Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՍՊԱՌՎԱԾ ԵՆ

Նոյեմբեր 10,2004 00:00

Դատախազության շուրջ 4 ժամ տեւած կոլեգիան երեկ միաձայն որոշում է կայացրել «27»-ի գործից անջատված մասը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ կարճելու անհրաժեշտության մասին:

Միանգամայն բացատրելի օպերատիվությամբ՝ այսպես էր դատախազությունն արձագանքել իշխանամետ թերթերից մեկի նույն օրը հրապարակած մարտահրավերին. «Ի՞նչ է, գլխավոր դատախազության համարձակությունը չի՞ հերիքում ուղղակի հայտարարելու, որ այլեւս նպատակահարմար չէ քննությունը շարունակել, եւ կարճում ենք անջատված մասը»։

Գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը, որի վարույթում էր վերջին շրջանում գտնվում դեռ 2000-ի հուլիսի 11-ին «27»-ի մայր գործից անջատված մասը՝ երեկ հրավիրված ասուլիսում հայտնեց, թե մեծածավալ քննչական աշխատանք է կատարվել՝ հարցաքննվել են 172 հոգի, 46 հանձնարարական է տրվել օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ, քննչական խմբի անդամները գործուղվել են Վրաստան (՞) եւ Ուկրաինա: Տուժողների իրավահաջորդները եւ նրանց ներկայացուցիչները ներկայացրել են 21 միջնորդություններ՝ Յունոշեւը 13, Աշոտ Սարգսյանը՝ 7, Բախշյանը՝ 1: Այդ միջնորդություններից 6-ն ամբողջությամբ բավարարվել են, 6-ը՝ մասնակիորեն, իսկ 9-ը մերժվել են. «Դրանցից 5-ը վերաբերել են նույն հարցին՝ տեսաժապավենի տեխնիկական փորձաքննության նշանակմանը»: Նախաքննության ժամկետը երկարացվել է 25 անգամ: «Սակայն այդպես էլ հնարավոր, ենթադրյալ կազմակերպիչների, ինչպես նաեւ՝ կատարված հանցագործությանը այլ մասնակիցների, օժանդակողների, դրդիչների վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել,- ասաց Մարսել Մաթեւոսյանը:- Փաստորեն՝ ստուգվել են առաջ քաշված բոլոր վարկածները եւ ենթավարկածները. կատարված քննչական գործողություններով, ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով ներկա դրությամբ այդպես էլ հնարավոր այլ մասնակիցների գոյության մասին ապացույցներ, ըստ էության, ձեռք չեն բերվել եւ սպառվել է այդպիսիք ձեռք բերելու գործնական հնարավորությունը»: Ըստ նրա՝ քննության արդյունքների ամփոփումն է ցույց տվել. «Այսօր մենք չունենք կոնկրետ անձ, որին մեղադրանք կառաջադրեինք»:

Ասուլիսին ներկա էին նաեւ զին
դատախազության ներկայացուցիչները: Եվ «Առավոտը» հիշեցրեց, թե նրանք բազմիցս բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը, թե «27»-ն ունեցել է կազմակերպիչներ: Հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ վերանայել են այդ դիրքորոշումը՝ զինդատախազության քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանը պատասխանեց. «Կազմակերպիչների մասով իմ վերաբերմունքն արտահայտել եմ ոչ միայն մեղադրական եզրակացության, այլ նաեւ՝ քրգործից մաս անջատելու որոշման մեջ, որտեղ կազմակերպիչների վերաբերյալ ոչ մի նշում չկա: Կազմակերպիչ բառին երբեք անդրադարձ չի եղել»: Իրոք՝ գործից առանձին վարույթ անջատելու որոշման մեջ միայն նշված է, թե այն ընդգրկում է մասնավորապես «կատարված հանցագործությանը գործով դեռեւս չպարզված այլ անձանց հնարավոր մասնակցության, հանցակցության» վերաբերյալ նյութերը: Սակայն անգամ Մարսել Մաթեւոսյանն այս ասուլիսում անջատված գործն անվանեց այսպես. «Հանցագործության այլ մասնակիցների, հնարավոր կազմակերպիչների, օժանդակողների, դրդիչների, ինչպես նաեւ՝ ահաբեկչական գործողությունը խափանելու, կանխելու հնարավորություն ունեցած, իրենց պաշտոնական պարտականությունների կատարման մեջ թերացած այլոց մասով»: Նկատենք նաեւ, որ նախկինում կազմակերպիչների առկայության վերաբերյալ իր դիրքորոշումը դատարանում բազմիցս բարձրաձայնած «27»-ի գործով մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը, որ այժմ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի ավագ դատախազն է, երեկ լռեց:

«Տարեգիրը» հիշեցրեց, որ բավարարվել են Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Աշոտ Սարգսյանը միջնորդությունները Նաիրի Բադալյանի եւ Տիգրան Նազարյանի վերաբերյալ: Մարսել Մաթեւոսյանը վստահեցրեց, թե դրանց ուղղությամբ կատարվել են անհրաժեշտ աշխատանքներ: Սակայն չանդրադարձավ, թե ի՞նչ է արվել Տիգրան Նազարյանի մասով, այլ առարկեց միայն այս հարցերին՝ Նաիրի Բադալյանը կարո՞ղ էր իր նշած հանգամանքներում անցնել այդ երթուղով ու ժամանակում. «Ըստ էության, Աստծո սիրուն՝ դա ի՞նչ է փոխելու: Դե, արի այդ պահին, այդ էմոցիոնալ վիճակում տես, թե նա ինչ արագությամբ է քայլել»: Մարսել Մաթեւոսյանը տարակուսեց. «Ի՞նչ նոր հանգամանք պետք է տար այդ ամենը»: Անկարեւո՞ր է համարվում այն, թե ստո՞ւմ էր Նաիրի Բադալյանը կամ ոչ:

Անակնկալ պարզեցինք, որ ժամանակին բավարարվել է նաեւ մեր միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանին անջատված մասով հարցաքննելու վերաբերյալ: Սակայն այժմ Շենգավիթի դատախազ Ջոն Ֆարխոյանը, որը ժամանակին վարում էր անջատված մասի նախաքննությունը՝ այդպես էլ չկարողացավ մտաբերել, թե ինչ է ասել պրն Սարգսյանը՝ արդյոք նա Ղազար Սարգսյանից, Մելքոն Եսայանից կամ ԱԱՆ որեւէ այլ աշխատակցից ստացե՞լ էր զեկույց Նաիրի Հունանյանի մտադրությունների վերաբերյալ:

Դատախազության ներկայացուցիչները խոստացան, թե անջատված մասի ելքի որոշման մեջ մանրամասն կանդրադառնան, թե ինչ վարկածներ են ստուգվել ու հերքվել, եւ ինչպես է, որ իրենց պատասխանն են ստացել այն բոլոր հարցադրումները, որ կային գործն անջատելու պահին:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել