Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսության մեխանիկան

Նոյեմբեր 12,2004 00:00

Հերոսության
մեխանիկան Յասեր Արաֆաթին, բնականաբար, հիմա կհերոսացնեն, թեեւ
նրան հերոսացնելու, ազատության աննկուն մարտիկի նրա կերպարի կերտման աշխատանքները
վաղուց էին տարվում: Պարզապես հիմա, երբ պաշտոնապես արձանագրվեց միջազգային քաղաքականության
մեջ երբեւէ դերակատարում ունեցած թերեւս ամենակոնյունկտուրային սուբյեկտի մահվան
փաստը, նրա հերոսացմանը նպատակամղված համաշխարհային շոուն կթեւակոխի վերջին փուլը:
Այդպես պետք է նախ եւ առաջ հենց պաղեստինյան ինքնավարության իշխանական էլիտային,
քանզի Արաֆաթի կերպարի հերոսականությունը խիստ որակյալ ու առավել քան պահանջված օփիում
է՝ շարքային պաղեստինցիների ամենաստորին, այդ թվում՝ «ազգային-ազատագրական սուրբ
պայքարին» ու իբրեւ դրա անմիջական արդյունք՝ «Ալլահի արքայությանը» մերձենալուն առնչվող
բնազդները վառ պահելու համար: Իսկ այդ բնազդների ֆոնին ՊԱԿ-ի ղեկավարությանը սպասվող
աշխատանքները քիչ չեն. հարկ է նախ եւ առաջ մեջ-մեջ անել իշխանությունը: Ապա եւ՝ ազատագրության
կարգախոսի տակ Արաֆաթի դիզած ու այդպես էլ դույզն-ինչ ազատագրմանը չծառայեցրած միլիարդավոր
(Կատարի «Ալ Ջազիրա» TV-ի տվյալներով՝ մինչեւ 6,5 մլրդ) դոլարները: Իսկ դրանից հետո
հակամարտության կարգավորումը ցանկացած պահի հազար ու մի պատրվակով տապալելն ու գրոշներով
մանկահասակ անձնասպան-շահիդների պատրաստման եղկելի գործը, ինչպես ասում են, տեխնիկայի
հարց է: Կարեւորը, որ այդ գործողությունների «հոդվածով» շարունակվեն արաբական շեյխերի
նվիրաբերած «գրանտները»: Արաֆաթի հերոսացումը պետք է նաեւ նույն ԱՄՆ-ին, որը
քանիցս փոփոխակի հաջողություններով հանդես է եկել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը
կարգավորելու միջնորդությամբ, եւ հիմա (ու երբեւէ ) ոչ մի պարագայում չի համաձայնի
այդ նախաձեռնությունն իր ձեռքից բաց թողնելու որեւէ հեռանկարի հետ: Իսկ ինչպե՞ս միջնորդես,
եթե մինչ այդ, Արաֆաթի գովերգմամբ, չվաստակես պաղեստինյան կողմի վստահությունը: Նույնը
կարելի է ասել նաեւ Եվրոպայի մասին: Թերեւս հարկ չկա կանխատեսելու, թե ինչ ուժգնությամբ
եւ քաղաքական պաթոսի ինչ մեծ դոզայով է ԽՍՀՄ-ի, ապա եւ՝ նրա իրավահաջորդ Ռուսաստանի
երբեմնի ջերմ բարեկամ Արաֆաթին հերոսացնելու Մոսկվան: Պատճառները հանրահայտ են. նշենք
միայն մեկը: Միջին ու Մերձավոր Արեւելյան տարածաշրջաններում ՌԴ-ի բռնած ոչ մի մութ
գործ երբեւէ գլուխ չի եկել առանց Արաֆաթի, Սադամի եւ այդ կարգի այլ քաղաքական մուտանտների
աջակցության: Իսկ ինչպե՞ս կվերաբերվենք Արաֆաթի վախճանին մենք՝ հայերս: Թերեւս, Ռ.
Քոչարյանից բացի, որն արդեն իսկ հասցրել է ի պաշտոնե ցավակցել պաղեստինցիներին, դժվար
թե եղածը որեւէ մեկին լրջորեն հուզի: Այստեղ արդեն վարժվել են այն իրողությանը, որ
հայրենասիրություն ու հերոսականություն կոչվածները վաղուց ընդամենը կեղտոտ բիզնեսի
տեսակներ են: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել