Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ՈՒՂԻՂ ԳԾՈՎ ԳՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱ՞ԶՄԸ

Նոյեմբեր 16,2004 00:00

Այդ մտավախությունն են հայտնել սեմինարի մասնակիցները

Երեկ ՀՀՇ վարչության գրասենյակում տեղի ունեցած սեմինարի ժամանակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հիմնահարցը» թեմայով զեկույց ներկայացրեց ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը: Սեմինարը կազմակերպել էր «Համաձայնություն» քաղաքագիտական եւ իրավական հետազոտությունների կենտրոնը: Զեկուցողը մանրամասն ներկայացրեց Ղարաբաղի հարցի քաղաքականությունը առաջին նախագահի օրոք՝ ընդգծելով, որ Տեր-Պետրոսյանի իրականացրած ծրագրով ապահովվում էր տեւական խաղաղություն՝ Ղարաբաղը մնում էր հայկական վերահսկողության տակ եւ ստանում էր փաստացի անկախություն՝ Լաչինով Հայաստանի հետ կապով: Ըստ Լ. Զուրաբյանի, Ղարաբաղի հակամարտությունը դիտարկվում էր բացառապես քաղաքական հարթության մեջ՝ հակամարտություն Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, որի շրջանակներում Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ինքնորոշման համար: Այնուհետեւ պարոն Զուրաբյանը ներկայացրեց վերջնական նպատակին ուղղված 15 կետից բաղկացած ձեռքբերումները: «Այսպիսով, հայաստանյան դիվանագիտությունը կարծես թե հաղթահարել էր միջազգային համայնքի եւ Ադրբեջանի դիմադրությունը եւ հասել էր այն նպատակի իրագործմանը, որն իր առջեւ դրել էր 1991 թվականից ի վեր: Սակայն դիմադրությունն այս անգամ եկավ ոչ թե արտաքին աշխարհից, այլ ներսից: Հաղթական պատերազմի հետեւանքով քաղաքական ազդեցություն ձեռք բերած ռազմական վերնախավը՝ դաշնակցելով Ղարաբաղի քաղաքական ղեկավարության, ինչպես նաեւ երկրի արմատական-ազգայնական ուժերի հետ, մերժեց Տեր-Պետրոսյանի ընդունած կարգավորման պլանը եւ կատարեց «թավշյա» հեղաշրջում՝ իշխանության բերելով Քոչարյանին»,- եզրակացրեց Լ. Զուրաբյանը:

Ներկայացնելով Ղարաբաղի հարցի քաղաքականությունը Քոչարյանի օրոք՝ բանախոսը նշեց. «Պաշտոնապես որպես նոր նպատակ հռչակվեց այնպիսի լուծում, որը կապահովի Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում «դե յուրե» գտնվելու սկզբունքի թուլացումը: Իրականում, սակայն, իմ խորին համոզմամբ, Քոչարյանն իր առջեւ դրել է նույնիսկ ավելի մաքսիմալիստական նպատակ՝ պահպանել ներկա «ստատուս քվոն», բոլոր գրավված տարածքներով հանդերձ, քանի որ միայն այդ դեպքում նա կարող է պահպանել իրեն սատարող ազգայնական ուժերի աջակցությունը»: Այս համատեքստում էլ ութ կետով ներկայացվեցին ներկայիս իշխանության վարած ղարաբաղյան քաղաքականության «ձեռքբերումները»: Մասնավորապես՝ համանախագահների առաջարկներն ավելի են թուլացնում ԼՂՀ փաստացի անկախության տարրերը, դադարեցվել է ՌԴ-ի անհատույց ռազմական օգնությունը Հայաստանին, լեգիտիմացվել են Ադրբեջանի պահանջները Մեղրիով ճանապարհ ստանալու, Մեղրիի ու Լաչինի վերաբերյալ որդեգրվել է սիմետրիկ մոտեցում, տարեցտարի աճում է ամերիկյան օգնությունը Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանինը նվազում է, ԼՂՀ հարցն այլեւս դիտարկվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, Հայաստանը սկսում է ճանաչվել ագրեսոր, Թ. Դեւիսի զեկույցում տեղ է գտել առաջարկություն՝ միջազգային դատարանի քննարկման առարկա դարձնել հարցը՝ արդյո՞ք օրինական է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների գրավումը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդգրկվել է գրավյալ տարածքների հարցը: Վերջին քայլի հեռահար նպատակն է, ըստ Լ. Զուրաբյանի՝ «Ցույց տալ Հայաստանին, որ եթե շարունակվի ԵԱՀԿ-ի ֆորմատում հարցի սառեցման քաղաքականությունը, ապա հարցը կտեղափոխվի ՄԱԿ, եւ գրավյալ տարածքները չեն դիտարկվի որպես բանակցությունների առարկա»:

Ինչ վերաբերում է հասարակության տրամադրվածությանը հարցին՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը գտնում է, որ «ինչքան էլ ցավալի լինի, պետք է արձանագրենք, որ հասարակությունը մասնակցելով քաղաքական տարբեր միջոցառումներին՝ հստակ ընդունում է, որ այն քաղաքական գիծը, որը որդեգրել է Քոչարյանը եւ որն ընդունելի է պաշտոնական ընդդիմության կողմից, ընդունելի է նաեւ հասարակության համար»: ՀՀՇ-ի սխալը նա համարում է այն, որ ելնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից՝ չի խոսվել այն մասին, թե ի՞նչ են արել Ղարաբաղի համար: Ա. Զուրաբյանը վստահ է, որ Տեր-Պետրոսյանի խոսելու ժամանակն էլ կգա, բայց՝ «Ես ցավում եմ, որ այստեղ մեր կորստի ժամանակահատված կլինի»: Իսկ մեր «քաղաքագիտության տիտան» իշխանավորներից պարոն Զուրաբյանն այլ սպասելիքներ չունի էլ. «Մեր իշխանությունների իսկական պատկերը՝ մեծացված հայելին, ՌԴ-ն է: Մեր իշխանությունը պարզապես չունի կոնֆլիկտը լուծելու ցանկություն՝ ծառայում է ՌԴ-ի շահերին՝ դրանով իսկ նպաստելով իր եսասիրական շահերին»,- համոզված է ՀՀՇ վարչության նախագահը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել