Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ՍՏՎԵՐ ԳՑՈՂ

Նոյեմբեր 12,2004 00:00

Այսպես
է դատախազության բացահայտումները Կենտրոնի դատավորների վճիռների վերաբերյալ գնահատում
արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: – Արշակ Սադոյանը հայտարարեց,
թե քանի որ Հայաստանում չկա վկաների պաշտպանության համակարգ եւ չի ցանկանում վտանգել
7 մլն դոլար կաշառքի վերաբերյալ իրեն տեղեկություններ փոխանցած անձանց անվտանգությունը՝
ուստի հեռուստաընկերություններին չի փոխանցի իր պնդումները հաստատող տեսաերիզները:
Այս մտահոգությունները չե՞ք համարում հիմնավոր: – Կարծում եմ՝ անհեթեթ պնդումներ
են: Եթե նման հիմնավորումներն ընդունենք որպես հիմք, նշանակում է՝ ցանկացա՛ծ քրեական
գործով ցանկացա՛ծ վկա կարող է ասել՝ կներեք, չկա վկաների պաշտպանության ինստիտուտ,
այնպես որ՝ վկայություն չեմ տա: Չեմ ցանկանում որեւէ բան պնդել կամ բացառել՝
ընդամենը պահանջել եմ, որ ներկայացնի ապացույցներ: Ի դեպ, եթե մարդու ձեռքին լինում
են փաստեր, եւ նա մտահոգ է իր ճակատագրով, առաջինը, ինչը ժանրի բոլոր կանոններով
նա պետք է անի, հանրությանն այդ տեղեկատվությունը ներկայացնելն է: – Այդ կոչը
Ձեզ վերահասցեագրելով՝ պիտի խնդրեմ, որ հրապարակեք, թե ի՞նչ տեղեկատվություն էր հիմք
տվել Ձեզ՝ պնդելու, թե լսել եք մեղադրանքներ, որ դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի
բաժինը գործածում է օրենքով չնախատեսված ձեւեր: – Ես փաստեր չունեմ: Ես միայն
լսել եմ նման դեպքերի մասին: Եթե ունենայի փաստեր՝ անպայման կներկայացնեի: –
Արդյոք Ձեր այդ հայտարարության կամ արդարադատության նախարարության ու դատախազության
միջեւ որոշակի լարվածության անուղղակի հետեւա՞նքը չէին մասնավորապես՝ Կենտրոն համայնքի
3 դատավորների ապօրինի վճիռների մասին դատախազության բացահայտումները: – Իմ
տեսանկյունից՝ դատախազության այդ հրապարակումն անընդունելի է: Նման հայտարարությունը
սկզբունքորեն ստվեր է գցում, կարծում եմ, ե՛ւ դատախազության, ե՛ւ դատարանների աշխատանքի
վրա: Քանի որ շատ բնական գործառույթ է, երբ դատարանի վճիռը կարող է բեկանվել վճռաբեկ
դատարանում: Եթե դա բնական չլիներ, ապա քաղդատօրենսգիրքը չէր նախատեսի եռաստիճան
դատական համակարգ: Բայց դա բացարձակապե՛ս չի նշանակում, թե ցանկացած վճիռ, որը բեկանվում
է վճռաբեկ դատարանում, պետք է անվանվի ապօրինի եւ պիտակավորվի: – Այնուամենայնիվ՝
դատախազությունը ներկայացրել է կոնկրետ փաստեր եւ հիմնավորել, որ այդ վճիռների հետեւանքով
ֆինանսական զգալի վնաս է հասցվել պետությանը: Սա Ձեզ տեղիք չի՞ տալիս մտահոգության:
– Կարծում եմ՝ նման պնդումն այս պահին դեռեւս որեւէ հիմք չունի: Վճռի ինքնին
բեկանումը դեռեւս չի նշանակում, թե այն էությամբ ու բովանդակությամբ փոխվելու է,
ենթադրենք, 180 աստիճանով: Ամենեւի՛ն: Երբ բեկանելուց հետո դատարանները կկայացնեն
վճիռ, որը կմտնի օրինական ուժի մեջ, ու այդ երկու վճիռների համեմատությունը ցույց
կտա, թե առաջինի կայացման հետեւանքով պատճառվել է վնաս՝ տեղ կունենանք մտահոգվելու:
Այս պահին դեռեւս չունենք: – Դուք բացասաբար արձագանքեցիք դատարաններով զբաղվելու
դատախազության նախաձեռնությանը: Մեր ունեցած տեղեկություններով, Դուք նաեւ Մարդու
իրավունքների պաշտպանին եք արգելել դիտարկում իրականացնել դատարաններում՝ պատճառաբանելով,
թե այն չի բխում օրենքով սահմանված իր գործառույթներից: – Դատական իշխանության
անկախության սկզբունքները Հայաստա՛նը չի հորինել՝ դրանք արձանագրված են միջազգային
փաստաթղթերով: Եվ այդ սկզբունքների մեջ նաեւ ամրագրված են դրույթներ, թե դատավորը
պարտավո՛ր չէ բացատրություններ տալ, այդ թվում նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանին,
այն գործի շուրջ, որը գտնվում է իր վարույթի ներքո: Այս առումով, այո՛, համարում
եմ, թե Մարդու իրավունքների պաշտպանը չպիտի միջամտի դատական գործընթացներին: Սակայն
դա բացարձակապե՛ս չի նշանակում, թե Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է ընդհանուր
առմամբ դիտարկի դատական գործընթացները: Հակառակը՝ ես ողջունում եմ նման մոտեցումները.
նա կարող է դիտարկել, ներկայացնել իր առաջարկությունները եւ մտահոգությունները, բացահայտել
քաղաքացիների իրավունքների խախտումները, ահազանգել դրանց մասին: Այդ հիմնավորումների
հետեւանքով կարող են լինել տարբեր գործընթացներ՝ սկսած տվյալ սուբյեկտի բողոքից,
վերջացրած օրենսդրական փոփոխություններով, որոնք առավելագույնս կպաշտպանեն մարդու
իրավունքները: – Այսուհանդերձ, Հայաստանի դատական համակարգից դժգոհությունները
շատ-շատ են. այն համարվում է ամենակոռումպացվածներից մեկը: Եվ եթե դատախազության
ու Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունները դատական գործընթացներին անընդունելի
եք համարում, ուրեմն ի՞նչ այլ ուղիներ եք տեսնում համակարգի թերությունները շտկելու
համար: – Ես քաջ գիտակցում եմ դատական համակարգի թերությունները եւ ձեռնարկում
քայլեր, որոնք ուղղված են այդ թերությունների վերացմանը: Դրանք պետք է լինեն համակարգային
քայլեր, որոնք ընդգրկում են թե՛ օրենսդրական փոփոխությունները, թե՛ տեխնիկական եւ
ենթակառուցվածքային նորամուծությունները, թե՛ կազմակերպական հարցերը: Յուրաքանչյուրի
վերաբերյալ կարող եմ բերել կոնկրետ օրինակներ: Դատավարության գործընթացում կողմերի
առավել պատշաճ ներկայացման մեխանիզմների ամրագրումն ենք այժմ մշակում օրենսգրքում:
Տեխնիկական փոփոխությունների մասին խոսվել է՝ դատարաններում մտադիր ենք տեղադրել
ձայնագրող սարքավորումներ: Իսկ կազմակերպական խնդիրների շուրջ եւս ձեռնարկվում են
քայլեր, որոնցով փորձում ենք սահմանել գործերի բաշխման այլ մեխանիզմներ, որ որոշակի
քայլ է դատավորի եւ կողմերից մեկի հնարավոր կապի դեմ: Մենք սահմանում ենք նաեւ վարքագծի
կանոններ, որոնցով փորձում ենք շատ լուրջ եւ հետապնդելի արարք դիտել դատավորի առանձին
հանդիպումը կողմերից որեւէ մեկի հետ: Այնպես որ՝ սա բավական լայնածավալ ծրագիր է:
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼ ՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել