Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ»

Նոյեմբեր 09,2004 00:00

Շաբաթ
օրը, նոյեմբերի 6-ին, ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Թբիլիսիում բացվեց Սերգեյ
Փարաջանովի արձանը: Արձանը կանգնեցվեց ռեժիսորի սիրելի Մեյդանի (հրապարակ
Թբիլիսիի կենտրոնում) շրջակայքում, հայտնի «ԾՈվՑՈՔպՉրՍՌպ Ր’Պօ» շենքի անկյունային
պատին: Քանդակի գաղափարը ծնվել է թբիլիսահայ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարից,
որտեղ Փարաջանովը պատկերված է ցատկի պահին՝ ձեռքերը լայն տարածած: Ներկա էին
Փարաջանովի ամենահարազատ մարդիկ՝ կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը, որդին՝ Սուրեն Փարաջանովը,
մտերիմները՝ վրաց կինոգործիչ Էլդար Շենգելայան, Երեւանում Փարաջանովի տուն-թանգարանի
տնօրեն Զավեն Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ Սոֆիկո Ճիաուրելին, «Վրացֆիլմ»
կինոստուդիայի տնօրեն Ռեզո Չխեիձեն (որը հայ հանդիսատեսին ծանոթ է որպես «Զինվորի
հայրը» ֆիլմի ռեժիսոր), կինոգործիչներ Ռուսաստանից, Վարպետի հարեւանները: Արձանի
բացման կապակցությամբ Իտալիայից ժամանել էր հեղինակը՝ ծնունդով թբիլիսցի քանդակագործ
Վաժա Միկաբերիձեն (Պրաստո): Պրաստոն «Առավոտին» բացատրեց, թե ինչու է ընտրել
Վարպետի հատկապես այս կերպարը. «Ես կարծում եմ՝ Մեչիտովի այդ լուսանկարը հրաշալի
է ցույց տալիս մի մարդու կերպար, որը լի է ոգեշնչումով եւ կենսուրախությամբ: Ես փորձել
եմ այդ ուրախությունը ցույց տալ այս քանդակով»: Քանդակագործն «Առավոտին» ասաց նաեւ,
որ արձանի վրա աշխատել է մեկուկես տարի: «Ես նրա մեծ ազդեցության տակ եմ: Նրա էսթետիկան
իմ մեջ կա: Քանդակելիս ես միշտ զգում եմ, եւ իմ գործերում էլ նրա շունչը կա»: Սվետլանա
Շչերբատյուկը բացման արարողությանն ասաց՝ ինքն ուրախ է, որ վերջապես կանգնեցվեց Փարաջանովի՝
աշխարհում երրորդ արձանը՝ Կիեւից եւ Երեւանից հետո. «Նա շատ ուրախ կլիներ»: (Երեւանում
արձանը պատրաստ է, սակայն բացառապես ֆինանսական պատճառներով այն դեռեւս չի տեղադրվել):
Փարաջանովի այրին «Առավոտին» տրված հարցազրույցում ասաց, որ արձանն իրեն ընդհանուր
առմամբ դուր է գալիս, սակայն այն մի թերություն ունի: Բանն այն է, որ Մեչիտովի այդ
լուսանկարում Փարաջանովը պատկերված է փողոցում, բնակարանների ֆոնին, իսկ այստեղ,
ինչպես Սվետլանա Իվանովնան ասաց, նա «թիթեռնիկի նման փակցված է պատին»: «Ես խորհրդակցել
եմ իմ նկարիչ ընկերների հետ: Ես իրավունք չունեմ քանդակագործին խորհուրդներ տալու,
սակայն նրան միջնորդավորված հաղորդել են, որ պատին ապահովի ինչ-որ պերսպեկտիվ: Բայց
ինձ շատ է դուր գալիս հատկապես դեմքի արտահայտությունը»: Ներկաներից շատերը
Փարաջանովին անվանեցին «քսաներորդ դարի Սայաթ-Նովա»: Իսկ Սոֆիկո Ճիաուրելին «Առավոտին»
ասաց, որ իրենք՝ Վրաստանի կինեմատոգրաֆիստները, ջանում են արձանի փոքրիկ հրապարակն
էլ անվանակոչել տալ Փարաջանովի անվամբ: Ինչպես ներկաներից շատերն էին ասում, մահվանից
14 տարի անց Վարպետը վերջապես նորից հայտնվեց իր քաղաքում, «այս անգամ եկավ թռչելով»:
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԹբիլիսիԱռաջիկայում կարդացեք Փարաջանովի
կնոջ եւ որդու բացառիկ հարցազրույցը «Առավոտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել