Լրահոս
Օրվա լրահոսը

Թավջութակահարը օգնության ձեռք է մեկնում

Նոյեմբեր 11,2004 00:00

«Արամ
Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 12-ին, ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ
(դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) առաջին անգամ հանդես կգա ճանաչված թավջութակահար, Միչիգանի
համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին: Համերգը ՀՀ ժողովրդական նկարիչ,
պրոֆեսոր Էդվարդ Իսաբեկյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների վերջին ակորդն
է: Աշխարհի հեղինակավոր համերգասրահներում, ԽՍՀՄ, Եվրոպայի եւ Ամերիկայի աշխարհահռչակ
նվագախմբերի ու հայտնի դիրիժորների հետ մենահամերգներով հանդես եկած թավջութակահարը
համոզված է, որ մենք ունենք տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ: Երեւանում գտնվելու
օրերին նա կանցկացնի պետկոնսերվատորիայի եւ Սպիվակովի անվան հիմնադրամի շնորհալի
թավջութակահարների լսումներ, հետագայում նրանց ուսումը Միչիգանի պետական համալսարանում
կազմակերպելու նպատակով: Մեր դիտարկմանը՝ «Կարծում եք Հայաստանում չկա՞ն բարձրակարգ
երաժիշտ դառնալու նախապայմաններ», Ս. Բագրատունին տեղեկացրեց, որ ինքը ուսումը սկսել
է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից, այնուհետեւ շարունակել Երեւանի,
Մոսկվայի, Լոնդոնի կոնսերվատորիաներում. «Մինչ օրս տպավորված են առաջին քայլերս Չայկովսկու
անվան դպրոցում: Երեւանում կան հիանալի մասնագետներ»: Նա տեղեկացրեց, որ իր դասարանում
սովորում է Երեւանի կոնսերվատորիան ավարտած, մեծ հեռանկար ունեցող թավջութակահարուհի
Լուսինե Պետրոսյանը. «Բնական է, նա Հայաստանում է ստացել ե՛ւ սկզբնական, ե՛ւ բարձրագույն
կրթություն: Այնուամենայնիվ, նրան անհրաժեշտ է շփում աշխարհի երաժշտական կյանքի հետ,
ինչի հնարավորությունը տալիս են գերզարգացած երկրները»: Ս. Բագրատունին հայտնեց,
որ, օրինակ, Միչիգանի համալսարանում 4 տարվա ընթացքում պետությունը յուրաքանչյուր
սովորողի վրա ծախսում է 100 հազար դոլար, ապահովելով նաեւ բնակարանով. «Ուսումը անվճար
է եւ, զարմանում եմ, թե ինչո՞ւ Հայաստանից շատերը ձգտում են ուսանել Եվրոպայում եւ
ոչ Ամերիկայում»: Երաժշտից հետաքրքրվեցինք՝ «Անցել են տարիներ, ե՛ւ այստեղ,
ե՛ւ արտերկրում ստացել եք բարձրակարգ ուսում, ինչի վկայությունն են մի քանի միջազգային
մրցույթներում շահած ձեր մրցանակները: Հայրենիքից ձեր հեռանալու պատճառը ո՞րն էր»:
«Պատճառները տարբեր էին: 1990-ից բնակվում եմ Ամերիկայում: Երեւի հարկ չկա հիշեցնելու
Հայաստանի այդ տարիների վիճակը: Ինձ չէր բավարարում համերգային կյանքը: Տարօրինակ
զգացողություն ունեի՝ չէի զգում, որ պետք եմ այստեղ: Հավատացեք, աշխարհը այդքան էլ
մեծ չէ: Բավարարված կզգամ ինձ, երբ Ամերիկայից օգնեմ հայաստանցի երաժիշտներին: Հաճախ
եմ գալիս, հանդիպում ընկերներիս ու այցելում հորս գերեզմանը»,- պատասխանեց երաժիշտը:
Հիշեցնենք, որ Ս. Բագրատունու հայրը Հայաստանում, ԽՍՀՄ-ում եւ արտերկրում ճանաչված
ռեժիսոր Վահագն Բագրատունին է: Երեւանյան համերգի ծրագիրը պատահական չէ ընտրված:
Ս. Բագրատունու խոսքերով՝ «Դվորժակի թավջութակի եւ նվագախմբի կոնցերտը իր տեսակով
առաջինն է թավջութակի համաշխարհային գրականության մեջ, որը մարմնավորում է չեխ ժողովրդի
լավատեսությունը, ինչը ցանկանում եմ նաեւ իմ ազգին»: Թավջութակահարը հուսով
է, որ հայազգի մեծահարուստները, լսելով այս ստեղծագործությունը, «կանցնեն գործի»՝
ֆինանսական օժանդակություն ցույց տալով տաղանդավոր երաժիշտներին, նվագախմբերին. «Սա
է կարգն աշխարհի: Պետական հովանավորությանը պետք է գումարվեն անհատների ներդրումները»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել