Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անխոնջ կաշառատուները

Նոյեմբեր 12,2004 00:00

Երեկ
Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց դատավոր
Համլետ Մաթեւոսյանի եւ զինվորական դատախազության Գուգարքի կայազորի դատախազի օգնական
Գառնիկ Չախմախչյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարան
էր ներկայացել Նոյեմբերյանի Կողբ գյուղի բնակիչ, նախկին ուսուցիչ Աշոտ Սիմոնյանը:
Վերջինս ցուցմունք տվեց, որ գործով վկա Համլետ Ղարախանյանից տեղեկություն է ստացել
իրենց գործով (զենք-զինամթերքի գողություն) «ես ու Համլետը միասին մոտենանք դատավոր
Մաթեւոսյանին, առանց միջնորդի»: Նա նկարագրեց, որ օգոստոսի 18-ին երկուսով գնացել
են Դիլիջանի առաջին ատյանի դատարան, դատավորի հետ հանդիպել առանձին-առանձին: Վկան
պատմեց, թե ինչպես է ինքը սակարկել դատավորի հետ՝ 500 ԱՄՆ դոլար տալու-չտալու շուրջ.
«Ես առարկեցի, որ գումարի չափը մեծ է, Մաթեւոսյանը մնաց անդրդվելի»: Օգոստոսի 26-ին
400 ԱՄՆ դոլարով մտնում է դատավորի մոտ, հանձնում նրան: Վկան նաեւ ասաց, որ
սեպտեմբերի 7-ին դատարանում տեսնում է, թե ինչպես Համլետ Ղարախանյանը մտել-դուրս
է եկել դատավորի սենյակ եւ այնտեղ լսվել է դատախազի օգնական Չախմախչյանի ձայնը՝ «այ
տղա, ի՞նչ է»: Դատարանի շենքից դուրս գալիս նա նկատում է 10-12 «անհայտ» մարդկանց,
որոնք ներս են խուժել շենք: Հետագայում իմանում է, որ ազգային անվտանգության
աշխատակիցներ են: Նախորդ վկան՝ Համլետ Ղարախանյանը, դատարանին հայտնեց, որ սկզբում
տվել է ԱԱ մարմիններին հայտարարություն, ապա կաշառք՝ դատավորին: Այս վկան էլ հայտարարեց,
որ տվել է կաշառքը դատավորին, ապա կամավոր հայտարարություն՝ ազգային անվտանգության
մարմնին: Սակայն չպատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ նա կամավոր հայտարարությունը
տվել է ոչ թե օգոստոսի 26-ին, այլ սեպտեմբերի 7-ին: Վկան նաեւ հայտնեց, որ դատավորը
հաշվել էր 4 հատ 100 դոլարանոցը եւ դրել սպիտակ վերնաշապիկի գրպանը: Թեեւ դատարանում
ռեպլիկ հնչեց, որ դատավորն այդ օրը եղել է մուգ կապույտ վերնաշապիկով: Այս վկան էլ
այնքան խճճվեց գումարի մեջ, որ պարզ չէր՝ 400 դոլա՞ր է տվել, «որո՞շ գումար», «մոտավորապես
7 հարյո՞ւր»: Նախկին դատավոր Համլետ Մաթեւոսյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը
ռեպլիկի կարգով նկատեց, որ մեղադրող Ավագ Ավագյանը մեղադրանքից հրաժարվելու մասին
հայտարարությամբ պիտի հանդես գա: Մեղադրող Ա. Ավագյանը բնականաբար այդ քայլին չգնաց:
Դատարան չէր ներկայացել հաջորդ վկան՝ Արթուր Ղարախանյանը, որը եղբոր միջոցով տեղեկացրել
էր դատարանին, թե «գործուղման մեջ է»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել