«ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ» Շաբաթ օրը, նոյեմբերի 6-ին, ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Թբիլիսիում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը: Արձանը կանգնեցվեց ռեժիսորի սիրելի Մեյդանի (հրապարակ Թբիլիսիի կենտրոնում) շրջակայքում, հայտնի «ԾՈվՑՈՔպՉրՍՌպ Ր255Պօ» շենքի անկյունային պատին: Քանդակի գաղափարը ծնվել է թբիլիսահայ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարից, որտեղ Փարաջանովը պատկերված է ցատկի պահին՝ ձեռքերը լայն տարածած: Ներկա էին Փարաջանովի ամենահարազատ մարդիկ՝ կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը, որդին՝ Սուրեն Փարաջանովը, մտերիմները՝ վրաց կինոգործիչ Էլդար Շենգելայան, Երեւանում Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ Սոֆիկո Ճիաուրելին, «Վրացֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Ռեզո Չխեիձեն (որը հայ հանդիսատեսին ծանոթ է որպես «Զինվորի հայրը» ֆիլմի ռեժիսոր), կինոգործիչներ Ռուսաստանից, Վարպետի հարեւանները: Արձանի բացման կապակցությամբ Իտալիայից ժամանել էր հեղինակը՝ ծնունդով թբիլիսցի քանդակագործ Վաժա Միկաբերիձեն (Պրաստո): Պրաստոն «Առավոտին» բացատրեց, թե ինչու է ընտրել Վարպետի հատկապես այս կերպարը. «Ես կարծում եմ՝ Մեչիտովի այդ լուսանկարը հրաշալի է ցույց տալիս մի մարդու կերպար, որը լի է ոգեշնչումով եւ կենսուրախությամբ: Ես փորձել եմ այդ ուրախությունը ցույց տալ այս քանդակով»: Քանդակագործն «Առավոտին» ասաց նաեւ, որ արձանի վրա աշխատել է մեկուկես տարի: «Ես նրա մեծ ազդեցության տակ եմ: Նրա էսթետիկան իմ մեջ կա: Քանդակելիս ես միշտ զգում եմ, եւ իմ գործերում էլ նրա շունչը կա»: Սվետլանա Շչերբատյուկը բացման արարողությանն ասաց՝ ինքն ուրախ է, որ վերջապես կանգնեցվեց Փարաջանովի՝ աշխարհում երրորդ արձանը՝ Կիեւից եւ Երեւանից հետո. «Նա շատ ուրախ կլիներ»: (Երեւանում արձանը պատրաստ է, սակայն բացառապես ֆինանսական պատճառներով այն դեռեւս չի տեղադրվել): Փարաջանովի այրին «Առավոտին» տրված հարցազրույցում ասաց, որ արձանն իրեն ընդհանուր առմամբ դուր է գալիս, սակայն այն մի թերություն ունի: Բանն այն է, որ Մեչիտովի այդ լուսանկարում Փարաջանովը պատկերված է փողոցում, բնակարանների ֆոնին, իսկ այստեղ, ինչպես Սվետլանա Իվանովնան ասաց, նա «թիթեռնիկի նման փակցված է պատին»: «Ես խորհրդակցել եմ իմ նկարիչ ընկերների հետ: Ես իրավունք չունեմ քանդակագործին խորհուրդներ տալու, սակայն նրան միջնորդավորված հաղորդել են, որ պատին ապահովի ինչ-որ պերսպեկտիվ: Բայց ինձ շատ է դուր գալիս հատկապես դեմքի արտահայտությունը»: Ներկաներից շատերը Փարաջանովին անվանեցին «քսաներորդ դարի Սայաթ-Նովա»: Իսկ Սոֆիկո Ճիաուրելին «Առավոտին» ասաց, որ իրենք՝ Վրաստանի կինեմատոգրաֆիստները, ջանում են արձանի փոքրիկ հրապարակն էլ անվանակոչել տալ Փարաջանովի անվամբ: Ինչպես ներկաներից շատերն էին ասում, մահվանից 14 տարի անց Վարպետը վերջապես նորից հայտնվեց իր քաղաքում, «այս անգամ եկավ թռչելով»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԹբիլիսիԱռաջիկայում կարդացեք Փարաջանովի կնոջ եւ որդու բացառիկ հարցազրույցը «Առավոտին»: