Սարքը դարձավ նոր կռվի բույն Բարեգործների քմահաճո՞ւյք, թե՞ բյուրոկրատների ամբիցիաներ Ինչպես արդեն գրել ենք, Գյումրիում սկսվել են թեժ վիճաբանություններ Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոնի նահանգապետ Ժան Նոյել Գերինիի նվիրած մոտ կես միլոն դոլար արժողությամբ համակարգչային տոմոգրաֆիայի (շերտագրման սարք) տեղադրման շուրջ: Հիշեցնենք, որ նրա գլխավորած «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները մեղադրում էին Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանին, նրա կուսակից ընկերոջը՝ Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանին եւ այլ բժիշկների՝ «իր ոտքով Գյումրի հասած» սարքի համար հիվանդանոցներում տեղ չհատկացնելու եւ ավելորդ քաշքշուկներ ստեղծելու մեջ: Ավելին, նրանց ներկայացմամբ, սարքի տեղադրման համար Շիրակի մարզպետը երկու անգամ նահանգապետին «ժամադրել» է՝ երկու անգամն էլ նրանց չհանդիպելով, իսկ փոխարենը ավելի «բարյացակամ» է գտնվել քաղաքապետը՝ լուծելով տարածքի հարցը: Թե ինչո՞ւ են մարզպետարանի պաշտոնյաները այդպես վարվել, փորձեցինք ճշտել Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանից: Նրա պարզաբանմամբ, Գյումրիում հիվանդանոց չի մնացել, որ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին չառաջարկվեր: Մարզպետի հանձնարարությամբ, անձամբ ինքը 5 հիվանդանոց է ցույց տվել, սակայն բարերարները ոչ մեկի պայմանները չեն հավանել. մեկի պատերին են անուն դրել, մյուսի՝ չվերանորոգված տարածքին, իսկ Ավստրիական մանկական հիվանդանոցից «լրացուցիչ» տարածք են խնդրել: Ռուբեն Խաչատրյանի ասելով, իրենց իսկ ձեռքով ներկայացրած հատակագծից զատ, ուր նախատեսված էր 3 սենյակ եւ տոմոգրաֆիայի կաբինետ, բարեգործները եւս երեք սենյակ են պահանջել՝ «բժշկի հանգստի ու չգիտես ինչի համար», որի պատճառով էլ ոչ միայն տնօրենն է կտրուկ մերժել, այլ մարզպետն է հետ կանգնել սեփական որոշումից: Ու այս պահից սկսվել են «անհաջող խոսակցությունները», ավելին՝ «պղտոր ջրում ձուկ որսալը»: Իսկ թե ո՞վ էր այդքան հաջողակ «ձկնորսը»՝ Առողջապահության վարչության պետը պատասխանեց. «Ո՞ւմ հայտնի չէ»: Նա միաժամանակ նկատեց, որ դա ամենեւին էլ քաղաքապետի խոստացած սարքը չէ: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետը, դեռեւս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, խոստացել էր քաղաք վերադարձնել «սատանաների ձեռքով» անհետացած սարքը: Ռուբեն Խաչատրյանի ասելով, Ավստրիական մանկական հիվանդանոցից մերժվելուց անմիջապես հետո ինքը շարունակել է հայաստանյան գրասենյակի պատասխանատու Հովսեփ Հովսեփյանի հետ շրջագայությունը, այս անգամ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Ըստ Ռուբեն Խաչատրյանի, «հեքիաթ» է մարզպետի՝ Գերինիին ժամադրելու եւ չհանդիպելու խոսակցությունը, որը «հորինել» են առողջապահության ոլորտի հետ բացարձակապես առնչություն չունեցող «որոշ չարչիներ»: Պաշտոնյայի ասելով, Գերինին վերջին անգամ չգիտես երբ է Գյումրի այցելել: «Էդ ո՞նց եկավ, որ մենք չտեսանք, չլինի՞ Հովսեփ Հովսեփյանն է իրեն Գերինիի տեղը դրել»,- հարցերը Ռուբեն Խաչատրյանը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ