«Լուրեր թշնամուց» Միջազգային զանազան խորհրդաժողովների ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ իրենց զեկույցներում խոսել են մամուլի օգտագործմամբ երկու հասարակություններում փոխադարձ ատելության եւ թշնամանքի սերմանման անթույլատրելիության մասին: Դժվար է գնահատել, թե նման հավաքները հետագայում որքանով են նպաստել երկու երկրներում ԶԼՄ-ների թողարկած լրատվական եւ հատկապես հրապարակախոսական նյութերում թշնամանքի մեղմացմանն ու փոխհանդուրժողականության աճին: Սակայն փաստը մնում է փաստ, որ գոնե Ադրբեջանում այս խնդիրը շարունակում է խիստ արդիական մնալ: Նոյեմբերի 3-4-ին Թբիլիսիում «Հարավային Կովկասի հասարակությունն ու ԶԼՄ-ները, տարածաշրջանային հարցերի փոխընդունելի լուծումների որոնումներ» թեմայով կոնֆերանսի ժամանակ (կազմակերպիչներ՝ Երեւանի մամուլի ակումբ, Ադրբեջանի «Ենի նեսիլ» (Նոր սերունդ) հ/կ եւ «Բլաք Սի պրես» ասոցիացիա) ադրբեջանցի պատվիրակներից մեկն ապշեցուցիչ մի փաստ ներկայացրեց, որը ներկաների վրա ուղղակի սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ: Պարզվում է, որ Բաքվի բավականաչափ հայտնի թերթերից մեկում՝ «Էքսպրես»-ում, գոյություն ունի «Լուրեր թշնամու մասին» անվանումը կրող մշտական խորագիր, որի ներքո ամիսը մեկ անգամ ներկայացվում են Հայաստանին առնչվող՝ ըստ իրենց առավել հետաքրքիր լուրերը: Ադրբեջանը ներկայացնող լրագրողներն ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն այդ փաստի մասին խոսում էին նկատելի չկամությամբ ու մի տեսակ՝ անհարմար զգալով, սակայն փաստը մնում է փաստ, որ հարավկովկասյան ԶԼՄ-ները, իհարկե՝ ոչ առանց իրենց պատվիրատուների եւ հովանավորների պարտադրած քաղաքական ուղեգծի ազդեցության, շարունակում են յուղ լցնել առանց այդ էլ տեսանելի ապագայում հանգչելու հեռանկար չունեցող տարածաշրջանային «կրակների» վրա: Իմ այն հարցին, թե արդյո՞ք այդ խորագրի տակ Հայաստանից բացի որեւէ այլ երկիր չի «հանգրվանում», ադրբեջանցի լրագրողը պատասխանեց. «Թերթի այդ հատվածում մատուցվող լրատվության գրեթե 90%-ը վերաբերում է Հայաստանին, մոտ 10 տոկոսը, թերեւս, բաժին է ընկնում ՌԴ-ին»: Այս ամենի համապատկերում արդեն դժվար չէ ընդհանուր գծերով պատկերացնել, թե որքանով ԼՂ հարցի կարգավորման որեւէ, անգամ՝ առարկայորեն լավագույն լուծումն ընկալելի կլինի հայկական եւ համապատասխանաբար՝ ադրբեջանական հասարակությունների համար, եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ կողմերի քաղաքական առաջնորդները բանակցությունների ընթացքում հաշտության եզրեր են գտել: Մի հարցում միջոցառման բոլոր մասնակիցները համակարծիք էին. Հարավային Կովկասում չկա եւ տեսանելի ապագայում չի կարող ձեւավորվել ազատ եւ քաղաքական պարտադրանքներից ձերբազատված մամուլ, հետեւաբար պետք է սպասել, որ հարավկովկասյան հանրապետություններում մամուլը դեռ երկար կշարունակի սպասարկել քաղաքական այս կամ այն խմբավորման շահերը, այլ ոչ թե կծառայի ի վերուստ իրեն վերապահված առաքելությանը, այն է՝ անաչառ տեղեկատվության տրամադրում: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ Թբիլիսի-Երեւան