Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխել

Նոյեմբեր 09,2004 00:00

Փոխել են խաղի կանոնները Այդպես է վարվել Հանրապետական ընդունող հանձնաժողովը՝ արդեն մրցույթի ժամանակ Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի 37 միավոր հավաքած 11 դիմորդի հայցը՝ ընդդեմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության (Հանրապետական ընդունող հանձնաժողովի): Հայցվորները պահանջում էին ՀԸՀ-ի 24.08.04թ. որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչել եւ վերջինիս պարտավորեցնել 11 դիմորդներին ընդգրկել ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի անվճար ուսանողների ցուցակում: Ինչպես հայցվորը, այնպես էլ պատասխանող կողմը նշեցին, որ նախարարի հրամանով ԵՊԲՀ դիմորդներին թույլատրվում է հանձնել մրցութային երեք՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից ցանկացած երկուսը: Դիմորդների ծնողները նշեցին, որ ուսումնասիրելով բոլոր կանոնները, չեն գտել որեւէ կետ, որտեղ նշված լինի, թե առարկաներից մեկը հավասար միավորների դեպքում առավելություն ունի: Հայցվորները ասացին. «Երբ օգոստոսի 25-ին մենք ծանոթացանք անվճար ընդունվածների ցուցակին, նկատեցինք, որ 37 միավոր հավաքած 24 դիմորդ անցել է անվճար ուսուցման, իսկ մեր երեխաները՝ վճարովի»: Պատասխանող կողմը՝ ՀՀ ԿԳ նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Էդուարդ Սանթրոսյանը ներկայացրեց հավասար միավորներ հավաքած դիմորդների առավելությունները, սակայն որեւէ առարկայի առավելության մասին կետ չնշեց: Նա նշեց նաեւ, որ առավելություններից օգտվում են մեդալակիրները եւ նրանք նույնպես կարող են հանձնել երեք մրցութային առարկաներից որեւէ մեկը՝ ըստ ցանկության: Փաստորեն, այստեղ նույնպես նախապատվություն չի տրվում որեւէ առարկայի: Ըստ Էդուարդ Սանթրոսյանի, ՀՀ պետական ուսումնական հաստատությունների առկա կանոնների համաձայն, մրցութային հավասար միավորների դեպքում, առավելությունը տրվում է բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ բուհը մրցութային առարկան ընտրում է ոչ թե նախօրոք, այլ՝ մրցույթի ժամանակ միայն: Դատավոր Սարո Արամյանի կարծիքով, դատական նիստը արդյունավետ չէր, քանի որ պատասխանող կողմը չէր ներկայացրել բողոքող 11 ուսանողի գնահատականների ցուցակը: Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 25-ին: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ Հ. Գ. Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի վերջին այս հարցով իր մտահոգությունն էր հայտնել նաեւ նախագահի վերահսկողական ծառայությունը, սակայն այդ կառույցը մինչ այժմ իր եզրակացությունները չի ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել