Վստահեցնում է «Արդարություն» դաշինքը
«Արդարությունը» երեկ տարածեց հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել «Հոկտեմբերի 27-ի» գործից անջատված մասը կարճելու մասին: Այսպիսով, իրականացվեց ահաբեկչության հաջորդ օրն իսկ Ռ. Քոչարյանի կողմից տրված հրահանգը՝ ոճրագործների թիկունքում չփնտրել կազմակերպիչներ: Ժամանակին իշխանությունները հայտարարում էին, որ գործից անջատված մասի նպատակը հնարավոր կազմակերպիչներին, օժանդակողներին, դրդիչներին, նաեւ հանցագործությունը կանխելու, խափանելու հնարավորություն ունեցած պաշտոնատար անձանց հայտնաբերելն էր: Այդ համատեքստում դատավարության ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքները եւ կարեւորագույն փաստերը հրահանգավորված եւ միտումնավոր ներկայացվում էին որպես անջատված մասի քննարկման առարկա: Իրականում «Հոկտեմբերի 27-ի» գործից անջատված մասն օգտագործվեց որպես միջոց՝ տուժողների ներկայացուցիչների գործունեությունը դատարանում սահմանափակելու եւ հանցագործության կարեւոր հանգամանքները պարտակելու նպատակով: «Հոկտեմբերի 27-ի»՝ ֆարսի վերածված դատավարությունը եւ դատախազության վերոհիշյալ անհիմն որոշումը ավելի են խորացնում հասարակության հիմնավոր կասկածները՝ ոճրագործության կազմակերպված լինելու մասին, եւ ցույց են տալիս վարչախմբի ակնհայտ շահագրգռվածությունը՝ գործը կոծկելու հարցում: Հատկանշական է, որ «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության գործի անջատված մասը կարճելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պատվիրված որոշումն ընդունողները հիմնականում այն անձինք են, ովքեր դատաքննությունը իշխանություններին ձեռնտու հունով տանելու համար ստացել են բարձր պաշտոններ: Սակայն կոլեգիալ որոշում ընդունելը որեւէ մեկին անձնական պատասխանատվությունից չի ազատելու եւ պատասխան տալու ժամանակը գալու է»: Դաշինքը հայտարարեց, որ պայքարելու է «27»-ի ամբողջական բացահայտման համար:
Փոխարենը իշխանական խորհրդարանական ուժերը, երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, իրենց կարծիքներում բավականին զգուշավոր էին եւ կարելի է ասել՝ խուսափում էին անջատված մասի կարճման անհրաժեշտության վերաբերյալ կարծիք հայտնել: Ընդհանրապես ճեպազրույցներում երկու թեմա էր գերիշխում՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասի կարճման անհրաժեշտության մասին որոշումը եւ ԱԱԾ պետի պաշտոնանկությունը: «Չեմ ուզում, որ քաղաքականացվի Կառլոս Պետրոսյանի գործոնը, որովհետեւ անձ էր, որ 5 տարի աշխատել է, նշանակում է՝ դրական գործունեություն է ծավալել»,- ասաց Գալուստ Սահակյանը: Իսկ «27»-ի մասին իր պատասխանում պարոն Սահակյանը, ինչպես միշտ, օրիգինալ էր. «Գործը պիտի չբացահայտվեր»,- ասաց պատգամավորը եւ հիշեց Քենեդու չբացահայտված սպանությունը, նաեւ իր կուսակցական ղեկավար վարչապետին ցիտելով՝ ասաց, որ իր կասկածները եւս փարատված չեն:
«Մեր գնահատականներով, երեւի, պաշտոնական դիրքի հետ կապված (չարաշահում բառը չեմ ուզում օգտագործել) անհամապատասխանելիություն կար, եթե չի գործում այն կանխավարկածը, որ Կառլոս Պետրոսյանը ազատվել է իր դիմումի համաձայն»,- պատասխանելով ԱԱ ծառայության տնօրենի պաշտոնանկության մասին հարցին՝ ասաց Գուրգեն Արսենյանը: Դաշնակցության ներկայացուցիչները երկու հարցերին էլ խուսափում էին պատասխանել:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ