Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ

Նոյեմբեր 12,2004 00:00

ԱՅՍՏԵՂ ԾԽԵԼԸ ՎԵՐՋԱՑԱ՛Վ Մի ժամանակ նման զգուշացում էր փակցված ԱԻՄ-ի պատին: Այս զգուշացումը վերհիշեցինք՝ ընթերցելով ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի հեղինակած «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրինագիծը, որը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: Մանրամասնենք, որ ըստ այս նախաձեռնության՝ նախատեսվում է չնշել ծխախոտային արտադրատեսակների անվանումները սպորտային սարքավորումների, խաղերի կամ նման այլ առարկաների վրա, որոնք նախատեսված են մինչեւ 18 տարեկանների գործածության համար: Ըստ օրինագծի՝ պիտի արգելվի ծխախոտային արտադրատեսակների անվանումը կամ ապրանքային նշանը պարունակող ապրանքների տարածումը, վաճառքը կամ որպես մրցանակ առաջարկելը: Արգելվելու է ծխախոտ վաճառել 18 տարին չլրացած անձանց, նաեւ՝ «առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, սպորտային դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում եւ առողջարաններում»: Օրինագծում բազմաթիվ են ծխախոտի օգտագործման նախատեսված սահմանափակումները: Մասնավորապես՝ արգելվում է ծխելը կրթական, առողջապահական ու մշակութային հաստատություններում, մարզական-սպորտային տարածքներում եւ մինչեւ 18 տարեկանների համար նախատեսված հանգստի ու ժամանցի վայրերում: Արգելվելու է ծխելը քաղաքային տրանսպորտում, նաեւ` բոլոր հիմնարկների տարածքներում, բացառությամբ՝ դրա համար նախատեսված վայրերի: Սակայն կազմակերպությունների ղեկավարները նաեւ պարտավոր են միջոցառումներ ձեռնարկել աշխատանքային տարածքներում ծխելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որ ծխողները չխանգարեն չծխողներին: Ծխելու համար առանձնացված տարածքներ կարող են լինել նաեւ ռեստորաններում կամ սրճարաններում: Օրինագծի հիմնավորման մեջ Հրանուշ Հակոբյանը նշել է, թե այս ամենի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում գնալով ավելանում է ծխողների թիվը: Եվ որպես դրա հետեւանք՝ ավելացել է սրտանոթային, թոքային, շնչառական հիվանդությամբ տառապողների թիվը։ Նաեւ արձանագրված է, թե այս նախաձեռնությունը համահունչ է Միջազգային առողջապահական կազմակերպության կողմից ընդունած Հակածխախոտային կոնվենցիայի սկզբունքներին։ Նշենք նաեւ, որ սահմանվելու են վարչական տույժեր՝ վաճառքի սահմանափակումները խախտելու եւ ծխախոտի գովազդի համար: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել