Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միամիտ» անգղը՝ լոռեցու կալանավոր

Նոյեմբեր 13,2004 00:00

Վերջերս «Հայաստանի թռչուններ» նախագծի աշխատակիցները պարզել էին, որ Լոռվա մարզում մի գյուղացի իր տան բակում սեւ անգղ է պահում:

Սեւ անգղը արդեն 1.5 տարի է, ինչ այստեղ է բնակվում: Կարմիր գրքում գրանցված թռչնի անվտանգությունն ապահովելու եւ «պատահական» կորստից խուսափելու համար, վերջինիս գտնվելու վայրն ու «տիրակալի» անունը չենք հրապարակում: Խնդիրն այն է, որ այսպիսի թռչունների նկատմամբ որսագողերը մեծ հետաքրքրություն ունեն: Թե ինչու է լոռեցին թռչնին իր տանը պահում, դեռ պարզ չէ, սակայն, հարեւանների հավաստմամբ, շատերն են նրան անգղի դիմաց գումար առաջարկել, բայց նա միշտ մերժել է: Ըստ նախագծի ստացած տեղեկությունների, գիշատիչ թռչունն իր կամքով է գյուղացու բակում հայտնվել, սակայն «միամիտ» լոռեցին շտապել է շղթայել անկոչ հյուրին եւ տան անդամ դարձրել: Փորձագետ Մամիկոն Ղասաբյանի կարծիքով, հնարավոր է, անգղը թունավորված (կրծողների դեմ պայքարը թունաքիմիկատներով է տարվում) կրծողներով սնված կենդանիների լեշ է կերել, ինչը նրա մոտ թուլություն է առաջացրել: Չնայած, ըստ նրա, չի բացառվում, որ անգղը մեկ ուրիշի տնային արգելոցից փախած լինի: Փորձագետի տվյալներով, շատերն են փորձում գիշատիչներին ընտանի դարձնել, սակայն ոչ բոլորին է հաջողվում նրանցով երկար պարծենալ, քանի որ գիշատիչները միայն մսով են սնվում: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ, չկարողանալով նրանց խնամել, փորձում են հանձնել Երեւանի կենդանաբանական այգուն, սակայն հաճախ այգին չի կարողանում հոգալ պահպանման ծախսերը՝ հետեւաբար չի վերցնում: Գիշատիչ թռչունը, նույնիսկ կարճ ժամանակ ապրելով մարդկանց միջավայրում, դառնում է կերի անօգնական մուրացիկ: «Ազատազրկված» գիշատիչը սովորաբար ընդամենը 5-10 մետր թռչելու հնարավորություն է ունենում, հետեւաբար կորցնում է մկանների ճկունությունը, ինքնուրույն կեր հայթայթելու ունակությունը եւ այլն:

Այսպիսով, կապանքների մեջ ապրելուց հետո գիշատիչ թռչունների մեծ մասը չի կարողանում նախկին ապրելակերպին վարժվել: Ըստ «Հայաստանի թռչուններ» նախագծի, այսօր սեւ անգղ թռչնատեսակը անհետացման եզրին է, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում (IUCN): Հարկ է նկատել, որ սեւ անգղը տարեկան մեկ ձու է դնում: Ըստ «Թռչունների պահպանման հայկական կազմակերպության» անցկացրած հետազոտությունների, Հայաստանում ընդամենը 30-35 սեւ անգղ կա, որոնք բնադրում են Խոսրովի անտառներում: 2004թ. տվյալներով՝ սեւ անգղի պոպուլյացիան Հայաստանում ավելացել է 7 ձագով: Մ. Ղասաբյանը նշեց, որ նրանցից 6-ի վրա հաջողվել է տարբերակող թեւանիշեր ամրացրել, մինչդեռ անցյալ տարի հաջողվել էր ընդամենը 3-ի վրա ամրացնել:

Լոռեցու բակում հայտնաբերված սեւ անգղի ճակատագրով մտահոգ մասնագետները խոստացել են անել ամեն ինչ՝ թռչնի կյանքն ավելի բարենպաստ դարձնելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել