Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԵՇՏ Է ԿԱՐՃԵԼԸ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ՀԵՇՏ Է ՄԱՐՍԵԼԸ»

Նոյեմբեր 13,2004 00:00

«ՀԵՇՏ Է ԿԱՐՃԵԼԸ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ՀԵՇՏ Է ՄԱՐՍԵԼԸ» Հարցնում է Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ նախադեպը չունեցող գործողություն է կատարվել: Քրգործի նախաքննությունը կատարվում է ՀՀ քրդատօրի սահմանած կարգով, օրենսգրքում կոլեգիա հասկացություն չկա, դատախազության մասին օրենքը, որում կա այդ հասկացությունը, քրեական դատավարության հետ ոչ մի կապ չունի, եւ սա մեզ իրավունք է տալիս հայտարարել, որ եղել է քրեական գործից դուրս քաղաքական որոշում»,- գնահատելով դատախազության կոլեգիայի որոշումը՝ «27»-ի անջատված մասի կարճման անհրաժեշտության մասին, երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Աշոտ Սարգսյանը: Ըստ Աշոտ Սարգսյանի, «27»-ի կազմակերպիչներին եւ օժանդակողներին հայտնաբերելու միջոցները սպառված չէին, ինչպես հայտարարում էին դատախազության կոլեգիայի անդամները. «Արդյո՞ք սպառված էին բոլոր միջոցները, ինչպես ասում էին ասուլիսին մասնակցող քննիչները: Ոչ, սպառված չէին, մասնավորապես՝ զենքերը նախօրոք ԱԺ-ում լինելու վարկածը մինչեւ վերջ չի ուսումնասիրվել, Նաիրի Բադալյանի եւ Տիգրան Նազարյանի իրական դերակատարությունը մինչեւ վերջ չի պարզվել, Անժելա Սահակովայի հարցը չի պարզվել: Սա այն անձնավորությունն է, որը անցագրեր էր տվել: Նա հոկտեմբերի 27-ից հետո անհետացել էր եւ առայժմ չի հայտնաբերվել: Կային նաեւ այլ չպարզաբանված կարեւոր հարցեր»: Գործի կարճման մասին որոշումից ուղիղ մեկ շաբաթ առաջ մեր թերթին տրված հարցազրույցում փաստաբանը կարծիք էր հայտնել, որ քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթեւոսյանը ընդհանրապես չի կարդում իր ներկայացրած միջնորդությունները: Երեկ Աշոտ Սարգսյանը կրկնեց իր կարծիքը. «Իմ կողմից ներկայացված միջնորդության մեջ նշված է, որ իրականում ԱԺ-ում ոմն պատգամավորի սենյակից զենքերը վերցվել են եւ միջանցքից դահլիճ հասնելու ճանապարհին դրանք թաքցնելու համար են հարկավոր եղել երկար անձրեւանոցները: Դա միջնորդության մեջ գրված է, ուղղակի քննչական խմբի պետը դա չի կարդացել: Հակառակ դեպքում չէր ասի այն, ինչ ասաց ասուլիսի ժամանակ»: Իսկ Մարսել Մաթեւոսյանը ասուլիսի ժամանակ ոճրագործների երկար անձրեւանոցները բացատրել էր զենքերը «թաքուն» ԱԺ մտցնելու անհրաժեշտությամբ: Պատասխանելով Մարսել Մաթեւոսյանի հաջորդ ակնարկին, թե փաստաբանը միջնորդությունները ներկայացրել է՝ իմանալով, որ դրանք մերժվելու են, Աշոտ Սարգսյանն ասաց, որ ինքը յուրաքանչյուր միջնորդության վրա ամիսներով է աշխատել, եթե իրոք շահարկման մտադրություն ունենար, կարող էր ամեն շաբաթ միջնորդություն ներկայացնել, մանավանդ՝ «այնպիսի բացթողումներ կան: Օրինակ, կարելի էր միջնորդություն ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյայի /խոսքը Սերժ Սարգսյանի մասին է- Մ. Ե./, իբր, հարցաքննության վերաբերյալ»: Անդրադառնալով դատախազության ներկայացուցիչների՝ ասուլիսի ժամանակ ասված այն մտքին, որ անջատված մասով կատարվել է 128 հարցաքննություն, Աշոտ Սարգսյանը թվաբանական գործողությամբ փորձեց ապացուցել, որ դա այնքան էլ մեծ թիվ չէ. «Եթե հաշվենք , որ մասն անջատվել է չորս տարի առաջ, օգոստոսին, ապա ստացվում է 50 ամիս: 50 ամսվա ընթացքում կատարվել է 128 հարցաքննություն, եւ առանց ամաչելու ասում են, որ այսպիսի գործողություն են արել: Բայց այդ թվերով ստացվում է, որ մեկ ամսում կատարվել է ընդամենը մեկուկես հարցաքննություն, այն դեպքում, երբ այդ հարցաքննությունների 90 տոկոսը կատարվել է զինվորական դատախազությունում: Այսինքն՝ դրանից հետո քննչական խումբը ընդհանրապես չի աշխատել»: Արդեն քանի օր շահարկվում է դատախազության ներկայացուցիչների այն միտքը, թե ոչ ոք չարձագանքեց քննչական խմբի կոչին եւ գործին առնչվող ոչ մի նոր բան չասվեց: Փաստաբանը խորհուրդ տվեց. «Եթե մեկ անգամ նման վրիպում թույլ տվել եք, գոնե երկրորդ անգամ մի կրկնեք: «Հոկտեմբերի 27»-ը չի դասվում մասնավոր հանցագործության շարքին, որ հարուցվի բողոքով եւ բողոքի դեպքում շարունակվի քրեական գործը: Սա պետության դեմ կատարված հանցագործություն է, եւ դատախազությունը պարտավոր է ինքը զբաղվել եւ ոչ թե սպասել, թե իրենց ի՞նչ եւ ե՞րբ պետք է ասեն: Իրենց «ասողները» պետք է լինեն հետաքննության մարմինները, ԱԱԾ-ն եւ օպերատիվ քրեական վարչությունը: Թող այս ծառայություններին հանձնարարություն տան, նրանք էլ կատարեն, եւ իրենք էլ թող քննություն անեն: Սա է ձեւը: Եվ ոչ թե տուժողներին ասեն՝ եթե բան չեք ասում, մենք էս գործով չենք զբաղվում»: Աշոտ Սարգսյանը հիշեցրեց, որ իրենց կողմից արված մի շարք միջնորդություններ բոլորովին այլ կերպ են օգտագործվել նախաքննական մարմնի կողմից. «Նաիրի Բադալյանի մասով միջնորդությունից անմիջապես հետո Բադալյանն անհետացավ»: Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչն ասաց, որ իրենց կողմից արված միջնորդությունները նպատակ են ունեցել գործը լիարժեք քննել եւ պարզել, հետեւաբար ամենեւին հասկանալի չէ Մարսել Մաթեւոսյանի՝ ասուլիսում հնչեցրած այն միտքը, թե ի՞նչ կտար այս կամ այն միջնորդությունը: Սրան էլ հակադարձելով՝ փաստաբանն ասաց. «Մենք էլ հենց միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի քննեք, իմանաք, թե ի՞նչ կտար, ոչ թե առանց քննելու քրեական գործը կարճեք՝ ասելով, որ դա ոչ մի բան չէր տա»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել