ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉԸ «ՏՆՏԵՍԵՑ» $50 Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 12.30-ի սահմաններում, ավտոմեքենայով Սայաթ-Նովայից առանց որեւէ երթեւեկության կանոնի խախտման թեքվեցինք Տերյան փողոց, որտեղ մեզ կանգնեցրեց ավտոտեսուչը (պետավտոտեսչության 235ss01 համարանիշի ավտոմեքենայով): Ավտոտեսուչը մոտեցավ մեր մեքենային եւ առանց ներկայանալու պահանջեց վարորդական իրավունքի փաստաթուղթը: Տեսնելով, որ փաստաթղթերը կարգին են, որոշեց, որ վարորդը ալկոհոլ է օգտագործել: Ի դեպ, ավտոտեսուչը ջանում էր խիստ երեւալ եւ դաժան հայացքով ու շարժումներով պնդում, որ վարորդին եւ մեքենայում եղած մարդկանց պետք է տանեն ստուգման, հետո էլ մեքենան՝ տուգանային հրապարակ: Նշենք, որ մեքենայում գտնվող մարդիկ արտերկրից հյուրեր էին եւ մինչ այդ միջադեպը լավ խոսքեր էին շռայլել մեր ազգի հասցեին: Վարորդը ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար ավտոտեսուչին 50 դոլար էր առաջարկել, որը նման դեպքերում կաշառքի «սովորական» չափն է: Սակայն տեսուչը պահանջում էր 100 դոլար: Չնայած վարորդը շուրջ 10 րոպե նրան բացատրում էր, որ անհարմար է, այդ մարդիկ արտերկրից հյուրեր են, ինքն էլ տեղացի չէ, գինը ոչ մի կերպ չէր իջնում: Տեսարանին առավել լրջություն հաղորդելու համար հայտնվեց մի ուրիշ ավտոտեսուչ եւ կատաղի շարժումներով պահանջեց մեքենայի բանալիները, հետո ինքն իրեն հանդարտվեց ու հեռացավ՝ գործընկերոջը թողնելով մենակ: Ավտոտեսուչը մեծահոգաբար առաջարկել էր իր «հեշտացված» տարբերակը՝ պետք է տուգաներ 100 դոլարին համարժեք դրամ՝ ասելով. «չեկը կտամ ձեզ, կմուծեմ ես»: Վերցնելով 100 դոլարը՝ նա կտրոնի վրա գրել էր միայն վարորդի անունն ու ազգանունը: Այդ թղթի կտորի վրա գրել էր «100 դոլար», ստիպել, որ վարորդը ստորագրի եւ պարզաբանել. «հենց ընենց ստորագրի, էլի»: Ստանալով անհրաժեշտ գումարը, ավտոտեսուչը միայն 20 րոպե անց նկատեց, որ այդ փողոցում ավտոկանգառն արգելված է: Պահանջեց, որ մեքենան շրջվի եւ այդ ժամանակ կտրոնի մի մասը կտա վարորդին: Մինչ մեքենան կշրջվեր, ավտոտեսուչը նետվեց դեպի իրենց մեքենան եւ տիեզերական արագությամբ, կանոնների խախտումով հեռացավ: Սպասում ենք մեզ հասանելիք կտրոնին: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ