Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉԸ «ՏՆՏԵՍԵՑ» $50

Նոյեմբեր 10,2004 00:00

ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉԸ
«ՏՆՏԵՍԵՑ» $50 Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 12.30-ի
սահմաններում, ավտոմեքենայով Սայաթ-Նովայից առանց որեւէ երթեւեկության կանոնի խախտման
թեքվեցինք Տերյան փողոց, որտեղ մեզ կանգնեցրեց ավտոտեսուչը (պետավտոտեսչության 235ss01
համարանիշի ավտոմեքենայով): Ավտոտեսուչը մոտեցավ մեր մեքենային եւ առանց ներկայանալու
պահանջեց վարորդական իրավունքի փաստաթուղթը: Տեսնելով, որ փաստաթղթերը կարգին են,
որոշեց, որ վարորդը ալկոհոլ է օգտագործել: Ի դեպ, ավտոտեսուչը ջանում էր խիստ երեւալ
եւ դաժան հայացքով ու շարժումներով պնդում, որ վարորդին եւ մեքենայում եղած մարդկանց
պետք է տանեն ստուգման, հետո էլ մեքենան՝ տուգանային հրապարակ: Նշենք, որ մեքենայում
գտնվող մարդիկ արտերկրից հյուրեր էին եւ մինչ այդ միջադեպը լավ խոսքեր էին շռայլել
մեր ազգի հասցեին: Վարորդը ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար ավտոտեսուչին
50 դոլար էր առաջարկել, որը նման դեպքերում կաշառքի «սովորական» չափն է: Սակայն տեսուչը
պահանջում էր 100 դոլար: Չնայած վարորդը շուրջ 10 րոպե նրան բացատրում էր, որ անհարմար
է, այդ մարդիկ արտերկրից հյուրեր են, ինքն էլ տեղացի չէ, գինը ոչ մի կերպ չէր իջնում:
Տեսարանին առավել լրջություն հաղորդելու համար հայտնվեց մի ուրիշ ավտոտեսուչ
եւ կատաղի շարժումներով պահանջեց մեքենայի բանալիները, հետո ինքն իրեն հանդարտվեց
ու հեռացավ՝ գործընկերոջը թողնելով մենակ: Ավտոտեսուչը մեծահոգաբար առաջարկել էր
իր «հեշտացված» տարբերակը՝ պետք է տուգաներ 100 դոլարին համարժեք դրամ՝ ասելով. «չեկը
կտամ ձեզ, կմուծեմ ես»: Վերցնելով 100 դոլարը՝ նա կտրոնի վրա գրել էր միայն վարորդի
անունն ու ազգանունը: Այդ թղթի կտորի վրա գրել էր «100 դոլար», ստիպել, որ վարորդը
ստորագրի եւ պարզաբանել. «հենց ընենց ստորագրի, էլի»: Ստանալով անհրաժեշտ գումարը,
ավտոտեսուչը միայն 20 րոպե անց նկատեց, որ այդ փողոցում ավտոկանգառն արգելված է:
Պահանջեց, որ մեքենան շրջվի եւ այդ ժամանակ կտրոնի մի մասը կտա վարորդին: Մինչ մեքենան
կշրջվեր, ավտոտեսուչը նետվեց դեպի իրենց մեքենան եւ տիեզերական արագությամբ, կանոնների
խախտումով հեռացավ: Սպասում ենք մեզ հասանելիք կտրոնին: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել