Հերոսության մեխանիկան Յասեր Արաֆաթին, բնականաբար, հիմա կհերոսացնեն, թեեւ նրան հերոսացնելու, ազատության աննկուն մարտիկի նրա կերպարի կերտման աշխատանքները վաղուց էին տարվում: Պարզապես հիմա, երբ պաշտոնապես արձանագրվեց միջազգային քաղաքականության մեջ երբեւէ դերակատարում ունեցած թերեւս ամենակոնյունկտուրային սուբյեկտի մահվան փաստը, նրա հերոսացմանը նպատակամղված համաշխարհային շոուն կթեւակոխի վերջին փուլը: Այդպես պետք է նախ եւ առաջ հենց պաղեստինյան ինքնավարության իշխանական էլիտային, քանզի Արաֆաթի կերպարի հերոսականությունը խիստ որակյալ ու առավել քան պահանջված օփիում է՝ շարքային պաղեստինցիների ամենաստորին, այդ թվում՝ «ազգային-ազատագրական սուրբ պայքարին» ու իբրեւ դրա անմիջական արդյունք՝ «Ալլահի արքայությանը» մերձենալուն առնչվող բնազդները վառ պահելու համար: Իսկ այդ բնազդների ֆոնին ՊԱԿ-ի ղեկավարությանը սպասվող աշխատանքները քիչ չեն. հարկ է նախ եւ առաջ մեջ-մեջ անել իշխանությունը: Ապա եւ՝ ազատագրության կարգախոսի տակ Արաֆաթի դիզած ու այդպես էլ դույզն-ինչ ազատագրմանը չծառայեցրած միլիարդավոր (Կատարի «Ալ Ջազիրա» TV-ի տվյալներով՝ մինչեւ 6,5 մլրդ) դոլարները: Իսկ դրանից հետո հակամարտության կարգավորումը ցանկացած պահի հազար ու մի պատրվակով տապալելն ու գրոշներով մանկահասակ անձնասպան-շահիդների պատրաստման եղկելի գործը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Կարեւորը, որ այդ գործողությունների «հոդվածով» շարունակվեն արաբական շեյխերի նվիրաբերած «գրանտները»: Արաֆաթի հերոսացումը պետք է նաեւ նույն ԱՄՆ-ին, որը քանիցս փոփոխակի հաջողություններով հանդես է եկել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու միջնորդությամբ, եւ հիմա (ու երբեւէ ) ոչ մի պարագայում չի համաձայնի այդ նախաձեռնությունն իր ձեռքից բաց թողնելու որեւէ հեռանկարի հետ: Իսկ ինչպե՞ս միջնորդես, եթե մինչ այդ, Արաֆաթի գովերգմամբ, չվաստակես պաղեստինյան կողմի վստահությունը: Նույնը կարելի է ասել նաեւ Եվրոպայի մասին: Թերեւս հարկ չկա կանխատեսելու, թե ինչ ուժգնությամբ եւ քաղաքական պաթոսի ինչ մեծ դոզայով է ԽՍՀՄ-ի, ապա եւ՝ նրա իրավահաջորդ Ռուսաստանի երբեմնի ջերմ բարեկամ Արաֆաթին հերոսացնելու Մոսկվան: Պատճառները հանրահայտ են. նշենք միայն մեկը: Միջին ու Մերձավոր Արեւելյան տարածաշրջաններում ՌԴ-ի բռնած ոչ մի մութ գործ երբեւէ գլուխ չի եկել առանց Արաֆաթի, Սադամի եւ այդ կարգի այլ քաղաքական մուտանտների աջակցության: Իսկ ինչպե՞ս կվերաբերվենք Արաֆաթի վախճանին մենք՝ հայերս: Թերեւս, Ռ. Քոչարյանից բացի, որն արդեն իսկ հասցրել է ի պաշտոնե ցավակցել պաղեստինցիներին, դժվար թե եղածը որեւէ մեկին լրջորեն հուզի: Այստեղ արդեն վարժվել են այն իրողությանը, որ հայրենասիրություն ու հերոսականություն կոչվածները վաղուց ընդամենը կեղտոտ բիզնեսի տեսակներ են: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ