Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության

Նոյեմբեր 10,2004 00:00

Գիտության օրեր՝ Շիրակում Օրերս Գյումրիում կայացավ Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական 6-րդ գիտաժողովը: Թեմաների շրջանակը լայն էր, հայագետներն ակտիվ էին եւ ցանկացած հարցի շուրջ լսվում էին հակադիր կարծիքներ: Այստեղ ոչ միայն քննարկվեցին մեծ հետաքրքրություն ներկայացնող «ավանդական» հարցեր՝ Շիրակի պատմության, հնագիտության, ազգագրության խնդիրների մասին, այլեւ այսօրվա հրատապ թեմաներ, օրինակ՝ «Աղետի գոտու վերականգնման գործընթացը Շիրակի մարզում՝ 1988-2003թթ.», Գյումրիից վերջին տարիներին այլազգիների, հատկապես հույների արտագաղթի, Շիրակի մարզի բնակչության թվի նվազման պատճառների եւ այլնի մասին: Եղան նաեւ գործնական առաջարկներ՝ հատկապես Շիրակի մարզում ձկնաբուծության, մեղվաբուծության զարգացման վերաբերյալ: Կազմակերպիչ, ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի տնօրեն Սերգո Հայրապետյանի խոսքերով՝ Շիրակի մարզում նման գիտաժողովները սկսվել են 1994-ից, այսինքն շիրակցիների ծայրահեղ ծանր՝ տնակից տնակ թափառելու տարիներին: Պարզվում է՝ Շիրակի մարզում այսօր էլ գիտություն զարգացնելն այնքան հեշտ չէ, օրինակ՝ մինչեւ օրս հայագիտական կենտրոնը սեփական շենք չունի ու ծվարել է Արվեստների ակադեմիայի մեկ- երկու սենյակներում, թեեւ տեղի իշխանավորներին սա այնքան էլ չի հուզում: Չնայած այս ամենին՝ Շիրակի պատմաճարտարապետական արժեքների ուսումնասիրությամբ զբաղվողների թիվը չի պակասում: Կազմակերպչի գնահատմամբ՝ գիտաժողովի առավելություններից մեկն էլ այն է, որ Գյումրիի ուսանողները շփվում են նաեւ մայրաքաղաքային հայագետների հետ, որոնցից շատերին ծանոթ էին միայն գրքերից: 6-րդ գիտաժողովը մյուսներից տարբերվեց թեմաների բազմազանությամբ՝ Շիրակի ճաշատեսակներ, ուտելիքներ, հարսանեկան ծես, գորգերի զարդանախշեր ու օժիտի տիկնիկի խորհրդանիշ, Շիրակի ժողովրդական երաժշտությունից սկսած մինչեւ նոր հնագիտական պեղավայրեր: Այս գիտաժողովի աշխատանքին մասնակցեց նաեւ այդ օրը Գյումրիում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվեցին նաեւ այցեր Շիրակի թանգարաններ, ընդունելություն Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել