«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին շատ ընդդիմադիրներ անդրադարձան «ԱրմենՏելի» արտոնագրի խմբագրմանը եւ բջջային կապի նոր օպերատորին: Ասենք, Ստեփան Զաքարյանը «ցինիզմ» անվանեց հավաստիացումները, թե «Ղ-Տելեկոմի» ընտրության պարագայում պահպանվել են մրցույթի բոլոր կանոնները: Շավարշ Քոչարյանն ակնարկեց, թե այս գործարքներն իրականացվել են կաշառքի հետեւանքով: Իսկ Արշակ Սադոյանն այս անգամ իր սիրելի ռադիոլսողների փոխարեն՝ դիմեց իրավապահ մարմիններին եւ առաջարկեց քննություն սկսել այս գործարքով Հայաստանին հասցված վնասի շուրջ: Ժամանակը սպառվելու պատճառով «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը չհասցրեց ընթերցել դաշինքի հայտարարությունը, որում մասնավորապես հիշեցված է. «ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը 2002թ. մայիսի իր եզրակացության մեջ արձանագրել է, որ TWT-ն ստացել է գերշահույթ շուրջ $60 մլնի չափով՝ ի հաշիվ Հայաստանի», իսկ «ԱրմենՏելի» կողմից իր պարտավորությունները չկատարելու հետեւանքով Հայաստանը կրել է շուրջ $170 մլնի վնաս: Ըստ «Արդարության»՝ այսօր կառավարությունը փաստորեն հրաժարվում է 800 գյուղերի հեռախոսակապի թվայնացումից, որը «ԱրմենՏելի» ստանձնած եւ այդպես էլ չկատարած պարտավորություններից մեկն է։ Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ «ԱրմենՏելին» ինտերնետ հեռախոսային կապի մենաշնորհ տալու հետեւանքով այդ ոլորտում գործող 250 կազմակերպություններ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, սակագները կբարձրանան 7-10 անգամ եւ այլն: «Արդարությունը» «ԱրմենՏելի» մենաշնորհն ընդլայնելու եւ «անօրինական մրցույթի արդյունքում» բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ին հռչակելու փաստերն այսպես է գնահատել. «Քոչարյանը եւ նրա կամակատարները, իրենց շահադիտական նպատակներից ելնելով, իրականացրել են նախապես մշակված սցենար, որը կոռուպցիայի ցայտուն դրսեւորում է»: Հայտարարության մեջ արձանագրվում է, որ «արդեն 6 տարի է՝ մեր պետության շահերը ոտնահարվում են։ Դրա եւ «ԱրմենՏելի» հետ կապված գործարքի բոլոր բացասական հետեւանքների հիմնական պատասխանատուն եւ մեղավորը Քոչարյանն է, որովհետեւ հենց նա է ստորագրել ե՛ւ առաջին՝ խայտառակ թիվ 60 լիցենզիան, ե՛ւ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի գնման հանցավոր պայմանագիրը։ «ԱրմենՏելի» հակաժողովրդական գործարքի հետ կապված վերջին գործընթացների համար պատասխանատվություն է կրում նաեւ կոալիցիան»։ Ա. Ի.