Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենթին» փոխարինեց կադրային չեկիստը

Նոյեմբեր 09,2004 00:00

Կառլոս Պետրոսյանը գողացած մեքենա՞ էր գնել

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Գոռ Հակոբյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակելու մասին եւ աշխատակազմին անձամբ ներկայացրեց նոր ղեկավարին: Հիշեցնենք, որ մինչ այդ, դեռ անցած ուրբաթ օրը ԱԱ ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել էր Կառլոս Պետրոսյանը: Վերջինիս պաշտոնանկությունը շատերի համար անակնկալ էր, որովհետեւ վաղուց արդեն մարել էին խոսակցությունները ԱԱ նախկին նախարար, իսկ այժմ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Կառլոս Պետրոսյանի միջեւ ինչ-ինչ հակասությունների մասին: Ոմանք այսօր էլ Կ. Պետրոսյանի պաշտոնանկությունը կապում են հենց այդ հակասությունների հետ: Շրջանառվող էլի մի վարկածի համաձայն, որն, անշուշտ, դեռ ճշտելու կարիք ունի, նրա պաշտոնանկության շարժառիթ է եղել գողացված ավտոմեքենաների վաճառքի տանիք լինելը: Այդ՝ «ապաքաղաքական» վարկածի մեկ այլ տարբերակն էլ այն է, որ Կ. Պետրոսյանը, գնելով իր հերթական շքեղ ավտոմեքենան, պարզապես չգիտեր, որ այդ մեքենան գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ որպես գողացած։

Իր պաշտոնավարության օրոք Կ. Պետրոսյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ մարդ, ու նրա պաշտոնանկության իրական պատճառը այս ոլորտին քիչ թե շատ ծանոթ մարդիկ դժվարացան մեկնաբանել: Ընդամենը մեկ աշխատանքային օր պահանջվեց Կ. Պետրոսյանի փոխարեն ԱԱԾ նոր ղեկավար նշանակելու համար: Գոռ Հակոբյանը 58 տարեկան է, ծնունդով՝ գյումրեցի։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ Մոսկվայում՝ ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցը: Նա այդ համակարգում երբեւէ աշխատած պաշտոնյաների կարծիքով ամենահարմար թեկնածուն է այդ պաշտոնում՝ նկատի ունենալով նրա երկարամյա վաստակն այդ ոլորտում: Նա կադրային սպա է՝ գեներալ-մայոր, եւ համակարգում աշխատում է դեռ խորհրդային ժամանակներից՝ 1970-ից: Գ. Հակոբյանի առաջխաղացումը համակարգում կապվում է ԱԱՊՎ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի հետ: 1994-ին Գ. Հակոբյանը, որ հակահետախուզության վարչության պետի տեղակալ, ապա պաշտոնակատար էր, նշանակվեց հիշյալ վարչության պետ: 1997-99թթ. նա զբաղեցրել է ՆԳ եւ ԱԱ նախարարի, իսկ 1999-2002-ը՝ ԱԱ նախարարի, ապա՝ ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնները: Ի դեպ, նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ նա ի պաշտոնե համակարգում էր հակահետախուզության բաժինը, ասել է թե՝ ի պաշտոնե, եթե նա լավ պրոֆեսիոնալ լիներ, նաեւ պետք է, որ տեղյակ լիներ «27»-ի նախապատրաստման մասին: Հիշեցնենք, որ «27»-ի գործով անցել են այդ համակարգի օպերատիվ աշխատակիցներ, որոնք եղել են Գ. Հակոբյանի ենթակայության տակ՝ Վահան Մանուկյան, Կարեն Պարունակյան, Արամ Բեգոյան, Մելքոն Եսայան:

Բոլոր դեպքերում ոլորտին քաջատեղյակ մեր աղբյուրների հավաստմամբ, թեեւ Կ. Պետրոսյանի համեմատությամբ Գ. Հակոբյանը պրոֆեսիոնալ է եւ հոյակապ ֆունկցիոներ, այդուհանդերձ այդ փոփոխությունը համակարգի գործունեության արդյունավետության տեսանկյունից որեւէ բան չի փոխի:

Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել