ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԲԱԶԱՐ Մոտ հինգ ամիս Ագաթանգեղոսի փողոցի բանուկ մայթ տեղափոխված ֆայլաբազարին՝ մութն ընկնելուն պես, հերթափոխում է մարմնավաճառների «մինի շուկան»: Վերջիններս գործազուրկ արհեստավորների հետ նույնպես այստեղ են «տարհանվել» «Այրարատ» կինոթատրոնի տարածքից: Եթե օրվա առաջին կեսին այդ հատվածով անցնելիս պետք է մի կերպ հաղթահարես մայթը բռնազավթած «ֆայլաբազարականների» բազմությունը, ապա երեկոյան, ուզես թե չուզես, ականատես ես լինում մարմնավաճառի ու հաճախորդի սակարկություններին: Ագաթանգեղոսի մարմնավաճառների թիրախ են դառնում հիմնականում նույն հասցեում գործող սպորտդպրոցի անչափահաս մարզիկները: Շատ հաճախ, գումարի քչության պատճառով, պատանի սպորտսմենները նպատակին հասնելու համար «բանակցությունները» մի քանի հոգով են վարում: Ուշագրավ է, որ ոստիկանության աշխատակիցները մարմնավաճառներին չեն նկատում եւ տարածքն ազատելու ուղղությամբ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում: «Մարմնավաճառամերձ» շրջանակների հավաստմամբ, այս բիզնեսի հովանավորները հենց օրինապահներն են, որոնք իրենց «կռիշության» դիմաց մարմնավաճառներից օպերատիվ ինֆորմացիա են ստանում: Փաստորեն, փոխաբերաբար ստացվում է, որ, մեր երկրում մարմնավաճառությունը ծաղկում է հանուն հանցավորության դեմ պայքարի: Լ. Բ.