Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բագապշը

Նոյեմբեր 13,2004 00:00

Բագապշը գրոհեց Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում հաղթանակած, բայց այդպես էլ պետական պատկան մարմինների կողմից լիարժեքորեն չճանաչված նախագահի թեկնածու Սերգեյ Բագապշի հազարավոր կողմնակիցներ երեկ գրոհել են չճանաչված հանրապետության խորհրդարանի, կառավարության եւ նախագահի վարչական շենքերը: Newsru.com-ի տվյալներով, մոտ 5 հազար մարդ, ճեղքելով պարտված թեկնածու Խադջիմբայի կողմնակիցների շարքերը, այդ շենքերը լիովին վերցրել են իրենց հսկողության տակ: Պահպանության ծառայության մարտիկները, դեպի օդ կրակահերթեր արձակելով, փորձել են կասեցնել ամբոխի գրոհը, բայց՝ ապարդյուն: Քիչ անց նրանք հեռացել են գրավված շենքերի տարածքից: «Կատարվածը կարելի է գնահատել ոչ այլ կերպ, քան զանգվածային անկարգություններ», հայտարարել է Աբխազիայի վարչապետ Նոդար Խաշբան, որը եւս թիկնազորի հետ լքել է կառավարության շենքն ու հեռացել անհայտ ուղղությամբ: Մինչ այդ վերջինս հայտարարել էր նաեւ, թե կրակելու հրաման չի տվել՝ արյունահեղությունից խուսափելու համար: Ըստ Աբխազիայից ստացվող այլ լրահոսի, Բագապշի կողմնակիցներն իրենց գրաված շենքերի ջարդված պատուհաններից կախել են հանրապետության դրոշները եւ ցնծության աղաղակներով հայտարարում են վաստակած հաղթանակի մասին: Ցուցարարների մի հոծ խումբ ներխուժել է վարչապետի առանձնասենյակ եւ իրենց հաղթանակն ամրագրել զանգվածային «շամպայնախմությամբ»: Դեռեւս նախագահի լիազորությունները վայր չդրած Վլադիսլավ Արձինբային ենթակա զինված պահակախմբի բոլոր անդամները նստել են ավտոբուս եւ հեռացել կառավարական համալիրից: Հաղորդումներ են ստացվում նաեւ այն մասին, որ վարչական շենքերում ու դրանց հարող տարածքներում ճարճատում են ավտոմատային կրակահերթեր, լսվում են մարդկային ճիչեր: Ըստ որոշ տեղեկությունների, կան մի քանի թեթեւ վիրավորներ: Այսպիսով պարզ է դառնում, որ Մոսկվան, Սուխումի նկատմամբ ազդեցության ահռելի լծակների տիրապետելով հանդերձ, այնուամենայնիվ ի վիճակի չեղավ իր նախընտրած սցենարով ու թեկնածուի պարտադրմամբ կարգավորել իրադրությունն այնպիսի մի հատվածում, որը տարածաշրջանում ընթացող պրոցեսներով շահագրգիռ ուժերի քաղաքական գիտակցության մեջ ընկալվում է ոչ այլ կերպ, քան Կրեմլի «արտահաստիքային» ոտնատեղ: Հասկանալի է, որ եթե դեպքերը շարունակեն զարգանալ Բագապշի կողմնակիցների համար բարենպաստ ընթացքով (վերջինս արդեն խոստացել է դեկտեմբերի 7-ին հանդիսավորապես երդում տալ եւ պաշտոնապես ստանձնել նախագահի լիազորությունները), ապա Մոսկվայի ազդեցությունն Աբխազիայում նկատելիորեն կթուլանա, ինչից անպայմանորեն կփորձեն օգուտներ քաղել Թբիլիսիում: Իհարկե, Սերգեյ Բագապշին, անգամ մեծ ցանկության դեպքում, չի կարելի վրացամետ գործիչ համարել: Քարոզարշավի սկզբում նա նույնքան ջերմորեն էր հայացքը հառել դեպի Մոսկվա, որքան իր մրցակից՝ Պուտինի դրածո Խադջիմբան: Բայց հանգամանքը, որ նա իշխանության եկավ առանց Մոսկվայի աջակցության եւ նույնիսկ՝ ի հեճուկս դրա, վերջինիս Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ մանեւրելու լայն հնարավորություններ է ընձեռում եթե, իհարկե, առաջիկա օրերին նոր «չեպե»-ներ տեղի չունենան, ինչը միանգամայն սպասելի է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. Գ. Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Աբխազիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում բավական կոշտ գնահատականներ է տվել Բագապշի կողմնակիցների գործողություններին։ Դրանում նաեւ մասնավորապես նշվում է, թե իրադրության հետագա ապակայունացման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել իր շահերը այդ տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել