Լրահոս
Օրվա լրահոսը

Ժերմոնի

Նոյեմբեր 10,2004 00:00

Ժերմոնի դերում՝ առաջին անգամ Ազգային օպերային թատրոնում, նոյեմբերի 11-ին, Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացման մեջ Ժերմոնի դերերգով հայ հանդիսատեսին առաջին անգամ կներկայանա ֆրանսահայ բաիտոն Բաղդասար Օհանյանը: Երգիչը պրոֆեսիոնալ բեմում է 1992 թվականից, ավարտել է Ռոման քաղաքի կոնսերվատորիան՝ ծնունդով իտալացի, պրոֆեսոր Էլիան Քլանի դասարանը: Բացի Ֆրանսիայի քաղաքներից, հանդես է եկել Գերմանիայում եւ Շվեյցարիայում: Իր հավաստմամբ, համերգային կատարումներում Ռոսինիի «Սեւիլյան սափրիչում» Ֆիգարոյի դերերգը կատարել է 137 անգամ, Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունում» Արմավիվա՝ ավելի քան 60 անգամ: Բ. Օհանյանի կատարումներով թողարկվել են CD-ներ, DVD-ներ: Երգիչն առաջին անգամ հայրենիք է այցելել 1993-ին՝ իր նախաձեռնությամբ ֆրանսիացի բժիշկներից կազմված խմբին ուղեկցելով Ստեփանակերտի, իսկ 95-98-ին՝ Թալինի հիվանդանոցներ: Թալին վերջին այցելությունը ճակատագրական էր. նա ընտանիք է կազմում հայուհու՝ Շահանեի հետ: Ազգային օպերային թատրոնի բեմում հանդես գալու պատիվը երգչին ընձեռել է Գեղամ Գրիգորյանը՝ այս ամռանը Երեւանում նրան լսելուց հետո: Ասենք, որ Ժերմոնի դերերգը իր բեմական կենսագրության ընթացքում Բ. Օհանյանը կատարելու է առաջին անգամ: Հետաքրքրվեցինք, թե Եվրոպայում ընդունված կարգի համաձայն, ի՞նքն էլ ունի իմպրեսարիո: Երգիչը տվեց հակիրճ պատասխան. «Իմ իմպրեսարիոն ես եմ,- հավելելով, որ Ֆրանսիայում լուրջ իմպրեսարիոները փոքր թիվ են կազմում,- նրանց ամբողջ ուղեղն աշխատում է միայն կոմերցիայի ուղղությամբ: Շիտակ ասած՝ հարստանում են երգչի հաշվին: Այսօր արդեն Ֆրանսիայում շատ երգիչներ աշխատում են առանց իմպրեսարիոների»: Մեր զրուցակիցը նշեց, որ վերջիններիս հետ շփվելու փոխարեն, ինքը հետաքրքրվում է աշխարհում մշակութային անցուդարձով, «ջրում ինքն իր ծառը» եւ դասեր վերցնում աշխարհահռչակ բարիտոն Գաբրիել Բաքիից: Հետաքրքրվեցինք նաեւ՝ ի՞նչ արժե այդ հաճույքը: Բ. Օհանյանը տեղեկացրեց, որ Եվրոպայում աշխարհահռչակ երգիչների կամ պրոֆեսորների վարպետության դասերի մեկ ժամն արժե 80-100 եվրո: Կարճատեւ զրույցի ավարտին Բ. Օհանյանը իր հիացմունքը հայտնեց հայկական վոկալ դպրոցի մասին, որի ներկայացուցիչներին բազմիցս հանդիպել եւ հանդիպում է Եվրոպայի բեմերում. «Ոգեւորված եմ, որ «Տրավիատայում» հանդես եմ գալու ազգիս երգիչների հետ համատեղ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել