Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ

Նոյեմբեր 12,2004 00:00

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ՍՏՎԵՐ ԳՑՈՂ Այսպես է դատախազության բացահայտումները Կենտրոնի դատավորների վճիռների վերաբերյալ գնահատում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: – Արշակ Սադոյանը հայտարարեց, թե քանի որ Հայաստանում չկա վկաների պաշտպանության համակարգ եւ չի ցանկանում վտանգել 7 մլն դոլար կաշառքի վերաբերյալ իրեն տեղեկություններ փոխանցած անձանց անվտանգությունը՝ ուստի հեռուստաընկերություններին չի փոխանցի իր պնդումները հաստատող տեսաերիզները: Այս մտահոգությունները չե՞ք համարում հիմնավոր: – Կարծում եմ՝ անհեթեթ պնդումներ են: Եթե նման հիմնավորումներն ընդունենք որպես հիմք, նշանակում է՝ ցանկացա՛ծ քրեական գործով ցանկացա՛ծ վկա կարող է ասել՝ կներեք, չկա վկաների պաշտպանության ինստիտուտ, այնպես որ՝ վկայություն չեմ տա: Չեմ ցանկանում որեւէ բան պնդել կամ բացառել՝ ընդամենը պահանջել եմ, որ ներկայացնի ապացույցներ: Ի դեպ, եթե մարդու ձեռքին լինում են փաստեր, եւ նա մտահոգ է իր ճակատագրով, առաջինը, ինչը ժանրի բոլոր կանոններով նա պետք է անի, հանրությանն այդ տեղեկատվությունը ներկայացնելն է: – Այդ կոչը Ձեզ վերահասցեագրելով՝ պիտի խնդրեմ, որ հրապարակեք, թե ի՞նչ տեղեկատվություն էր հիմք տվել Ձեզ՝ պնդելու, թե լսել եք մեղադրանքներ, որ դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը գործածում է օրենքով չնախատեսված ձեւեր: – Ես փաստեր չունեմ: Ես միայն լսել եմ նման դեպքերի մասին: Եթե ունենայի փաստեր՝ անպայման կներկայացնեի: – Արդյոք Ձեր այդ հայտարարության կամ արդարադատության նախարարության ու դատախազության միջեւ որոշակի լարվածության անուղղակի հետեւա՞նքը չէին մասնավորապես՝ Կենտրոն համայնքի 3 դատավորների ապօրինի վճիռների մասին դատախազության բացահայտումները: – Իմ տեսանկյունից՝ դատախազության այդ հրապարակումն անընդունելի է: Նման հայտարարությունը սկզբունքորեն ստվեր է գցում, կարծում եմ, ե՛ւ դատախազության, ե՛ւ դատարանների աշխատանքի վրա: Քանի որ շատ բնական գործառույթ է, երբ դատարանի վճիռը կարող է բեկանվել վճռաբեկ դատարանում: Եթե դա բնական չլիներ, ապա քաղդատօրենսգիրքը չէր նախատեսի եռաստիճան դատական համակարգ: Բայց դա բացարձակապե՛ս չի նշանակում, թե ցանկացած վճիռ, որը բեկանվում է վճռաբեկ դատարանում, պետք է անվանվի ապօրինի եւ պիտակավորվի: – Այնուամենայնիվ՝ դատախազությունը ներկայացրել է կոնկրետ փաստեր եւ հիմնավորել, որ այդ վճիռների հետեւանքով ֆինանսական զգալի վնաս է հասցվել պետությանը: Սա Ձեզ տեղիք չի՞ տալիս մտահոգության: – Կարծում եմ՝ նման պնդումն այս պահին դեռեւս որեւէ հիմք չունի: Վճռի ինքնին բեկանումը դեռեւս չի նշանակում, թե այն էությամբ ու բովանդակությամբ փոխվելու է, ենթադրենք, 180 աստիճանով: Ամենեւի՛ն: Երբ բեկանելուց հետո դատարանները կկայացնեն վճիռ, որը կմտնի օրինական ուժի մեջ, ու այդ երկու վճիռների համեմատությունը ցույց կտա, թե առաջինի կայացման հետեւանքով պատճառվել է վնաս՝ տեղ կունենանք մտահոգվելու: Այս պահին դեռեւս չունենք: – Դուք բացասաբար արձագանքեցիք դատարաններով զբաղվելու դատախազության նախաձեռնությանը: Մեր ունեցած տեղեկություններով, Դուք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին եք արգելել դիտարկում իրականացնել դատարաններում՝ պատճառաբանելով, թե այն չի բխում օրենքով սահմանված իր գործառույթներից: – Դատական իշխանության անկախության սկզբունքները Հայաստա՛նը չի հորինել՝ դրանք արձանագրված են միջազգային փաստաթղթերով: Եվ այդ սկզբունքների մեջ նաեւ ամրագրված են դրույթներ, թե դատավորը պարտավո՛ր չէ բացատրություններ տալ, այդ թվում նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանին, այն գործի շուրջ, որը գտնվում է իր վարույթի ներքո: Այս առումով, այո՛, համարում եմ, թե Մարդու իրավունքների պաշտպանը չպիտի միջամտի դատական գործընթացներին: Սակայն դա բացարձակապե՛ս չի նշանակում, թե Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է ընդհանուր առմամբ դիտարկի դատական գործընթացները: Հակառակը՝ ես ողջունում եմ նման մոտեցումները. նա կարող է դիտարկել, ներկայացնել իր առաջարկությունները եւ մտահոգությունները, բացահայտել քաղաքացիների իրավունքների խախտումները, ահազանգել դրանց մասին: Այդ հիմնավորումների հետեւանքով կարող են լինել տարբեր գործընթացներ՝ սկսած տվյալ սուբյեկտի բողոքից, վերջացրած օրենսդրական փոփոխություններով, որոնք առավելագույնս կպաշտպանեն մարդու իրավունքները: – Այսուհանդերձ, Հայաստանի դատական համակարգից դժգոհությունները շատ-շատ են. այն համարվում է ամենակոռումպացվածներից մեկը: Եվ եթե դատախազության ու Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունները դատական գործընթացներին անընդունելի եք համարում, ուրեմն ի՞նչ այլ ուղիներ եք տեսնում համակարգի թերությունները շտկելու համար: – Ես քաջ գիտակցում եմ դատական համակարգի թերությունները եւ ձեռնարկում քայլեր, որոնք ուղղված են այդ թերությունների վերացմանը: Դրանք պետք է լինեն համակարգային քայլեր, որոնք ընդգրկում են թե՛ օրենսդրական փոփոխությունները, թե՛ տեխնիկական եւ ենթակառուցվածքային նորամուծությունները, թե՛ կազմակերպական հարցերը: Յուրաքանչյուրի վերաբերյալ կարող եմ բերել կոնկրետ օրինակներ: Դատավարության գործընթացում կողմերի առավել պատշաճ ներկայացման մեխանիզմների ամրագրումն ենք այժմ մշակում օրենսգրքում: Տեխնիկական փոփոխությունների մասին խոսվել է՝ դատարաններում մտադիր ենք տեղադրել ձայնագրող սարքավորումներ: Իսկ կազմակերպական խնդիրների շուրջ եւս ձեռնարկվում են քայլեր, որոնցով փորձում ենք սահմանել գործերի բաշխման այլ մեխանիզմներ, որ որոշակի քայլ է դատավորի եւ կողմերից մեկի հնարավոր կապի դեմ: Մենք սահմանում ենք նաեւ վարքագծի կանոններ, որոնցով փորձում ենք շատ լուրջ եւ հետապնդելի արարք դիտել դատավորի առանձին հանդիպումը կողմերից որեւէ մեկի հետ: Այնպես որ՝ սա բավական լայնածավալ ծրագիր է: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼ ՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել