Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկացու խելք

Նոյեմբեր 10,2004 00:00

Ամերիկացու
խելք Խորհրդային ժամանակաշրջանում շատ տարածված մի անեկդոտ
կար: «Հայկական ռադիոյին» հարցնում են. ինչո՞ւ զինվորական բարձր չիներին արգելեցին
կարակուլի մորթուց կարված փափախներ կրել: Պատասխան՝ մասնագետները հաշվարկեցին, որ
տնտեսապես ձեռնտու չէ հանել մորթին մի ոչխարի վրայից եւ հագցնել մի ուրիշ ոչխարի:
Նկատենք, որ այս կատակը որոշ երկրներում միանգամայն կարող է կիրառելի լինել նաեւ,
ասենք՝ կադրային փոփոխությունների պարագայում. ինչո՞ւ մի բթամիտ եւ կոռումպացված
պաշտոնյայի փոխարինել ճիշտ նույնպիսի կամ գուցե ավելի բթամիտ եւ կոռումպացված պաշտոնյայով:
Խոսքն, անշուշտ, Հայաստանի մասին չէ, քանզի աշխարհին է հայտնի, թե ինչպիսի պահանջկոտությամբ
եւ բարձր պրոֆեսիոնալիզմի հաշվարկով են մեր հանրապետությունում ընտրվում, ասենք՝
նախարարական կադրերը: Բայց այ, օրինակ՝ ԱՄՆ-ում, ըստ այնտեղից ստացվող տեղեկությունների,
Բուշի վերընտրությունից հետո վերջինիս վարչակազմում անհասկանալի փոփոխություններ
են սպասվում: «Նյու Յորք Թայմս»-ը պնդում է, որ մեծ հավանականությամբ պաշտոնանկ կարվեն
արդարադատության նախարար Ջոն Էշկրոֆտը եւ ներքին անվտանգության նախարար Թոմ Ռիջը:
Բայց դա դեռ ոչինչ: Հավանաբար պաշտոնանկություն է սպասվում նաեւ պետքարտուղար Քոլին
Փաուելին եւ, ուշադրություն դարձրեք, միայն այն բանի համար, որ վերջինս գրեթե երկու
տարի շարունակ արտաքին քաղաքական հարցերում «մի քիչ» հակադրվում էր իր շեֆին՝ նրան
համոզելով ավելի մեղմ ուղեգծի ճշմարտացիության մեջ: Իսկ այ, նախագահ Բուշին ցանկացած
հարցում անվերապահորեն ենթարկվող Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը, որքան էլ տարօրինակ
է, կշարունակի պաշտոնավարել: Ճիշտ է, Սպիտակ տանը խոսակցություններ են պտտվում, որ
Ռամսֆելդի աթոռին աչք ունի Բուշի մեկ այլ «քիփ»՝ անվտանգության հարցերով նախագահի
խորհրդական Կոնդոլիզա Ռայսը, բայց այդ խոսակցությունները, ըստ ամերիկյան այլ աղբյուրների,
հիմնազուրկ են: Ռայսը, ըստ ամենայնի, իր ցանկությունների չբավարարման դեպքում կթողնի
մեծ քաղաքականությունն ու, որքան էլ հայկական մենթալիտետի համար դժվարընկալելի լինի,
ոչ թե կդառնա ընդդիմադիր դեմոկրատական, այլ կզբաղվի գիտական գործունեությամբ: Ամերիկյան
տարօրինակություններն այսքանով չեն ավարտվում: Այսպես. Կոնդոլիզա Ռայսի աթոռի թափուր
մնալու դեպքում այդ պոստի հավակնորդների թվում նշվում է պաշտպանության փոխնախարար
Փոլ Վուլֆովիցի անունը, բայց եւ նույնքան եռանդուն վերապահումներ կան, թե նա, այնուամենայնիվ,
չի նշանակվի: Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դատարկ բանի համար. մարդը ժամանակին իր
բոլոր սրբություններով երդվել է, որ Իրաքում զանգվածային ոչնչացման զենք կա, սակայն
հետագայում պարզվել է, որ այնտեղ նման բան չկա: Եվ այդ «անմեղ» վրիպակի համար ԱՄՆ-ն
կարող է զրկվել այդ տրամաչափի արհեստավարժի ծառայություններից: Իսկ ամենատարօրինակ
ամերիկյան ֆենոմենը թերեւս այն է, որ պարտված թեկնածու Քերիի մի շարք կողմնակիցներ
որոշել են… արտագաղթել: Եվ պատկերացրեք՝ ոչ թե Հայաստան, այլ հարեւան Կանադա: Իսկական
կրետիններ: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել