Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿՑԻԱ՝ ԻՐԱՆԻ ԴԵՄ

Նոյեմբեր 13,2004 00:00

Ադրբեջանական «Էխո» թերթն իր երեկվա համարում
հրապարակել է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ԱՄՆ ծրագիրը, որը, թերթի
հավաստմամբ, գտնվում է իրենց ձեռքի տակ: Ըստ հրապարակման հեղինակի, «ամերիկյան
փորձագետները մշակել են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ակցիայի սցենարներ,
որոնք իրականացվելու են՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը: Հարձակման նպատակը Իրանի
միջուկային ներուժի ոչնչացումն է եւ այդ երկրում իշխող ռեժիմի տապալումը»: Թերթի
մատուցմամբ, Ջորջ Բուշի վերընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է նշանակել,
որ Իրանի ճակատագիրն արդեն որոշված է: Բոլոր դեպքերում այդպես են կարծում ամերիկյան
շատ փորձագետներ: Ամերիկյան մամուլում ակտիվորեն քննարկվում է Իրանի դեմ ռազմական
գործողություններ սկսելու նպատակահարմարության հարցը: Ինչ վերաբերում է «Էխո»-ի
տրամադրության տակ եղած ծրագրին, ապա դա մի քանի տասնյակ հնարավոր տարբերակներից
միայն մեկն է: Այն մշակվել է Իրանի գծով ամերիկյան կոմիտեի ղեկավարության կողմից,
ուր ներգրավված են ամերիկյան փորձագետներ, այդ թվում՝ ռազմական, հետախույզներ եւ
այլն: Ադրբեջանական ռազմական փորձագետները, որոնք ծանոթացել են այս ծրագրին, կարծիք
են հայտնել, թե առաջարկված տարբերակը, չնայած որոշակի բարդություններին, միանգամայն
իրագործելի եւ ռեալ է: Իրանի դեմ ռազմական գործողությունների ծրագրի մշակմանը, ըստ
ամերիկյան «The Atlantic» պարբերականի, մասնակցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ
Սեմ Գարդները, հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Ռյուել Մարկ Գերեխտը եւ այլք:
Թերթի մատուցմամբ, սույն ծրագիրը, որը պատրաստվել է վերջին 18 ամիսների ընթացքում,
ներկայացվելու է որպես զեկույց, իսկ ռազմական գործողությունները, ըստ ծրագրի հեղինակների,
պետք է իրականացվեն առաջիկա 6 ամիսների ընթացքում: Ամերիկյան փորձագետները պնդում
են, որ ԻԻՀ-ն արագ տեմպերով է զարգացնում իր միջուկային տեխնոլոգիաները, եւ արդեն
2006-ին Թեհրանը միջուկային զենք կունենա: Դրանց ռազմագլխիկները տեղափոխելու միջոցներ
նա արդեն ունի: «Իրանն ունի միջուկային ծրագրեր, որոնց մասին մենք տեղյակ
ենք, բայց կան նաեւ այնպիսիք, որոնց մասին մենք չգիտենք: Ամենայն հավանականությամբ
Իրանն ունի մեկ զինատեսակից ավելի, որոնց ուղղությամբ աշխատանքներն ընթանում են գետնի
տակ՝ մեծ խորությամբ, հնարավոր է նաեւ քաղաքների կենտրոններում»,- ասված է սույն
զեկույցում: Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում, որպես
հնարավոր խոչընդոտ, փորձագետները համարել են Իրանի տրամադրության տակ առկա ռուսական
S-400 տեսակի հակաօդային պաշտպանության կայանքները, որոնց՝ խոցելու հնարավորությունը
շուրջ 400 կմ է: Ամերիկյան փորձագետներն իրենց զեկույցում սա որակել են որպես «Ռազմավարական
անակնկալ»: Զեկույցին կցված է այդ կայանքների գտնվելու վայրը ցույց տվող հատուկ քարտեզ:
Ծրագրում հատուկ ուշադրություն է հրավիրված Թեհրանի ունեցած «Շահաբ-3» հրթիռների
վրա, որոնք, ըստ ամերիկյան փորձագետների, գործողության մեջ կարող են դրվել Իրանի
Կենտրոնում եւ Ադրբեջանի հետ սահմանակից տարածքում: Այդ հրթիռները կարող են թիրախը
ոչնչացնել 1500 կմ հեռավորության վրա: «Էխո» թերթի մատուցմամբ, զեկույցը հագեցած
է նաեւ Իրանի միջուկային օբյեկտների եւ ուրանի մշակման տեղանքը նկարագրող հատուկ
քարտեզներով: ԻԻՀ դեմ հնարավոր ռազմական գործողու թյան համատեքստում ամերիկյան
փորձագետները մատնանշել են ռմբակոծման ենթակա 125 թիրախ: Միաժամանակ քննարկում են
նաեւ Թուրքիայի եւ արաբական մի շարք այլ երկրների տարածքով այդ գործողություններին
Իսրայելի մասնակցության հարցը: Իսկ ընդհանուր առմամբ, Իրանի դեմ ռազմական գործողությունների
շրջանակներում նախատեսվում են 30 տարբեր ակցիաներ, որոնցում ամենագլխավորն այն է
համարվում, որ չկա Իրանի օկուպացիայի, ուստի եւ՝ այդ երկրում իրավիճակի կայունացման
ծրագիր: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն մտադիր է օգնել՝ ամրապնդելու Իրանի հետ սահմանակից եւ
ԱՄՆ-ին դաշնակից երկրների սահմանները: Այս շրջանակներում մի քանի կետերում՝ Բաքու,
Թբիլիսի, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Իրաք եւ այլն, կտեղադրվեն THAAD հատուկ կայանքներ,
որոնք ընդունակ են արձանագրել միանգամից մեծ քանակությամբ արձակված հրթիռներն ու
ոչնչացնել դրանք արձակելուց անմիջապես հետո: Նախնական տվյալներով՝ միայն «Ռազմավարական
անակնկալ» գործողությունների շրջանակներում ԱՄՆ պետբյուջեից նախատեսվում է ծախսել
700 մլն դոլար: Նկատի ունենալով, որ պատերազմի ընթացքում 15 դոլարով կաճեն նաեւ նավթի
գները, նաեւ՝ նավթամուղների պայթեցումների հնարավորությունը Իրանում եւ Պարսկական
ծոցում, ԱՄՆ-ն նախատեսում է հատուկ միջոցառումներ իրականացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան
նավթամուղի արագ շահագործման եւ դրա, նաեւ՝ արդեն գործող Բաքու-Սուփսա եւ Բաքու-Նովորոսիյսկ
նավթամուղների անվտանգությունն ապահովելու համար: Պատրաստեց
Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել