Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԹԻԿՈՒՆՔԸ»

Նոյեմբեր 10,2004 00:00

ԱԱԾ
տնօրեն Կառլոս Պետրոսյանի պաշտոնանկությունն այսպես մեկնաբանեց ԱԺ պատգամավոր Մանուկ
Գասպարյանը: ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության
պետ Կառլոս Պետրոսյանի անակնկալ պաշտոնաթողությունը, առավել եւս նրա սեփական դիմումի
համաձայն, տարաբնույթ եւ առատ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Այդպիսիք քիչ
չէին նաեւ ՀՀ օրենսդիր մարմնում: Արդյո՞ք մեր երկրում ամենակոռումպացված եւ վատ աշխատող
համակարգը հենց ԱԱԾ-ն էր, որ նրա տնօրեն Կ. Պետրոսյանի ազատման դիմումը առանց երկար-բարակ
քննարկելու՝ ՀՀ նախագահը ստորագրեց: Այս հարցադրմանն ու ու ԱԱԾ նորանշանակ տնօրեն
Գորիկ Հակոբյանի նշանակմանն անդրադառնալով՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ
ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն ասաց. «Ես
չեմ համարում, որ ԱԱԾ-ն ամենակոռումպացված համակարգն է: Սա՝ միանշանակ Կառլոս Պետրոսյանն
այդ համակարգում ճանապարհ անցած մարդ է: Նրան փոխարինած Գ. Հակոբյանն էլ մեծ պրոֆեսիոնալի
համբավ ունի»: Մ. Շահգելդյանը մեր զրուցակիցներից միակն էր, որ դժվարացավ անգամ խոսել
Կ. Պետրոսյանի հրաժարականի կամ նրա պաշտոնանկության հնարավոր շարժառիթների մասին:
Մ. Շահգելդյանը համարեց, որ փաստացի նա հրաժարական է տվել սեփական դիմումի համաձայն.
«Թե դրդապատճառները որոնք են՝ դժվարանում եմ ասել»: Իսկ ի՞նչ կարող է փոխվել այդ
համակարգում մեծ պրոֆեսիոնալ Գ. Հակոբյանի նշանակմամբ: Արդյո՞ք ԱԱԾ համակարգում էական
փոփոխություններ կարելի է ակնկալել: «Ցանկացած համակարգ զարգացումներ ապրում է, բայց
չեմ կարծում, որ այդ փոփոխությունները արմատական կլինեն»,- նկատեց Մ. Շահգելդյանը:
Փոխարենը ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը ԱԱԾ-ում տեղի ունեցած փոփոխությունը
պայմանավորեց «վերեւներում» կատարվող ու սպասվող փոփոխություններով: Ըստ նրա, այս
դեպքում էլ նախ պետք է նայել, թե տվյալ բնագավառի ղեկավարը տնտեսական ի՞նչ լծակների
է տիրապետում, ի՞նչ ոլորտի տանիք է հանդիսանում: «Հիմա իշխանության վերնախավում էլ
է ուժեղների ու թույլերի պայքար գնում»,- հայտարարեց նա՝ նկատի ունենալով տնտեսական
ոլորտների ազդեցության համար պայքարը: Պատգամավորի մատուցմամբ՝ «հարուստների մոտ
փողն ավելանում է, իսկ նոր բիզնես Հայաստանում չկա, ուստի վերեւներում տանիք հանդիսացողներին
աստիճանաբար մաքրում են՝ նրանց բիզնեսին տիրանալու համար: Կուլակաթափության նման
մի բան է»: Նրա ասելով՝ այն վարկածները, որոնք շրջանառվում են Կ. Պետրոսյանի հրաժարականի
հետ կապված՝ միայն առիթ կարող էին լինել, բայց ոչ պատճառ. «Պարզապես պահը հասունացած
էր: Նա վատագույն պաշտոնյան չէր եւ ավելի քան հավատարիմ էր Քոչարյանին: Թե ինչ է
եղել՝ չգիտեմ: Գուցե ներքին խմորումներում ինչ-որ մի ուժ կարողացել է ազդել Քոչարյանի
վրա: Բայց մի բան է ինձ ուրախացնում՝ Կ. Պետրոսյանին փոխարինել է պրոֆեսիոնալ մարդ»:
Իհարկե, պատգամավորի դիտարկմամբ, նրա գալով համակարգում էական փոփոխություններ չեն
լինի. «Հիմնականում ինքն աշխատելու է իրենց խոհանոցում թշնամիներ ման գալով»: Ավելի
հետաքրքրականը, սակայն, Մ. Գասպարյանի հետեւյալ դիտարկումն էր, որ ավելի հեռուն էր
գնում. «Գուցե մտածել են, որ Կ. Պետրոսյանն այդ համակարգում արդեն երկար է աշխատել,
եւ հնարավոր է, որ արդեն մերվել է այն մարդկանց հետ, ովքեր պոտենցիալ ունեն տեռոր
անելու, իսկ Կ. Պետրոսյանը նրանց մասով կարող է անգամ նյութեր չհավաքել: Դրա համար
նրա փոխարեն նշանակել են այդպիսի մարդկանց հետ չշփված կամ քիչ շփված Գ. Հակոբյանին,
որ այդ հատվածում ամեն ինչ կարգին լինի: Հիմա Քոչարյանին ամենաշատը պետք է այդ պաշտոնում
հավատարիմ մարդ, որը նման արարքները ժամանակին կկարողանա կանխել, որովհետեւ ես գիտեմ,
որ առաջիկա 3-4 ամսից ԼՂ հիմնախնդրի հետ կապված ներքին իրադրությունը կարող է լարվել:
Տեսեք՝ արդեն 2-3 առանձին չերեւացող, բայց գործող ուժային կառույցներ, գնդեր ստեղծեց
Քոչարյանը՝ մեկը արտակարգ իրավիճակների վարչությունում, ԱԺ-ն, իբր, պահպանելու համար
առանձին մարմին ստեղծեց, որոնք ենթարկվում են, իբր, ԱԱԾ-ին, բայց իրականում՝ ուղղակիորեն
իրեն: Շուտով ԱԺ օրինագիծ է բերվելու, որով ռազմական ոստիկանությունն առանձին կառույց
է դառնալու, անգամ պաշտպանության նախարարության ենթակայությունից դուրս՝ դարձյալ
ՀՀ նախագահի ենթակայության տակ: Սրանք կառույցներ են, որոնք ՀՀ նախագահին պետք են
գալու, երբ իրադրությունը անվերահսկելի լինի, երբ ուժային ինչ-որ կառույցներ անցնելու
լինեն ընդդիմության կողմը: Ես հակված եմ կարծելու, որ Ռ. Քոչարյանն իր համար փորձում
է մի քանի ռազմականացված կառույց ստեղծել՝ իր թիկունքն ապահովելու համար»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել