Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԱ

Նոյեմբեր 13,2004 00:00

«ՍԱ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐՆ Է» Գնահատում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, որը նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանի աներորդին է: – Մամուլում պնդել էիք, թե գիտեք, որ որոշակի փաստեր կան, որոնք հնարավորություն կարող են տալ վերանայելու Արմեն Սարգսյանի գործը: Եթե կային նման փաստեր՝ ինչո՞ւ դրանք չհնչեցին դատարանում: – Դրանք նոր փաստեր են: Որքան տեղյակ եմ Արմենի հետ զրույցից՝ դրանք մանրամասներ են, որոնք կարող են փոխել գործի էությունը եւ իրավիճակը: Փաստերը մի քանիսն են՝ ժամի, օրվա եւ այլնի վերաբերյալ: Առավել մանրամասն չգիտեմ: – Սակայն այս գործն արդեն ավարտել է իր պտույտը եռաստիճան դատական համակարգում: Հույս ունեք, թե այդ մանրամասները կդիտարկվեն որպես նոր հանգամանքնե՞ր գործը վերանայելու եւ Արմեն Սարգսյանին ազատ արձակելու համար: – Չգիտեմ, նա ազա՞տ կարձակվի, թե՞ պատժաչափը կվերանայվի՝ դա արդեն դատարանի խնդիրն է: Սակայն վստահ եմ, որ բարի կամքի դեպքում կարող է վերանայվել այս գործը: – Իսկ ի՞նչն է Ձեզ հիմք տալիս հուսալու, թե Ռոբերտ Քոչարյանը պիտի ցանկություն ունենա բարի կամք դրսեւորել Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեջ դատապարտվածի նկատմամբ: – Ես այդպես չեմ պատկերացնում, թե նախագահը պիտի ներազդի դատական գործընթացի վրա՝ դա չի բխում Սահմանադրությունից, եւ չեմ կարծում, թե ինքն էլ կդիմի այդ քայլին: Բայց Արդարադատության խորհրդի նախագահը Ռոբերտ Քոչարյանն է, եւ գործը վերանայելու խնդիրների լուծումը խորհրդի գործառույթների մեջ է: Շեշտում եմ՝ բարի կամքի առկայության դեպքում կարող է լուծվել այս հարցը: Իսկ հուսալու հիմք ինձ տալիս է հավատն Արմեն Սարգսյանի նկատմամբ: Ես չեմ հավատում, թե նա այս սպանության մտահղացման հետ որեւէ առնչություն կունենար՝ ճանաչելով նրան, հաշվի առնելով նրա տեսակը եւ այդ ընտանիքը: – Իսկ իշխանամետները պնդում են, թե սպանության գաղափարը հղացվել է Սարգսյանների ընտանիքում, եւ ակնարկներ են անում Վազգեն Սարգսյանի մոր՝ տիկին Գրետայի հասցեին: – Այդ ընտանիքի անունը տալը համարում եմ շահարկում: Արմեն Սարգսյանին չճանաչողները դեռ կարող են մտածել, որ նա առաջնորդվել է վրիժառության զգացումով: Իսկ Գրետա Սարգսյանն ընդհանրապե՛ս չէր կարող ունենալ նման մտահղացում: Ճանաչելով այդ ընտանիքին՝ ես չե՛մ հավատում, թե նրա որեւէ անդամ կարող էր ունենալ այդպիսի մտահղացում: Մասնավորապես Արմեն Սարգսյանի պարագայում ոչ միայն չեմ հավատում, այլ նաեւ խոսել ենք, ճշտել որոշ բաներ: Եվ նաեւ այդ հավատն է ինձ ներշնչում, որ ե՛ւ նախագահն ու իշխանությունները, ե՛ւ Տիգրան Նաղդալյանի հարազատները, ե՛ւ այն մարդիկ, ովքեր ուզում են գտնել իսկական մեղավորին ու նաեւ, որ կարգավորվեն ներքաղաքական իրավիճակն ու մարդկային հարաբերությունները, պիտի ծանոթանան մանրամասներին ու տեսնեն՝ արդյոք կա՞ վերանայման գոնե մի փոքր հիմք: Հավատում եմ, որ այդ վերանայման անհրաժեշտությունը գիտակցվում է ոչ միայն արդարադատության հաղթանակի առումով, այլեւ՝ քանի որ կա նաեւ հասարակական պահանջ ճշմարտությունն իմանալու վերաբերյալ: – Արդյոք այս ակնկալիքների շրջանակո՞ւմ չեն Արմեն Սարգսյանի՝ վերջին հարցազրույցում արտահայտած մտքերը, թե կարծում է, որ կգա ժամանակը եւ Ռոբերտ Քոչարյանը կապացուցի, թե ինքն է Վազգեն Սարգսյանի ամենալավ ընկերը: Կամ, որ համոզված է, թե Քոչարյանն իր նկատմամբ լավ է տրամադրված. «Որեւէ տեղ «27»-ի մասին ո՛չ խոսել եմ, ո՛չ էլ արտահայտվել. ես այլ կերպ եմ մտածում»: Եվ վերջապես, թե վստահ է, որ նախագահի պատվերով չէ ինքը բանտում. «Նման բաներ ասելով էլ են ջուր պղտորում՝ ուզում են փչացնել Արմեն-Քոչարյան հարաբերությունները»: Արդյոք այս ամենը սիրաշահելու թաքուն ակնկալիքի դրսեւորումնե՞րը չեն: – Ո՛չ: Սա այնպիսի խնդիր է եւ այն մակարդակում, որ չեմ կարծում, թե լոկ խոսքերով սիրաշահելով լուծում կլինի: Եվ ո՛չ Արմեն Սարգսյանն է այդքան պարզունակ մարդ, որ հավատա այդ միջոցով լուծման հնարավորությանը, ո՛չ էլ, կարծում եմ, նախագահը միայն այդ խոսքերի համար կլուծի խնդիրը: Թեեւ չեմ բացառում, որ մարդկային հարաբերությունները կարող են ազդեցություն ունենալ: Ինչ խոսք՝ եթե հարաբերությունները բարդ են ու խճճված, պետք է պարզեցնել: Բայց հարցեր կան, որոնք ճիշտ չեմ համարում անհարկի քաղաքականացնելը: Ընդհակառակը՝ դրանք պետք է բերել մարդկային հարաբերությունների դաշտ, պարզել, եւ եթե կան իրավական հիմքեր՝ լուծել, որը նաեւ կօգնի քաղաքական հարաբերություններին: Այս հարցը համարում եմ հենց այդպիսին: – «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն այս խնդիրների լուծումը պայմանավորում է միայն քաղաքական իրավիճակի փոփոխմամբ, իսկ եղբորն էլ համարում է պատանդ՝ այդպես բացատրելով նրա բոլոր հավաստիացումները: Իսկ Դուք հույս ունեք, թե մինչ իշխանափոխությունը հնարավո՞ր կլինի հասնել բարելավման Ձեր բարեկամի կարգավիճակում: – Բնականաբար, ես չեմ կարող ավելի շատ շահագրգռված լինել Արմեն Սարգսյանի ազատմամբ, քան նրա եղբայրը: Բայց նաեւ չեմ կարծում, որ եթե այսօր էլ հնարավորություն լինի արդարադատության սկզբունքների հիման վրա ազատել Արմենին՝ Արամ Սարգսյանը չի ընդառաջի դրան: Կարծում եմ՝ պե՛տք է փորձել: Եվ ինչքան էլ չհավատանք արդարադատությանը՝ եթե ի հայտ գան փաստեր, չեմ կարծում, թե դրանք կոպտորեն կոտնահարվեն: – Այսուհանդերձ՝ Արամ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, թե իրեն գործարք է առաջարկվել՝ եղբոր ազատության դիմաց մեղմել «27»-ի վերաբերյալ հայտարարությունները, եւ ինքը չի համաձայնել դրան: – Տեղյակ չեմ այդ առաջարկին: Բայց ինքս էլ համաձայն չէի լինի, որ Արմեն Սարգսյանն ազատ արձակվի գործարքի կամ քաղաքական ինչ-ինչ պայմանավորվածությունների հետեւանքով: Այս առումով իմ եւ Արամի տրամաբանությունն ինչ-որ տեղ համընկնում է: Այստեղ խոսքը ոչ թե օգնելու մասին է, որ Արմեն Սարգսյանը ստանա ազատություն, այլ գոնե ինձ համար՝ խնդիրն օգնելն է, որ պարզվի ճշմարտությունը: Վերջիվերջո՝ սա նաեւ Վազգեն Սարգսյանի եղբոր, այդ ընտանիքի պատվի եւ արժանապատվության խնդիրն է: Եվ անկեղծ ասած՝ այս խնդիրը չեմ կապում իշխանափոխության հետ: Չգիտեմ, թե ով է լինելու հաջորդը, որ կդրսեւորի ավելի բարի կամք: Ես նաեւ հավատում եմ, որ հենց այս իշխանության օրոք այս գործի բացահայտումը բխում է հենց իշխանության շահերից: Չեմ կարծում, թե մեկ ուրիշն ավելի շատ պատասխանատվություն կստանձնի Արմեն Սարգսյանի ու նույնիսկ «27»-ի գործը բացահայտելու համար: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել