Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտության օրեր՝ Շիրակում

Նոյեմբեր 10,2004 00:00

Օրերս
Գյումրիում կայացավ Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական
6-րդ գիտաժողովը: Թեմաների շրջանակը լայն էր, հայագետներն ակտիվ էին եւ ցանկացած
հարցի շուրջ լսվում էին հակադիր կարծիքներ: Այստեղ ոչ միայն քննարկվեցին մեծ հետաքրքրություն
ներկայացնող «ավանդական» հարցեր՝ Շիրակի պատմության, հնագիտության, ազգագրության
խնդիրների մասին, այլեւ այսօրվա հրատապ թեմաներ, օրինակ՝ «Աղետի գոտու վերականգնման
գործընթացը Շիրակի մարզում՝ 1988-2003թթ.», Գյումրիից վերջին տարիներին այլազգիների,
հատկապես հույների արտագաղթի, Շիրակի մարզի բնակչության թվի նվազման պատճառների եւ
այլնի մասին: Եղան նաեւ գործնական առաջարկներ՝ հատկապես Շիրակի մարզում ձկնաբուծության,
մեղվաբուծության զարգացման վերաբերյալ: Կազմակերպիչ, ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի
տնօրեն Սերգո Հայրապետյանի խոսքերով՝ Շիրակի մարզում նման գիտաժողովները սկսվել են
1994-ից, այսինքն շիրակցիների ծայրահեղ ծանր՝ տնակից տնակ թափառելու տարիներին: Պարզվում
է՝ Շիրակի մարզում այսօր էլ գիտություն զարգացնելն այնքան հեշտ չէ, օրինակ՝ մինչեւ
օրս հայագիտական կենտրոնը սեփական շենք չունի ու ծվարել է Արվեստների ակադեմիայի
մեկ- երկու սենյակներում, թեեւ տեղի իշխանավորներին սա այնքան էլ չի հուզում: Չնայած
այս ամենին՝ Շիրակի պատմաճարտարապետական արժեքների ուսումնասիրությամբ զբաղվողների
թիվը չի պակասում: Կազմակերպչի գնահատմամբ՝ գիտաժողովի առավելություններից մեկն էլ
այն է, որ Գյումրիի ուսանողները շփվում են նաեւ մայրաքաղաքային հայագետների հետ,
որոնցից շատերին ծանոթ էին միայն գրքերից: 6-րդ գիտաժողովը մյուսներից տարբերվեց
թեմաների բազմազանությամբ՝ Շիրակի ճաշատեսակներ, ուտելիքներ, հարսանեկան ծես, գորգերի
զարդանախշեր ու օժիտի տիկնիկի խորհրդանիշ, Շիրակի ժողովրդական երաժշտությունից սկսած
մինչեւ նոր հնագիտական պեղավայրեր: Այս գիտաժողովի աշխատանքին մասնակցեց նաեւ
այդ օրը Գյումրիում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Գիտաժողովի
շրջանակներում կազմակերպվեցին նաեւ այցեր Շիրակի թանգարաններ, ընդունելություն Հայ
առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել