Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ԾԽԵԼԸ ՎԵՐՋԱՑԱ՛Վ

Նոյեմբեր 12,2004 00:00

ԱՅՍՏԵՂ
ԾԽԵԼԸ ՎԵՐՋԱՑԱ՛Վ Մի ժամանակ նման զգուշացում էր փակցված ԱԻՄ-ի
պատին: Այս զգուշացումը վերհիշեցինք՝ ընթերցելով ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի
հեղինակած «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրինագիծը,
որը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: Մանրամասնենք, որ ըստ այս նախաձեռնության՝
նախատեսվում է չնշել ծխախոտային արտադրատեսակների անվանումները սպորտային սարքավորումների,
խաղերի կամ նման այլ առարկաների վրա, որոնք նախատեսված են մինչեւ 18 տարեկանների
գործածության համար: Ըստ օրինագծի՝ պիտի արգելվի ծխախոտային արտադրատեսակների անվանումը
կամ ապրանքային նշանը պարունակող ապրանքների տարածումը, վաճառքը կամ որպես մրցանակ
առաջարկելը: Արգելվելու է ծխախոտ վաճառել 18 տարին չլրացած անձանց, նաեւ՝ «առողջապահական,
կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, սպորտային դահլիճներում,
համալիրներում, մարզադաշտերում եւ առողջարաններում»: Օրինագծում բազմաթիվ
են ծխախոտի օգտագործման նախատեսված սահմանափակումները: Մասնավորապես՝ արգելվում է
ծխելը կրթական, առողջապահական ու մշակութային հաստատություններում, մարզական-սպորտային
տարածքներում եւ մինչեւ 18 տարեկանների համար նախատեսված հանգստի ու ժամանցի վայրերում:
Արգելվելու է ծխելը քաղաքային տրանսպորտում, նաեւ` բոլոր հիմնարկների տարածքներում,
բացառությամբ՝ դրա համար նախատեսված վայրերի: Սակայն կազմակերպությունների ղեկավարները
նաեւ պարտավոր են միջոցառումներ ձեռնարկել աշխատանքային տարածքներում ծխելու համար
պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որ ծխողները չխանգարեն չծխողներին: Ծխելու համար
առանձնացված տարածքներ կարող են լինել նաեւ ռեստորաններում կամ սրճարաններում: Օրինագծի
հիմնավորման մեջ Հրանուշ Հակոբյանը նշել է, թե այս ամենի անհրաժեշտությունը պայմանավորված
է այն հանգամանքով, որ Հայաստանում գնալով ավելանում է ծխողների թիվը: Եվ որպես դրա
հետեւանք՝ ավելացել է սրտանոթային, թոքային, շնչառական հիվանդությամբ տառապողների
թիվը։ Նաեւ արձանագրված է, թե այս նախաձեռնությունը համահունչ է Միջազգային առողջապահական
կազմակերպության կողմից ընդունած Հակածխախոտային կոնվենցիայի սկզբունքներին։ Նշենք
նաեւ, որ սահմանվելու են վարչական տույժեր՝ վաճառքի սահմանափակումները խախտելու եւ
ծխախոտի գովազդի համար: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել