Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բագապշը գրոհեց

Նոյեմբեր 13,2004 00:00

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում հաղթանակած, բայց այդպես
էլ պետական պատկան մարմինների կողմից լիարժեքորեն չճանաչված նախագահի թեկնածու Սերգեյ
Բագապշի հազարավոր կողմնակիցներ երեկ գրոհել են չճանաչված հանրապետության խորհրդարանի,
կառավարության եւ նախագահի վարչական շենքերը: Newsru.com-ի տվյալներով, մոտ
5 հազար մարդ, ճեղքելով պարտված թեկնածու Խադջիմբայի կողմնակիցների շարքերը, այդ
շենքերը լիովին վերցրել են իրենց հսկողության տակ: Պահպանության ծառայության մարտիկները,
դեպի օդ կրակահերթեր արձակելով, փորձել են կասեցնել ամբոխի գրոհը, բայց՝ ապարդյուն:
Քիչ անց նրանք հեռացել են գրավված շենքերի տարածքից: «Կատարվածը կարելի է գնահատել
ոչ այլ կերպ, քան զանգվածային անկարգություններ», հայտարարել է Աբխազիայի վարչապետ
Նոդար Խաշբան, որը եւս թիկնազորի հետ լքել է կառավարության շենքն ու հեռացել անհայտ
ուղղությամբ: Մինչ այդ վերջինս հայտարարել էր նաեւ, թե կրակելու հրաման չի տվել՝
արյունահեղությունից խուսափելու համար: Ըստ Աբխազիայից ստացվող այլ լրահոսի,
Բագապշի կողմնակիցներն իրենց գրաված շենքերի ջարդված պատուհաններից կախել են հանրապետության
դրոշները եւ ցնծության աղաղակներով հայտարարում են վաստակած հաղթանակի մասին: Ցուցարարների
մի հոծ խումբ ներխուժել է վարչապետի առանձնասենյակ եւ իրենց հաղթանակն ամրագրել զանգվածային
«շամպայնախմությամբ»: Դեռեւս նախագահի լիազորությունները վայր չդրած Վլադիսլավ
Արձինբային ենթակա զինված պահակախմբի բոլոր անդամները նստել են ավտոբուս եւ հեռացել
կառավարական համալիրից: Հաղորդումներ են ստացվում նաեւ այն մասին, որ վարչական շենքերում
ու դրանց հարող տարածքներում ճարճատում են ավտոմատային կրակահերթեր, լսվում են մարդկային
ճիչեր: Ըստ որոշ տեղեկությունների, կան մի քանի թեթեւ վիրավորներ: Այսպիսով
պարզ է դառնում, որ Մոսկվան, Սուխումի նկատմամբ ազդեցության ահռելի լծակների տիրապետելով
հանդերձ, այնուամենայնիվ ի վիճակի չեղավ իր նախընտրած սցենարով ու թեկնածուի պարտադրմամբ
կարգավորել իրադրությունն այնպիսի մի հատվածում, որը տարածաշրջանում ընթացող պրոցեսներով
շահագրգիռ ուժերի քաղաքական գիտակցության մեջ ընկալվում է ոչ այլ կերպ, քան Կրեմլի
«արտահաստիքային» ոտնատեղ: Հասկանալի է, որ եթե դեպքերը շարունակեն զարգանալ Բագապշի
կողմնակիցների համար բարենպաստ ընթացքով (վերջինս արդեն խոստացել է դեկտեմբերի 7-ին
հանդիսավորապես երդում տալ եւ պաշտոնապես ստանձնել նախագահի լիազորությունները),
ապա Մոսկվայի ազդեցությունն Աբխազիայում նկատելիորեն կթուլանա, ինչից անպայմանորեն
կփորձեն օգուտներ քաղել Թբիլիսիում: Իհարկե, Սերգեյ Բագապշին, անգամ մեծ ցանկության
դեպքում, չի կարելի վրացամետ գործիչ համարել: Քարոզարշավի սկզբում նա նույնքան ջերմորեն
էր հայացքը հառել դեպի Մոսկվա, որքան իր մրցակից՝ Պուտինի դրածո Խադջիմբան: Բայց
հանգամանքը, որ նա իշխանության եկավ առանց Մոսկվայի աջակցության եւ նույնիսկ՝ ի հեճուկս
դրա, վերջինիս Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ մանեւրելու լայն հնարավորություններ է
ընձեռում եթե, իհարկե, առաջիկա օրերին նոր «չեպե»-ներ տեղի չունենան, ինչը միանգամայն
սպասելի է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. Գ. Երեկ
ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Աբխազիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում բավական կոշտ գնահատականներ
է տվել Բագապշի կողմնակիցների գործողություններին։ Դրանում նաեւ մասնավորապես նշվում
է, թե իրադրության հետագա ապակայունացման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել
իր շահերը այդ տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել