Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարատեի հոգեբանություն՝ ապագա իրավաբանին

Նոյեմբեր 13,2004 00:00

Այս
տարվա հոկտեմբերի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին ԱՄՆ-ից
վերադարձող կարատեի թիմին, որն իր հետ բերում էր 20 ոսկե մեդալ եւ թիմային առաջին
տեղը «Կարատեի բոլոր աստղերը» միջազգային 40-րդ առաջնությունում: Շատերը կարծում
են, որ Օկինավայից եկած «Կարատե-դո»-ի իսկական նպատակը հակառակորդին ձեռքի կամ ոտքի
մեկ ուժգին հարվածով հաղթելն է: Սակայն նույնիսկ հին վարպետներն ավելի մեծ նշանակություն
էին տալիս ոչ թե հնարքների կատարման տեխնիկային, այլ հոգեւոր կողմին: Այս մարտարվեստով
զբաղվողներն առաջին հերթին սովորում են ունենալ սեփական կարծիք եւ պաշտպանել այն:
Ի դեպ, դա է պատճառը, որ նրանք չեն կարող երբեւիցե դառնալ ծախու սափրագլուխներ: «Երբ
մենք 70-ական թվականներին սկսեցինք ուսումնասիրել «Կարատե-դո»-ն, այն մեզ հետաքրքրում
էր որպես հոգեւոր ինքնակատարելագործման ուղի, այլ ոչ թե ծեծկռտուք»,- իր աշակերտներին
սիրում է պատմել Գրիգոր Միքայելյանը: Նա ստեղծման օրվանից՝ արդեն 16 տարի Հայաստանի
կարատեի ֆեդերացիայի նախագահն է: 30 տարի է, ինչ զբաղվում է կարատեով, ունի 7-րդ
դան՝ «Շոտոկան» ոճից: Նրա սաների մեջ կան նաեւ բացառիկ շնորհալի պատանիներ: Օրինակ,
16-ամյա Գոռ Ստեփանյանը, որը Լոս Անջելեսից բերեց 2 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ: «Մենք
հպարտանում ենք Գոռի հաջողությամբ,- ասաց Գրիգոր Միքայելյանը,- նա իր մեդալներից
մեկը վաստակել է՝ մասնակցելով տարիքային բարձր խմբում: Բայց ամենակարեւորը՝ նա դպրոցը
ավարտել է 2 տարի շուտ եւ հիմա սովորում է Երեւանի բուհերից մեկի իրավաբանական ֆակուլտետի
2-րդ կուրսում»: (Ինքը՝ Գրիգոր Միքայելյանը, ճարտարապետ է, բազմաթիվ նախագծերի հեղինակ,
ներկայումս ոստիկանական ակադեմիայում՝ ամբիոնի պետ): Գոռը միակը չէ, որ դրսեւորում
է փայլուն ընդունակություններ ե՛ւ կարատեում, ե՛ւ իր ընտրած մասնագիտությունում:
Ֆեդերացիայի սաների զգալի մասը, կարատեի պարապմունքներին զուգահեռ, քրտնաջան պարապում
է՝ բուհ ընդունվելու համար: Հետաքրքիր է, որ շատերը շարունակում են ուսումը հատկապես
իրավաբանական եւ տնտեսագիտական ֆակուլտետներում: Իմիջիայլոց,
ամենափոքր չեմպիոնը՝ 10-ամյա Արեգ Միքայելյանը, Գրիգորի որդին է: Ամերիկայում նա
հիացրեց հանդիսատեսին ոչ միայն իր բարձր տեխնիկայով, այլ նաեւ հակառակորդների նկատմամբ
իր հարգալից վերաբերմունքով: Նրա՝ կարատեի ոգուն համապատասխան պահելակերպի մասին
հատուկ նշել է առաջնության հիմնադիր, 10-րդ դան ունեցող Սոկե Տակաուկի Կուբոտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել