Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժերմոնի դերում՝ առաջին անգամ

Նոյեմբեր 10,2004 00:00

Ազգային
օպերային թատրոնում, նոյեմբերի 11-ին, Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացման մեջ
Ժերմոնի դերերգով հայ հանդիսատեսին առաջին անգամ կներկայանա ֆրանսահայ բաիտոն Բաղդասար
Օհանյանը: Երգիչը պրոֆեսիոնալ բեմում է 1992 թվականից, ավարտել է Ռոման քաղաքի
կոնսերվատորիան՝ ծնունդով իտալացի, պրոֆեսոր Էլիան Քլանի դասարանը: Բացի Ֆրանսիայի
քաղաքներից, հանդես է եկել Գերմանիայում եւ Շվեյցարիայում: Իր հավաստմամբ, համերգային
կատարումներում Ռոսինիի «Սեւիլյան սափրիչում» Ֆիգարոյի դերերգը կատարել է 137 անգամ,
Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունում» Արմավիվա՝ ավելի քան 60 անգամ: Բ. Օհանյանի
կատարումներով թողարկվել են CD-ներ, DVD-ներ: Երգիչն առաջին անգամ հայրենիք
է այցելել 1993-ին՝ իր նախաձեռնությամբ ֆրանսիացի բժիշկներից կազմված խմբին ուղեկցելով
Ստեփանակերտի, իսկ 95-98-ին՝ Թալինի հիվանդանոցներ: Թալին վերջին այցելությունը ճակատագրական
էր. նա ընտանիք է կազմում հայուհու՝ Շահանեի հետ: Ազգային օպերային թատրոնի բեմում
հանդես գալու պատիվը երգչին ընձեռել է Գեղամ Գրիգորյանը՝ այս ամռանը Երեւանում նրան
լսելուց հետո: Ասենք, որ Ժերմոնի դերերգը իր բեմական կենսագրության ընթացքում Բ.
Օհանյանը կատարելու է առաջին անգամ: Հետաքրքրվեցինք, թե Եվրոպայում ընդունված կարգի
համաձայն, ի՞նքն էլ ունի իմպրեսարիո: Երգիչը տվեց հակիրճ պատասխան. «Իմ իմպրեսարիոն
ես եմ,- հավելելով, որ Ֆրանսիայում լուրջ իմպրեսարիոները փոքր թիվ են կազմում,- նրանց
ամբողջ ուղեղն աշխատում է միայն կոմերցիայի ուղղությամբ: Շիտակ ասած՝ հարստանում
են երգչի հաշվին: Այսօր արդեն Ֆրանսիայում շատ երգիչներ աշխատում են առանց իմպրեսարիոների»:
Մեր զրուցակիցը նշեց, որ վերջիններիս հետ շփվելու փոխարեն, ինքը հետաքրքրվում է աշխարհում
մշակութային անցուդարձով, «ջրում ինքն իր ծառը» եւ դասեր վերցնում աշխարհահռչակ բարիտոն
Գաբրիել Բաքիից: Հետաքրքրվեցինք նաեւ՝ ի՞նչ արժե այդ հաճույքը: Բ. Օհանյանը տեղեկացրեց,
որ Եվրոպայում աշխարհահռչակ երգիչների կամ պրոֆեսորների վարպետության դասերի մեկ
ժամն արժե 80-100 եվրո: Կարճատեւ զրույցի ավարտին Բ. Օհանյանը իր հիացմունքը հայտնեց
հայկական վոկալ դպրոցի մասին, որի ներկայացուցիչներին բազմիցս հանդիպել եւ հանդիպում
է Եվրոպայի բեմերում. «Ոգեւորված եմ, որ «Տրավիատայում» հանդես եմ գալու ազգիս երգիչների
հետ համատեղ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել