Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ԳԱՌՆԻՈՒՄ

Նոյեմբեր 12,2004 00:00

Կաշվի
մշակման արտադրությունը չի համապատասխանում ոչ մի նորմի «Երբ գյուղ հասանք՝
տեսանք, որ կեղտաջրերը հոսում էին գյուղի փողոցներով. անտանելի գարշահոտություն էր»,-
պատմում է Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության բաժնի պետ Դերենիկ
Մխիթարյանը եւ ավելացնում. «Քիչ է ասել, թե հակասանիտարական վիճակ էր տիրում»: Գարշահոտություն
«բուրողը» հեթանոսական արվեստի իր չորսհազարամյա պատմությամբ հայտնի Գառնին է: Պատճառն
այն է, որ կաշվի մշակման թունաքիմիկատներից առաջացած կեղտաջրերը, գյուղի կոյուղու
խցանման պատճառով, արտահոսում են բանուկ փողոցներ: Չի բացառվում, որ խցանման ընթացքում
խիստ թունավոր նյութերը կեղտաջրերի միջոցով խառնվում են խմելու ջրագծին: Ի դեպ, գյուղի
կոյուղին թափվում է տեղացիների եւ զբոսաշրջիկների սիրելի Գառնիի ձորը: «Սոցիալ-էկոլոգիական
ասոցիացիայի» նախագահ Սրբուհի Հարությունյանը նշեց, որ կաշվի վերամշակման ընթացքում
օգտագործվում են վտանգավոր նյութեր. «Օգտագործվում են վեցվալենտանոց քրոմի միացություններ,
թթուներ: Վեցվալենտանոց քրոմով աշխատելիս արտադրությունում պարտադիր պետք է լինի
տեղային նախնական մաքրման կայան՝ համապատասխան սարքավորումներով: Այդպիսի կայանում
պետք է «որսվեն» վտանգավոր թունավոր նյութերը, ապա «ուտիլացվեն»: Եթե ուտիլացված
նյութերն իրենց քիմիական բաղադրությամբ վտանգավոր են շրջակա միջավայրի համար, ապա
դրանք վերամշակման պետք է ենթարկվեն, որից հետո տեղափոխվեն այլ վայր (թույլտվությունը
տրվում է բնապահպանության, սանիտարական ծառայությունների կողմից)»: ՀՀ առողջապահության
նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա
Բասիլիսյանի պարզաբանմամբ. «Գառնիում գործող արտադրամասի մասին ընդհանրապես տեղյակ
չենք, չենք լսել, գրավոր ահազանգ էլ չենք ստացել»: Հավանաբար, արտադրության կազմակերպիչները
հաջողությամբ խուսանավել են «ամեն ինչ բարդացնող» պետական մարմինների վերահսկողությունից:
Մենք պարզեցինք, որ արտադրամասը հիմնել է «Սազովար» ՍՊԸ-ն՝ 1990-ականների
սկզբին: Ընկերության տերերն են Սամվել Հարությունյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Զորիկ
Գրիգորյանը: «Սազովարը» ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման
գործակալությունից ստացել է գյուղի խմելու ջրամատակարարման ցանցից ջուր օգտագործելու,
ինչպես նաեւ կոյուղու կոլեկտոր կեղտաջրերի թափվելու թույլատրելի սահմանային արտահոսքի
մասին տեղեկանք: Բնապահպանության նախարարության Աբովյանի տեսչությունը միայն եկող
տարվա վերջին է նախատեսում այս ընկերությունում ստուգումներ իրականացնել: Իսկ ՀՀ
առողջապահության նախարարության պետական հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության Աբովյանի
տեղային կառույցի ղեկավարը նույնիսկ տեղյակ էլ չէ, թե արդյոք արտադրամասը գործելու
թույլտվություն ունի՞, թե՞ ոչ: Փաստորեն, «Սազովար» ՍՊԸ-ի կաշվի վերամշակման
արտադրությունը չի համապատասխանում ոչ մի նորմի: Պարզվել է՝ տարիներ առաջ Կոտայքի
մարզպետարանի բնապահպանության բաժնի կողմից Գառնի գյուղում գործող կաշվի վերամշակման
արտադրությունում ստուգում անցկացվել է: Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրությունը
չի համապատասխանում սանիտարական, բնապահպանական նորմերին եւ պահանջներին, չկան մաքրման
սարքավորումներ, արտահոսքերը թափվում են մաղի վերածված կոյուղի, այնտեղից էլ՝ Գառնիի
ձորը: Այս ստուգումից հետո մի քանի օր արտադրամասերը չեն գործել, իսկ սեփականատերերը
ստուգողներին խոստացել են սեպտիկ հորեր փորել՝ կեղտաջրերը մաքրելու համար: Մեզ այդպես
էլ ցույց չտվեցին այդ հորերը, չնայած հավաստիացնում էին, որ դրանք կան: Կոտայքի
մարզպետարանի պատասխանատուները ՀՀ ազգային անվտանգության ծառայության ահազանգով են
գնացել ստուգելու գյուղի կաշվի վերամշակման արտադրամասի գործունեությունը: Մեր այցելության
պահին արտադրամասը լքյալ տարածքի տպավորություն էր թողնում. գետնի վրա մորթիների
կույտ էր, ինչ-որ հին սարքավորումներ: Մեր հարցերին ի պատասխան՝ ընկերության հաշվապահ
Ատոմ Մարտիրոսյանը նշեց, որ «բնակիչները երբեմն բողոքում են հոտից», եւ ավելացրեց,
որ խցանված կոյուղին իրենք են մաքրում: Հաշվապահը հավաստեց, որ որոշ փաստաթղթեր ունեն,
սակայն ցույց չտվեց՝ «Տնօրենի մոտ են: Նա էլ այստեղ չէ» պատճառաբանությամբ: ՄԱՐԻԱՄ
ՍՏԵՓԱՆՅԱՆՆյութն ամբողջությամբ՝www.hetq.am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել