Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՎՈՐ

Նոյեմբեր 12,2004 00:00

ԹՈՒՆԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ԳԱՌՆԻՈՒՄ Կաշվի մշակման արտադրությունը չի համապատասխանում ոչ մի նորմի «Երբ գյուղ հասանք՝ տեսանք, որ կեղտաջրերը հոսում էին գյուղի փողոցներով. անտանելի գարշահոտություն էր»,- պատմում է Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության բաժնի պետ Դերենիկ Մխիթարյանը եւ ավելացնում. «Քիչ է ասել, թե հակասանիտարական վիճակ էր տիրում»: Գարշահոտություն «բուրողը» հեթանոսական արվեստի իր չորսհազարամյա պատմությամբ հայտնի Գառնին է: Պատճառն այն է, որ կաշվի մշակման թունաքիմիկատներից առաջացած կեղտաջրերը, գյուղի կոյուղու խցանման պատճառով, արտահոսում են բանուկ փողոցներ: Չի բացառվում, որ խցանման ընթացքում խիստ թունավոր նյութերը կեղտաջրերի միջոցով խառնվում են խմելու ջրագծին: Ի դեպ, գյուղի կոյուղին թափվում է տեղացիների եւ զբոսաշրջիկների սիրելի Գառնիի ձորը: «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի» նախագահ Սրբուհի Հարությունյանը նշեց, որ կաշվի վերամշակման ընթացքում օգտագործվում են վտանգավոր նյութեր. «Օգտագործվում են վեցվալենտանոց քրոմի միացություններ, թթուներ: Վեցվալենտանոց քրոմով աշխատելիս արտադրությունում պարտադիր պետք է լինի տեղային նախնական մաքրման կայան՝ համապատասխան սարքավորումներով: Այդպիսի կայանում պետք է «որսվեն» վտանգավոր թունավոր նյութերը, ապա «ուտիլացվեն»: Եթե ուտիլացված նյութերն իրենց քիմիական բաղադրությամբ վտանգավոր են շրջակա միջավայրի համար, ապա դրանք վերամշակման պետք է ենթարկվեն, որից հետո տեղափոխվեն այլ վայր (թույլտվությունը տրվում է բնապահպանության, սանիտարական ծառայությունների կողմից)»: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանի պարզաբանմամբ. «Գառնիում գործող արտադրամասի մասին ընդհանրապես տեղյակ չենք, չենք լսել, գրավոր ահազանգ էլ չենք ստացել»: Հավանաբար, արտադրության կազմակերպիչները հաջողությամբ խուսանավել են «ամեն ինչ բարդացնող» պետական մարմինների վերահսկողությունից: Մենք պարզեցինք, որ արտադրամասը հիմնել է «Սազովար» ՍՊԸ-ն՝ 1990-ականների սկզբին: Ընկերության տերերն են Սամվել Հարությունյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Զորիկ Գրիգորյանը: «Սազովարը» ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունից ստացել է գյուղի խմելու ջրամատակարարման ցանցից ջուր օգտագործելու, ինչպես նաեւ կոյուղու կոլեկտոր կեղտաջրերի թափվելու թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տեղեկանք: Բնապահպանության նախարարության Աբովյանի տեսչությունը միայն եկող տարվա վերջին է նախատեսում այս ընկերությունում ստուգումներ իրականացնել: Իսկ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության Աբովյանի տեղային կառույցի ղեկավարը նույնիսկ տեղյակ էլ չէ, թե արդյոք արտադրամասը գործելու թույլտվություն ունի՞, թե՞ ոչ: Փաստորեն, «Սազովար» ՍՊԸ-ի կաշվի վերամշակման արտադրությունը չի համապատասխանում ոչ մի նորմի: Պարզվել է՝ տարիներ առաջ Կոտայքի մարզպետարանի բնապահպանության բաժնի կողմից Գառնի գյուղում գործող կաշվի վերամշակման արտադրությունում ստուգում անցկացվել է: Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրությունը չի համապատասխանում սանիտարական, բնապահպանական նորմերին եւ պահանջներին, չկան մաքրման սարքավորումներ, արտահոսքերը թափվում են մաղի վերածված կոյուղի, այնտեղից էլ՝ Գառնիի ձորը: Այս ստուգումից հետո մի քանի օր արտադրամասերը չեն գործել, իսկ սեփականատերերը ստուգողներին խոստացել են սեպտիկ հորեր փորել՝ կեղտաջրերը մաքրելու համար: Մեզ այդպես էլ ցույց չտվեցին այդ հորերը, չնայած հավաստիացնում էին, որ դրանք կան: Կոտայքի մարզպետարանի պատասխանատուները ՀՀ ազգային անվտանգության ծառայության ահազանգով են գնացել ստուգելու գյուղի կաշվի վերամշակման արտադրամասի գործունեությունը: Մեր այցելության պահին արտադրամասը լքյալ տարածքի տպավորություն էր թողնում. գետնի վրա մորթիների կույտ էր, ինչ-որ հին սարքավորումներ: Մեր հարցերին ի պատասխան՝ ընկերության հաշվապահ Ատոմ Մարտիրոսյանը նշեց, որ «բնակիչները երբեմն բողոքում են հոտից», եւ ավելացրեց, որ խցանված կոյուղին իրենք են մաքրում: Հաշվապահը հավաստեց, որ որոշ փաստաթղթեր ունեն, սակայն ցույց չտվեց՝ «Տնօրենի մոտ են: Նա էլ այստեղ չէ» պատճառաբանությամբ: ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆՆյութն ամբողջությամբ՝www.hetq.am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել