Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էստոնական վեկտոր

Նոյեմբեր 16,2004 00:00

Էստոնական
վեկտոր Էստոնացի լրագրողի՝ ԼՂ խնդրի կարգավորման մասին հարցին
Ռ. Քոչարյանի տված պատասխանն առանձնապես հետաքրքիր չէր: Երեկ Էստոնիայի նախագահ Առնոլդ
Ռյուիթելի հետ մատուցած համատեղ ասուլիսի ժամանակ Քոչարյանը նշեց, թե «առանձին լավատեսությամբ
չի վերաբերվում» հակամարտության կարգավորման գործընթացում տիրող ներկայիս իրավիճակին:
Իսկ հետաքրքիրն այն է, որ նրա լավատեսությանը խանգարող «երկու լուրջ խնդիրների» առաջացման
հեղինակը, փաստորեն, հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է: Այսպես. նրա կարծիքով՝
առաջընթացը խոչընդոտող առաջին խնդիրը բանակցություններում ԼՂՀ ներկայացուցիչների
բացակայությունն է: Պաշտոնական Բաքուն ցանկանում է բանակցել բացառապես Հայաստանի
հետ, արդյունքում՝ բանակցությունների ընթացքում ինքը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի,
այլեւ ԼՂՀ դիրքորոշումը: «Դա սխալ բանակցային ձեւաչափ է, որը չի արտացոլում հակամարտության
էությունը». փաստորեն, 6 տարվա տքնաջան մտորումներից հետո այսպիսի պարզ եզրահանգում
արեց Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ խնդիրը, հայ բանախոսի կարծիքով, տարածաշրջանային
համագործակցություն ծավալելու՝ Ադրբեջանի չկամությունն է. ՀՀ-ն ղեկավարվում է «համագործակցությամբ
դեպի կարգավորում» ձեւաչափով, մինչդեռ Ադրբեջանն անհնարին է համարում Հայաստանի հետ
համագործակցության բոլոր ձեւերը՝ մինչ հակամարտության կարգավորումը: Մեկնաբանելով
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ Քոչարյանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությունը
որակեց իբրեւ «առավել օպտիմալ ձեւաչափ»: Ըստ նրա, Մինսկի խումբն անում է հնարավորը,
որ կողմերը կարողանան գտնել խնդրի լուծումը: «Այսինքն՝ կարելի է ասել, որ խնդիրը
վեճի կողմերի եւ ոչ թե միջնորդների մեջ է»,- ասաց Ռ. Քոչարյանը՝ հիշեցնելով, որ «եղել
են իրավիճակներ, երբ մենք մոտ ենք եղել հակամարտության լուծումը գտնելուն»: Խոսելով
բալթյան երկրների հետ «3+3» ձեւաչափով համագործակցության հնարավորությունների մասին՝
Քոչարյանն ասաց, թե դեմ չէ դրան, սակայն, հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտությունները,
կասկածներ ունի այդ ձեւաչափի արդյունավետության վերաբերյալ: Իր հերթին Էստոնիայի
նախագահն ասաց, թե իր երկրի անդամակցությունը ԵՄ-ին նոր նախադրյալներ է ստեղծում
Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում, եւ «պատրաստ ենք հնարավորինս
աջակցել ՀՀ-ին ցանկացած հարցում»: Եվ ինչպես շատ հաճախ է պատահում նման, այսպես ասած՝
«նախագահական» ասուլիսների ժամանակ, Քոչարյանը լիովին համաձայնեց իր էստոնացի գործընկերոջ
հետ, եւ այդ բանն արեց մի շատ գեղեցիկ տերմինի կիրառմամբ: «Էստոնիայի անդամակցությունը
ԵՄ-ին ստեղծում է համագործակցության նոր վեկտոր». ահա այսպիսի իմաստուն բան ասաց
Ռոբերտ Քոչարյանը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել