ՍՊՈՐՏԱՅԻՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԺ-ՈՒՄ Աթենքի օլիմպիադայում հայ մարզիկների լիակատար
ձախողումից հետո կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մանուկ
Գասպարյանը պատրաստակամություն հայտնեց «անմիջականորեն թքել» Իշխան Զաքարյանի երեսին:
Երեկ Մանուկ Գասպարյանը տեղեկացրեց, որ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի
ղեկավարը կազմակերպել է որոշ մարզիկ-մարզիչների բողոքի նամակը ԱԺ նախագահին, որով
առաջարկվում է իրեն ենթարկել հասարակական պարսավանքի եւ պատժել. «Ինչ է, ծնո՞ղ են
կանչելու, թե՞ ինչ: Ես ինչ ասել եմ՝ ասածներիս տեր եմ, ոչ մի բառ ո՛չ փոխում
եմ, ո՛չ էլ ներողություն խնդրող եմ: Իմ երկրացիները (Մանուկ Գասպարյանն ապարանցի
է.- Ա. Ի.), պապերս որ եկել են՝ ասում են՝ «գոմեշ մի կտամ, մեղայ Աստծու չեմ ասի»:
Էն ժամանակ գոմեշը հիմիկվա «Մերսեդես 600»-ից թանկ արժեք է ունեցել»: Նամակին տեղից
վրդովմունքով արձագանքեցին նաեւ այլ պատգամավորներ: Մասնավորապես Համլետ Հարությունյանը
ռեպլիկ նետեց, թե ինչ իրավունք ունի չինովնիկը ստորագրահավաք կազմակերպելու պատգամավորի
դեմ, եւ ԱԺ նախագահը համաձայնություն հայտնեց: Վրդովված այս նամակից՝ Մանուկ
Գասպարյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչու չեն կատարում իրենց խոստումը
եւ քննարկում սպորտկոմիտեի հարցը. «Անցած օրը նայեցի՝ Պուտինը հավաքել էր բոլոր օլիմպիականներին՝
պարգեւատրումներ, մեդալներ, դրամական մրցանակներ: Ես կուզենայի իմանալ, թե մեր կառավարությունը
ե՞րբ է Իշխան Զաքարյանին սաղ-սալամաթ վերադառնալու համար պարգեւատրում տալու, քանի
որ ինքը գոհ է իր աշխատանքից եւ քննարկում է միայն ֆեդերացիաների հարցը: Դա՛ չպիտի
քննարկվի, այլ սպորտկոմիտեի նախագահի հետագա աշխատանքը շարունակելու հարցը»: Ի պատասխան`
տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, թե կառավարությունն
առաջիկայում քննարկելու է օլիմպիադայում ձախողման խնդիրը, եւ խոստացավ, թե չեն լինի
պարգեւատրումներ: Առիթից օգտվելով՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանն
էլ առաջարկեց, որ կառավարությունը քննարկի նաեւ ֆուտբոլի ոլորտում տիրող վիճակը:
Ա. Ի.