիքով, օրինակ, Իրանի Հյուսիսային Ադրբեջան
կոչվող տարածքում առաջին հայացքից ադրբեջանցիները կարող են որոշակի դերակատարում
ունենալ: Այդուհանդերձ, ինչ վերաբերում է Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու
հեռանկարին, ապա Ստ. Սաֆարյանի դիտարկմամբ՝ «Իրանը բավականին ամուր ու կազմակերպված
պետություն է եւ ի տարբերություն Իրաքի կամ Աֆղանստանի՝ պարզապես ավտորիտար երկիր
չէ: Ուստի Իրանի հետ կապված սցենարներում հենց այնպես միանգամից գրոհել կամ արշավել
այդ երկրի դեմ՝ անիմաստ կլինի: Ինչպես ժամանակակից փորձն է ցույց տալիս, նման դեպքերում
առաջին հերթին կիրառվում են սարսափեցնող մեթոդներ եւ հետո միայն անցնում համապատասխան
քայլերի»,- նկատի ունենալով հենց ադրբեջանական մամուլում հրապարակված ռազմական գործողությունների
ծրագիրը՝ ասաց Ստ. Սաֆարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել