Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունից

Նոյեմբեր 10,2004 00:00

Կրթությունից ավելի՛ն պահանջեք Կոչ է անում Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը «Շատ հաճախ 17-18 տարեկան դիմորդը, սխալ ընտրություն կատարելով, հետագայում պարզապես հայտնվում է իր ընտրության թակարդում»,- մեր բուհական համակարգի ներկա հնարավորությունների մասին խոսելիս այսպես ներկայացրեց իրավիճակը պրն Մարտիրոսյանը: Այնինչ, միջազգային ասպարեզում ընդունված է, որ ուսանողները, մինչեւ իրենց բակալավրիական ծրագիրն ավարտելը, 2-3 բուհ են փոխում, մասնագիտություններ են փոխում՝ վերջնականապես կողմնորոշվելու համար: Այսպես՝ պետությունը սահմանում է որոշակի չափաբաժիններ, ուսանողն էլ, հավաքելով համապատասխան կրեդիտները, կարող է մի մասնագիտությունից անցնել մյուսին՝ առանց թույլտվությունների, առանց քաշքշուկների, առանց դեկանների ու ռեկտորների քմահաճույքների: Ըստ Վ. Մարտիրոսյանի, մենք կանցնենք այս քաղաքակիրթ ձեւին, եթե հասնենք եվրոպական կրթական քաղաքականությանը՝ Բոլոնիայի համաձայնագրին, ինչի համար պարտադիր քայլ է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ընդունումը, «որովհետեւ սրանով երկիրը ցույց է տալիս իր պատրաստակամությունը»: Ըստ Վ. Մարտիրոսյանի, մեզ համար շատ կարեւոր է նաեւ Լիսաբոնի հռչակագրի վավերացումը, որ ստորագրվել է 2000-ին, բայց դեռ չի վավերացվել: Հռչակագիրը կառուցված է եվրոպական բազմաթիվ փաստաթղթերի հիման վրա, եւ նպատակ ունի եվրոպական կրթական միասնական դաշտ ստեղծելու: Այս հռչակագիրը վավերացնելուց հետո Հայաստանն ունենում է պարտավորություն, որոնցից մեկը ազգային տեղեկատվական կենտրոնների ստեղծումն է, որի միջոցով միանում ես եվրոպական կրթական ցանցին՝ որակավորումների ընդհանուր ճանաչման սկզբունքները ընդունելու ու կիրառելու առումով: Ի՞նչ կտա սա հասարակությանը եւ բարձրագույն կրթության համակարգին: «Այստեղ երկու շահեր համընկնում են, սակայն մոտեցումների առումով դրանցից մեկը շարժվում է, մյուսը՝ ապատեղեկացվածության պատճառով կանգնած է: Մի կողմից բուհերը ինչ-որ չափով շահախնդիր են, որովհետեւ կա եվրոպական ցանցին ինտեգրվելու խնդիր, մյուս կողմից էլ հասարակությունը տեղեկացված չէ, եւ տարօրինակ է, որ հասարակությունն այսօր վճարում է իր կրթության համար, սակայն չի պահանջում ավելին, քան կա, օրինակ՝ դիպլոմի համարժեքություն՝ եվրոպական երկրների համար»: Այսինքն՝ հասարակությունն այսօր բավարարվում է իր երկրի տարածքում որակավորում ստանալով: Այս գործընթացների պահանջատեր, սակայն, պետք է դառնա նաեւ հասարակությունը: Եվ սա խորհրդային շրջանի բացթողումներից է, երբ պահանջվում էր բավարարվել եղածով. «բայց ո՞րն էր կշռի միավորը, այն, ինչի հետ պետք է համեմատվեինք: Իսկ այսօր ստեղծվում է զուգահեռականություն, պետք է միջազգայնորեն որակավորումների կշռաքարեր կիրառել եւ այդտեղ կերեւա, թե մենք որ կետում ենք կանգնած»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել