Լրահոս
Օրվա լրահոսը

Կարատեի

Նոյեմբեր 13,2004 00:00

Կարատեի հոգեբանություն՝ ապագա իրավաբանին Այս տարվա հոկտեմբերի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին ԱՄՆ-ից վերադարձող կարատեի թիմին, որն իր հետ բերում էր 20 ոսկե մեդալ եւ թիմային առաջին տեղը «Կարատեի բոլոր աստղերը» միջազգային 40-րդ առաջնությունում: Շատերը կարծում են, որ Օկինավայից եկած «Կարատե-դո»-ի իսկական նպատակը հակառակորդին ձեռքի կամ ոտքի մեկ ուժգին հարվածով հաղթելն է: Սակայն նույնիսկ հին վարպետներն ավելի մեծ նշանակություն էին տալիս ոչ թե հնարքների կատարման տեխնիկային, այլ հոգեւոր կողմին: Այս մարտարվեստով զբաղվողներն առաջին հերթին սովորում են ունենալ սեփական կարծիք եւ պաշտպանել այն: Ի դեպ, դա է պատճառը, որ նրանք չեն կարող երբեւիցե դառնալ ծախու սափրագլուխներ: «Երբ մենք 70-ական թվականներին սկսեցինք ուսումնասիրել «Կարատե-դո»-ն, այն մեզ հետաքրքրում էր որպես հոգեւոր ինքնակատարելագործման ուղի, այլ ոչ թե ծեծկռտուք»,- իր աշակերտներին սիրում է պատմել Գրիգոր Միքայելյանը: Նա ստեղծման օրվանից՝ արդեն 16 տարի Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահն է: 30 տարի է, ինչ զբաղվում է կարատեով, ունի 7-րդ դան՝ «Շոտոկան» ոճից: Նրա սաների մեջ կան նաեւ բացառիկ շնորհալի պատանիներ: Օրինակ, 16-ամյա Գոռ Ստեփանյանը, որը Լոս Անջելեսից բերեց 2 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ: «Մենք հպարտանում ենք Գոռի հաջողությամբ,- ասաց Գրիգոր Միքայելյանը,- նա իր մեդալներից մեկը վաստակել է՝ մասնակցելով տարիքային բարձր խմբում: Բայց ամենակարեւորը՝ նա դպրոցը ավարտել է 2 տարի շուտ եւ հիմա սովորում է Երեւանի բուհերից մեկի իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսում»: (Ինքը՝ Գրիգոր Միքայելյանը, ճարտարապետ է, բազմաթիվ նախագծերի հեղինակ, ներկայումս ոստիկանական ակադեմիայում՝ ամբիոնի պետ): Գոռը միակը չէ, որ դրսեւորում է փայլուն ընդունակություններ ե՛ւ կարատեում, ե՛ւ իր ընտրած մասնագիտությունում: Ֆեդերացիայի սաների զգալի մասը, կարատեի պարապմունքներին զուգահեռ, քրտնաջան պարապում է՝ բուհ ընդունվելու համար: Հետաքրքիր է, որ շատերը շարունակում են ուսումը հատկապես իրավաբանական եւ տնտեսագիտական ֆակուլտետներում: Իմիջիայլոց, ամենափոքր չեմպիոնը՝ 10-ամյա Արեգ Միքայելյանը, Գրիգորի որդին է: Ամերիկայում նա հիացրեց հանդիսատեսին ոչ միայն իր բարձր տեխնիկայով, այլ նաեւ հակառակորդների նկատմամբ իր հարգալից վերաբերմունքով: Նրա՝ կարատեի ոգուն համապատասխան պահելակերպի մասին հատուկ նշել է առաջնության հիմնադիր, 10-րդ դան ունեցող Սոկե Տակաուկի Կուբոտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել