Լրահոս
Օրվա լրահոսը

Փըշուր

Նոյեմբեր 13,2004 00:00

Փըշուր մը Կոմիտաս Երգահան Վահան Արծրունու նախաձեռնությամբ Կոմիտասի հանճարի առջեւ խոնարհվող մարդկանց մի խումբ նրա 135-ամյակի առթիվ հրապարակել է Կոմիտասի բանաստեղծությունների «Փըշուր մը» ժողովածուն, որը կազմել եւ խմբագրել է Այդին Մորիկյանը: Կոմիտասի քնարերգությունը ընթերցողին հրամցվում է կրկնակի՝ գրքում տեղ գտած բանաստեղծություններից բացի, դրանցից հատվածներ են տպագրված գրքի օրգանական շարունակությունը կազմող էջանշանների հավաքածուի մեջ: Էջանշաններից յուրաքանչյուրի վրա Կոմիտասի երկու լուսանկարն է (ամեն երեսին՝ մի ֆոտո) եւ երկուական բանաստեղծություն: Գրքի շապիկին Արթօ Չաքմաքչյանի «Կոմիտաս» քանդակի եւ «Կոմիտաս-բանաստեղծ» կիսանդրու լուսանկարներն են: Վահան Արծրունին համարում է, որ այս գրքի հետ կապված ամեն ինչ սիմվոլիկ է: Ինքն, օրինակ, իր առաջին երգը գրել է Կոմիտասի բանաստեղծության հիման վրա. «Քսան տարի առաջ գրեցի առաջին երգս՝ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծության հիման վրա, որով էլ սկսվեց իմ ճանապարհը: Քսան տարի անց արդեն հրատարակեցի երգաշար՝ «Կոմիտաս. տասը հայտնություն», որի բանաստեղծական հիմքը Կոմիտասի տասը բանաստեղծություններն են: Կոմիտասին հարազատ մնալուս տրամաբանական շարունակությունն էլ այս ժողովածուն է»: Գիրքը հրատարակվել է Դմիտրի Լեւոնյանի հովանավորությամբ, որը նույնպես կապված է Կոմիտասին. «Դիման գուսան Ջիվանու ծոռն է: Հայտնի փաստ է, որ ժամանակին Կոմիտասն էր հրավիրել Ջիվանուն Էջմիածին՝ համերգների, եւ, երեք սերունդ անց, Ջիվանու ծոռը աջակցեց այս շքեղ հրատարակությանը: Ուզում եմ ասել, որ ոչ մի կողմնակի մարդ չի առնչվել այս գործին»,- պատմում է Վահան Արծրունին: Ըստ նրա, սիմվոլիկ է նաեւ Արթօ Չաքմաքչյանի քանդակների ընտրությունը՝ որպես ժողովածուի ձեւավորում. «Չաքմաքչյանի մոտ էլ Կոմիտասն անցնում է նրա ամբողջ ստեղծագործական ուղով: Նա հիմա Կանադայում է, եւ մեր գրքի վերջին էջում տեղադրված «Կոմիտաս-բանաստեղծ» կավե կիսանդրին այնտեղ է: Իսկ առաջին էջի վրա Կոմիտասի փողոցում տեղադրված նրա «Կոմիտաս» քանդակի լուսանկարն է: Վաթսունականներին կոմունիստները այդ քանդակը ջախջախեցին, մնացորդները բերեցին արվեստանոց, հետո զանգահարել էին իրեն, ասել՝ սյուրպրիզ ունես, գնա տես: Նույն ձեւով Մինասի նկարները վառեցին: Երկուսն էլ ճնշման ձեւ էին, դրանից հետո ճնշումները շարունակվեցին, եւ Չաքմաքչյանը հեռացավ Հայրենիքից»: Այդին Մորիկյանի արած հսկայածավալ աշխատանքի մասին ինչպես Վ. Արծրունին, այնպես էլ գրքի տեխնիկական խմբագիր Ռենատա Սարգիսովան առանձնահատուկ ակնածանքով էին խոսում. «Ես սկզբում կարծում էի, թե կվերահրատարակենք Կոմիտասի 100-ամյակի առթիվ տպագրված նրա բանաստեղծությունների ժողովածուն, բայց հետո, երբ Այդինը սկսեց աշխատել, հասկացանք, որ ճիշտը ավելի ամբողջական եւ Կոմիտասի բնագրերին ավելի հարազատ ժողովածու կազմելն է: Այդ ամենն արեց Այդին Մորիկյանը»,- շարունակում է նախագծի հեղինակը: Ինքը՝ Ա. Մորիկյանը, նկատեց, որ ամեն ինչ սկսվեց «Մայրիկիս օրորը» բանաստեղծությունից. «Այս բանաստեղծությունը միայն մի անգամ հատվածաբար տպագրվել է մամուլում: Մտածեցի, որ չի կարելի մոր մասին Կոմիտասի գրած փայլուն բանաստեղծությունը չտպագրել, եւ այդպես որոշեցինք գալ բնագրերին, բնագրերից նորը կազմել եւ ոչ թե վերահրատարակել նախկինը: Աշխատել ենք հարազատ մնալ իր ձեռագրին եւ քերականությանը: Հատկապես, որ նրա մոտ կան բառեր, որ գուցե թե միայն իրենն են»: Ժողովածուի վերջին էջերում տպագրված են նաեւ Կոմիտասի գծանկարներից: Նրանցից մեկը Կոմիտասի ինքնանկարն է, որը հայտնաբերվել է նրա նամակներում, կոչվում է՝ «Էս էլ ես եմ»: Չգիտեմ ում համար՝ ինչպես, բայց ինձ համար, որպես գրքի առաջին ընթերցողներից մեկի, ամենահետաքրքիրը ժպտուն, հումորով Կոմիտասի հայտնաբերումն էր: Նրա ժպտերես դիմանկարը տպագրված է ժողովածուի սկզբում, իսկ առաջին անգամ տպագրվող «Գրչի խաղեր» բաժնում բերված կատակ-խաղիկները վկայում են նրա մեծ հումորը: «Հրաշալի հումոր է ունեցել, որը երեւում է իր նամակներում. հանճարեղ նամակներ ունի, շատ կենսախինդ ու կենսասեր մարդ է եղել, այդքան նուրբ եւ դիպուկ հումոր ունեցող մարդը չէր կարող կաղապարված ապրել»,- նկատում է Այդին Մորիկյանը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆՀ. Գ. Դեկտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Փըշուր մը» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում Վ. Արծրունին կներկայացնի իր «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը: Այս ամենը կլրացնի Վալենտին Պոդպոմոգովի «Կոմիտաս» գեղանկարի ցուցադրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել