Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՎ, ԵԹԵ ՈՉ «Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ»

Նոյեմբեր 10,2004 00:00

Հարցազրույց
տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ – Մրցույթը ենթադրում
է մի քանի սուբյեկտների մատուցում: Սակայն ձեր ղեկավարած մրցութային հանձնաժողովը
որոշում կայացրեց՝ «Ղարաբաղ-Տելեկոմին» լիցենզիա տալու մասին հապճեպ, առանց այլընտրանքային
առաջարկները քննարկելու: Ինչո՞ւ: – Կառավարությունն իր որոշմամբ ստեղծել է
հանձնաժողով, որին իրավունք է վերապահել իր՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով
եւ պայմաններով անցկացնել մրցույթ: Բացառիկ դեպքերում այդպիսի հնարավորություն կառավարությունն
ունի օրենքով: Իմ ղեկավարած հանձնաժողովը սահմանեց կարգն ու պայմանները, եւ գտանք,
որ այդ պայմաններին բավարարում է «Ղարաբաղ-Տելեկոմը»: Այդ ընկերության ներկայացրած
ներդրումների փաթեթը նախատեսում է $50 մլնի ներդրում՝ Հայաստանում բջջային կապ ստեղծելու
համար: Մեզ համար հատկապես կարեւոր է Հայաստանի սահմանամերձ շրջաններում այդպիսի
կապ ստեղծելու պարտավորությունը: Իսկ կապի որակը, որն ապահովում է այդ ընկերությունը,
ավելի բարձր է, քան «ԱրմենՏելինը»: Հետեւաբար, երբ մյուս տարի մենք կունենանք բջջային
կապի երկու օպերատոր, այդ ոլորտում կձեւավորվի ձեր ասած մրցակցությունը, որը կիջեցնի
ծառայության գինը եւ կբարձրացնի կապի որակը: Ուզում եմ նշել եւս մի կարեւոր
հանգամանք, որն, անշուշտ, ազդեց մեր հանձնաժողովի որոշման վրա: «Ղարաբաղ-Տելեկոմը»
Ղարաբաղում, այսինքն՝ բիզնեսի տեսակետից ռիսկային գոտում ներդրել է 15 միլիոն դոլար
եւ ըստ մեր կողմից տրված լիցենզիայի՝ պարտավորվում է ԼՂՀ-ում ներդնել եւս $10 մլն:
Բացի դրանից, $7 մլն վճարելու է Հայաստանի պետական բյուջե՝ զուտ լիցենզիայի համար:
Ընկերությունն ապահովել է Ղարաբաղի ռոումինգային կապը 88 երկրների հետ՝ դրանով իսկ
նպաստելով այդ ոլորտում Արցախի ճանաչմանը աշխարհի առաջատար երկրների կողմից: Չէ՞
որ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, այլ զարգացած երկրների կապի օպերատորները
պայմանագրեր են կնքել «Ղարաբաղ-Տելեկոմի» հետ: Ինչո՞ւ մենք նրան չպիտի տայինք հնարավորություն՝
դառնալու Հայաստանում երկրորդ օպերատորը, այն էլ՝ շատ սահմանափակ իրավունքներով.
«Ղ-Տելեկոմն» աշխատելու է միայն բջջային կապի ոլորտում: Հեռահաղորդակցության մնացած
բոլոր ծառայությունները մատուցում է «ԱրմենՏելը»: Վերջապես, մենք մեր այս
քայլով, նաեւ կառավարության նախորդ քայլերով, հակադրվել ենք Ադրբեջանի ծավալած հսկայական
աշխատանքին, որի նպատակն էր զրկել Արցախի մեր հայրենակիցներին արտաքին աշխարհի հետ
կապից: Որեւէ հայ, հուսով եմ, չի ցանկանա, որ Ադրբեջանի նման ծրագրերն իրականանան:
Եվ այս առումով ես կոչ կանեի մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ չշահարկել այս
խնդիրը: Դա այն հարցը չէ, որտեղ հնարավոր է քաղաքական միավորներ վաստակել:
– Ընկերության անվանման մեջ «Ղարաբաղ» բառը կարող է հուշել հասարակությանը, որ այդ
բիզնեսի իրական տերերն են ղարաբաղյան ծագում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաները:
– Դրանք շատ տգեղ բամբասանքներ են: Ես հուսով եմ՝ երբ «Ղարաբաղ-Տելեկոմի»
սեփականատեր, արաբ գործարար Պիեռ Միշել Ֆետուշը գա Հայաստան, դուք հնարավորություն
կունենաք նրա հետ զրուցելու: Այդ ժամանակ նման անհեթեթ կասկածներ չեն առաջանա: Իրականում
ոչ մի հայ պաշտոնյա՝ լինի նա Հայաստանից, թե Ղարաբաղից, ընդհանրապես՝ ոչ մի հայ այդ
բիզնեսի հետ կապ չունի: – Ճի՞շտ է, որ «ԱրմենՏելի» հետ կապված վերջին իրադարձությունների
պատճառով ձեր եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջեւ թշնամանք է
առաջացել: – Դա էլ է մի առասպել: Դավիթ Հարությունյանը եւ ես կառավարության
անդամներ ենք եւ կառավարության նիստերի ժամանակ պարտավոր ենք ներկայացնել մեր տեսակետները:
Երբեմն դրանք համընկնում են, երբեմն՝ ոչ: Եթե բոլոր նախարարները բոլոր հարցերում
միակարծիք լինեին, ապա կառավարության նիստ անցկացնելու ու կարծիքներ փոխանակելու
անհրաժեշտություն չէր առաջանա: Կառավարությունը մանկապարտեզ չի, որ ամեն մի քննարկումից
հետո թշնամանք առաջանա: Դավիթ Հարությունյանն արտահայտեց իր տեսակետը, ես՝ իմը, որից
հետո կառավարությունը որոշում ընդունեց: Հիմա մենք, որպես գործընկերներ, միասին աշխատում
ենք այդ, ինչպես նաեւ մնացած որոշումներն իրականացնելու ուղղությամբ: ԱՐԱՄ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հ. Գ. Ըստ «Արմինֆոյի», երեկ նույն հարցի շուրջ
կարծիք է հայտնել նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա ասելով՝
«Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը, որը ԼՂՀ հեռահաղորդակցության օպերատորն է, Ղարաբաղի
պաշտպանունակությունն ապահովող սուբյեկտ է: Նախարարը նշել է, որ այսօրվա դրությամբ
ընկերությունը փայլուն կապ է ապահովում ԼՂՀ ողջ տարածքում. չկա մի գյուղ, որը զուրկ
լինի կապից, անգամ եթե այնտեղ բնակվում է 2-3 ընտանիք: Դ. Հարությունյանը ընդգծել
է, որ դա, անշուշտ, կարեւոր ռազմավարական դեր է խաղում: «Միեւնույն ժամանակ ԼՂՀ-ն
հայտնվել է բավական բարդ իրավիճակում, երբ Ադրբեջանի ճնշման ներքո որոշ միջազգային
կառույցներ քննարկում էին «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության ապօրինի գործունեության
հարցը, ինչը նշանակում էր ընկերության մեկուսացում հեռահաղորդակցության ոլորտից»,-
հայտարարել է նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել