Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխել են խաղի կանոնները

Նոյեմբեր 09,2004 00:00

Այդպես
է վարվել Հանրապետական ընդունող հանձնաժողովը՝ արդեն մրցույթի ժամանակ Երեկ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց Երեւանի
պետական բժշկական համալսարանի 37 միավոր հավաքած 11 դիմորդի հայցը՝ ընդդեմ ՀՀ կրթության
եւ գիտության նախարարության (Հանրապետական ընդունող հանձնաժողովի): Հայցվորները պահանջում
էին ՀԸՀ-ի 24.08.04թ. որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչել եւ վերջինիս պարտավորեցնել
11 դիմորդներին ընդգրկել ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի անվճար ուսանողների ցուցակում:
Ինչպես հայցվորը, այնպես էլ պատասխանող կողմը նշեցին, որ նախարարի հրամանով ԵՊԲՀ
դիմորդներին թույլատրվում է հանձնել մրցութային երեք՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն
առարկաներից ցանկացած երկուսը: Դիմորդների ծնողները նշեցին, որ ուսումնասիրելով բոլոր
կանոնները, չեն գտել որեւէ կետ, որտեղ նշված լինի, թե առարկաներից մեկը հավասար միավորների
դեպքում առավելություն ունի: Հայցվորները ասացին. «Երբ օգոստոսի 25-ին մենք ծանոթացանք
անվճար ընդունվածների ցուցակին, նկատեցինք, որ 37 միավոր հավաքած 24 դիմորդ անցել
է անվճար ուսուցման, իսկ մեր երեխաները՝ վճարովի»: Պատասխանող կողմը՝ ՀՀ ԿԳ նախարարության
իրավաբանական վարչության պետի տեղակալ Էդուարդ Սանթրոսյանը ներկայացրեց հավասար միավորներ
հավաքած դիմորդների առավելությունները, սակայն որեւէ առարկայի առավելության մասին
կետ չնշեց: Նա նշեց նաեւ, որ առավելություններից օգտվում են մեդալակիրները եւ նրանք
նույնպես կարող են հանձնել երեք մրցութային առարկաներից որեւէ մեկը՝ ըստ ցանկության:
Փաստորեն, այստեղ նույնպես նախապատվություն չի տրվում որեւէ առարկայի: Ըստ Էդուարդ
Սանթրոսյանի, ՀՀ պետական ուսումնական հաստատությունների առկա կանոնների համաձայն,
մրցութային հավասար միավորների դեպքում, առավելությունը տրվում է բուհի կողմից նշված
առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին: Սակայն
ամբողջ խնդիրն այն է, որ բուհը մրցութային առարկան ընտրում է ոչ թե նախօրոք, այլ՝
մրցույթի ժամանակ միայն: Դատավոր Սարո Արամյանի կարծիքով, դատական նիստը արդյունավետ
չէր, քանի որ պատասխանող կողմը չէր ներկայացրել բողոքող 11 ուսանողի գնահատականների
ցուցակը: Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 25-ին: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ Հ. Գ. Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի վերջին այս հարցով
իր մտահոգությունն էր հայտնել նաեւ նախագահի վերահսկողական ծառայությունը, սակայն
այդ կառույցը մինչ այժմ իր եզրակացությունները չի ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել