Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԵՏՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ՝ ԻՐ ԵԶՐԵՐՈՎ

Նոյեմբեր 06,2004 00:00

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԵՏՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ՝ ԻՐ ԵԶՐԵՐՈՎ Արմեն Շեկոյանին՝ բանաստեղծին ու գրողին, նաեւ՝ նախորդ ու ներկա դարիս անխոնջ գրչին, ով 1988 թվականից հետո կատարված անցքերը ներկա եւ ապագա սերունդների համար տարեգրեց միջին դասարանների փոխադրությանտեքստերով, ապա եւ՝ տարեգրում է պատմվածքներովՓաստորեն 1987 թվականի մայիսի վերջին՝ ավարտական երեկոյի օրը, Ակաթն անզգուշորեն ու փիս սայթաքեց, եւ 1988 թվականի ճիշտ փետրվարի 20-ին՝ երբ օպերայի բակն ալեկոծվում էր, օպերայից մի կանգառ ներքեւ՝ Մարգարյանում, փաստորեն, ծննդաբերեց: 1987-ի մայիսյան էդ օրը պիտի որ տասնվեցուկես տարեկան լիներ, չնայած մայրը հետո, երբ սայթաքելու հետեւանքով աղջկա փորը սկսեց կլորանալ, ասում էր. «Փաստորեն տասնըյոթը վաղուց է լրացել»: …Ավարտական երեկոյի օրն էր, ավելի ճիշտ երեկոյից հետո, գիշերով, մի քանի բաժակ էլ գինի էր խմել, տուն էին գալիս, այսինքն իրենց դասարանի մի քանի տղաներ իրեն տուն էին ուղեկցում: Սայթաքեց: Ու սայթաքեց փիս մի տեղում: Իսկ էդտեղ՝ հենց փողոցի մեջտեղում (մի այլ տարբերակով՝ պուրակի ծառերի տակ, երրորդ տարբերակով՝ իրենց հսկա բազմահարկի ամենամութ՝ հինգերորդ հարկի աստիճանահարթակում) մի ոստ էր ցցված: Ու թարսի պես էդ ոստը, փաստորեն…8230 Ակաթը, իր ասելով, ճչացել էր, զգացել, որ ցավ առավ ու արյուն է հոսում: Մի խոսքով, երբ տուն հասավ, մայրն էլ զգաց, որ մի բան է պատահել, հետո, ոտքին արյան հետք նկատելով ու սայթաքելն իմանալով, վաշ-վիշ արեց, մտածեց՝ բժշկի դիմի՞, թե՞ չէ: «Քոռանամ ես, – ասաց, – աղջիկս դժբախտացավ, դե արի ու հետո ապացուցիր, որ կուսությունը սայթաքելուց է կորցրել»: Այդ պատմությունը մայրը ստիպված էր հետո մի քանի անգամ պատմել, մանավանդ առաջին անգամ՝ բժշկի մոտ, երբ սա զննում էր աղջկան: Հետո ուզում էին ամեն ինչ թաքցնել, բայց երբ հարեւանները սկսեցին փսփսալ, մայրը նորից ու նորից պատմեց սայթաքելու պատմությունը: Խեղճ աղջիկն իսկապես փիս էր սայթաքել, էն էլ՝ ամո՜թ, հինգ-վեց տղայի ներկայությամբ, ու նրանք էլ, ստիպված, օգնել էին… 8230Խեղճ աղջիկն իսկապես փիս էր սայթաքել, էնքան փիս, որ մի քանի ամիս անց փորը հստակորեն սկսեց կլորանալ: Մայրն աղջկա մարմնի հետ կատարվողը զգաց (բայց դեռ չխոստովանեց ու անգամ աղջկան էլ նորից չտանջեց) այն օրը, երբ համալսարանի իրավաբանականի ցուցակները կախեցին ու իրենք տեսան (չնայած վաղուց գիտեին), որ Ակաթը, փաստորեն, չի ընդունվել: Չորս հատ երեք էր ստացել: Դե, իրավաբանական հենց էնպես էր դիմել, որ հետո ասեր՝ «իրավաբանականից դուրս մնացի, փաստորեն, մի աչոկով», համ էլ, որովհետեւ իրենց դասարանի Արտուրիկն էլ էր իրավաբանական դիմել, իսկ ինքը թաքուն սիրահարված էր Արտուրիկին, բայց վերջինս, էն սայթաքելու օրվանից հետո իր հետ չէր խոսում: Թե ի՞նչ էր իմացել Ակաթին ուղեկցող տղաներից, հայտնի չէ, բայց Ակաթի հետ չէր խոսում: Դեռ վաղուց դասարանցիներն ասում էին, թե Ակաթը, ճիշտ է իրենց դասարանի գեղեցկուհին չէ, բայց, փաստորեն, ամենացանկալին է: Չէ, դե նրանք ասում էին ամենասեքսուալը, մանավանդ էն երեկոյի շորով: Իսկ Արտուրիկը, որ իրենց դասարանի ամենասիրունն էր, միշտ քիթը ցցած էր: Ակաթին Արտուրիկ անունը շատ էր դուր գալիս: Թեպետ գիտեր, որ գրվում է թ-ով, բայց ինքն իր թաքուն գրառումներում միշտ տ-ով էր գրում ու էդպես էլ արտասանում: Իսկ իր անունից խորշում էր՝ Ակա՜թ: Հերը դպրոցում ընդամենը մի բանաստեղծություն էր անգիր արել՝ Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» – ը, ու ամենից շատ սիրել էր «Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով» տողը, դրա համար էլ աղջկա անունը Ակաթ էր դրել («Հո Կաթ չէի դնելու»,- ասում էր հերը), առանց իմանալու անգամ, թե ակաթն ինչ է նշանակում: Մի խոսքով, 1988 թվականի փետրվարի 20-ին, երբ օպերայի բակն ալեկոծվում էր, Ակաթը Մարգարյանում ծննդաբերում էր: Փաստորեն, 17 տարեկանում (թեպետ մայրը հետո բոլորին ասում էր, թե, փաստորեն, 18-ը վաղուց է լրացել) Ակաթը մայր դարձավ: Մանկաբարձների մի մասն օգնում էր՝ դժվար ծնունդ էր, մյուսները՝ «Լրաբեր» ու «Վրեմյա» էին նայում ու լուրեր բերում: Աղջիկ ծնվեց: Ակաթի հայրն աղջկա փորը կլորանալուց հետո նրանից երես էր թեքել, ոչ տեսնել էր ուզում, ոչ խոսել, իսկ երբ իմացավ, որ աղջիկ է ծնվել, «իրա նման լիրբ պիտի լինի, էլի», – ասաց, ու կնոջը պատվիրեց. «Մեր տուն էլ չմտնի, բնակարան վարձիր, թող գնա իր համար ոնց ուզում է ապրի»,-ասաց, իսկ մտքում՝ «Կապույտ աղջիկ, ակաթի…»: «Թո՜ւ, ակաթ էի կարծում»: Թեպետ չգիտեր, թե ակաթն ինչ է: Փառք Աստծո, ձեռքները քարի տակ չէր, միսենյականոց վարձեցին. բայց դե մոր սիրտ էր, չէր դիմանում, ամեն օր գնում էր աղջկան օգնելու՝ երեխային լողացնելու, ճաշ եփելու եւ այլն: Համ էլ ամսական մի քիչ փող էր տալիս, որ աղջիկն ու թոռը կարողանային ապրել: Փաստորեն, հեղափոխությունն անցավ առանց Ակաթի ակտիվ մասնակցության, թեպետ ինքը դպրոցում միշտ էլ ակտիվ աղջիկ էր եղել՝ էլ ջոկատի խորհրդի անդամ, էլ կոմսոմոլի քարտուղարի տեղակալ: Բայց դե մայրանալուց հետո, մանավանդ՝ բացի իրենից հույսը մեկ էլ մոր վրա կարող էր դնել, ինքը, փաստորեն, ակտիվանալու ոչ ժամանակ ուներ, ոչ էլ ցանկություն: Հեղափոխությունից հետո, երբ աղջիկը, փաստորեն, արդեն երեք տարեկան էր, մանավանդ՝ երբ հիսունանոցներն ու հարյուրանոցները փոխելու պատմությունը սկսվեց, ու երբ փողի արժեքը գնալով զրո էր դառնում, իսկ տան վարձն էլ սկսել էին դոլարով ուզել, ապրելը դժվարացավ: Հայրը, փաստորեն, հեղափոխության ցնցումներին չդիմանալով (մոր ասելով էր էդպես) 1991 թվականին, աշխատանքը կառավարական ավտոպարկում կորցնելու ցավից ինֆարկտ ստացավ ու մահացավ՝ էդպես էլ թոռանը չտեսնելով ու աղջկան չներելով: Հոր մահից հետո մայրն Ակաթին վերադարձրեց տուն. համ տան վարձը սկսեցին խնայել, համ էր մայրը հանձն առավ երեխային խնամել, եթե Ակաթը գործ գտնի: Գործ գտավ նոր բացված տոնավաճառներից մեկում: Մայրանալուց հետո, հարեւան տղաների ասելով, Ակաթն էլ ավելի ցանկալի, այսինքն՝ սեքսուալ էր դարձել: Իրենց հարեւանությամբ գյուղից եկած մի աչքաբաց տղա էր վարձով ապրում: Նա էլ հենց գտավ գործը: Այդ տղան սեղանիկ ուներ էդ տոնավաճառում, ու փաստորեն, միասին էին աշխատում, գնում գործի, գալիս: Ակաթն էդ գործին համաձայնեց նաեւ այն պատճառով, որ էդ տղայի անունն էլ Արտուրիկ էր: Դե անունը նաեւ ցանկություններ էր բերում. մեկ-մեկ էլ գործից հետո, գիշերով, միասին տուն գալիս, Արտուրիկ-2-ի մեքենայի մեջ, երբեմն նաեւ՝ երբ մի քիչ ավել փող էր ընկնում ձեռքներն ու կարող էին շուկայի կողքի հյուրանոցում մի սենյակ վերցնել մի քանի ժամով… Տղայի վարձով սենյակն էլ հարմար էր, բայց դե իրենք ամբողջ օրը աշխատում էին, ոչ շաբաթ ունեին, ոչ կիրակի, համ էլ հարեւանները բա որ հանկարծ տեսնեի՞ն… Մի խոսքով՝ սայթաքում էր: Բայց հիմա արդեն զգույշ էր: Իրենց դասարանի Արտուրիկին մեկ էլ հեռվից տեսավ 1995 թ. սեպտեմբերի մեկին՝ երբ աղջկան տարավ առաջին դասարան: Իբրեւ պատվավոր հյուր եկել էր նոր ուսումնական տարվա արարողությանը: Մեկ ուզեց մոտենալ, մեկ էլ, դե, էն անեկդոտի նման. «իրա հերն էլ անիծած»: Անեկդոտում «հերն էլ անիծած» – ը ավելի տղամարդավարի էր հնչում, բայց Արտուրիկի հասցեին չուզեց էդ կոպիտ բառերն օգտագործել: Տոնավաճառում անընդհատ տղամարդկանց հետ շփվելը նաեւ հայհոյել էր սովորեցրել, բայց, իհարկե, երբեք երեխայի ներկայությամբ: Ակաթի աղջիկը՝ սիրուն-սիրուն, ուղղակի հրաշք: Երբ տոնավաճառում կողքի աշխատողները հարցնում էին, թե ում է քաշել էդքան սիրուն, ասում էր, առանց ամաչելու ու քաշվելու. «էհ, ես ի՞նչ իմանամ՝ ո՞ր մեկին, հինգ կամ վեց հոգի էին, կարող է բոլորից էլ մի քիչ կա, փաստորեն, խառնուրդ է էլի, սիրուն պիտի լինի8230»: Էդ օրն էր, որ ընկերուհիներից մեկը հարցրեց. «Ակաթ, բա ինչո՞ւ խմբակային բռնաբարության համար դատի չտվեցիր դրանց»: «Աղջի,-պատասխանեց ինքը,- ի՞նչ բռնաբարություն, ամեն ինչ իմ հոժար ցանկությամբ է եղել, համ էլ մեր դասարանի տղերքն էին, հո նրանց վատություն չէի՞ անելու՝ գնային եսիմ ինչքան նստեին»: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին իրենք Արտուրիկ-2-ի մեքենայով Բագրատաշենից էին գալիս: Երեւան մտնելիս ավտոտեսուչները կանգնեցրին: Արտուրիկ-2-ը 1000 դրամանոցը ձեռքին դուրս եկավ: Թեպետ ոչ մի խախտում էլ չէր արել, բայց դե գիտեր՝ եթե կանգնեցրել են, մի բան պիտի տաս: Սակայն ավտոտեսուչներն ու նրանց հետ կանգնած ավտոմատավորներն իրենց տարօրինակ էին պահում: Մեքենայից իջեցրին նաեւ Ակաթին ու սկսեցին զննել, բեռնաթափքը նայել: Ու կանգնեցնում էին բոլոր մեքենաները: Իրենք ոչ մի բան չէին հասկանում: Արտուրիկ-2-ը սրանից-նրանից հետքրքրվեց ու իմանալով եղելությունը, Ակաթին մի կողմ քաշեց ու բացատրեց: Մի խոսքով, քաղաք մտան ահագին ուշացումով, բայց էլ իրենց տոնավաճառի կողմ չգնացին: Ակաթը տուն մտավ թե չէ՝ տեսավ մայրը հեռուստացույցի առջեւ նստած՝ ալիքներն է փոխում: Հաջորդ ամբողջ շաբաթը տոնավաճառը փակ էր, եւ Ակաթը, փաստորեն, հսկայական կորուստներ ունեցավ: 2002 թվականի հուլիսին, Ակաթի փաստորեն 14 տարեկան ու հինգ ամսական աղջիկն էլ անզգուշորեն սայթաքեց: Անտառում: Դասարանով արշավի էին գնացել, դասղեկն իր ուսանող տղային էլ էր բերել, որ խորոված անի: Ու երբ դասղեկի ուսանող տղայի հետ սոճու կոներ հավաքելով խորացել էին անտառում, աղջիկն անզգույշ սայթաքեց, ու… Այդ սայթաքելն ուշ իմացվեց, բայց միլիցիա չդիմեցին. աղմուկի հավես չունեին, համ էլ էն տղայի մանկավարժ ծնողները ձեն չհանելու համար մի քիչ փող էին տվել: Անցուցք էլ չուզեցին անել. համ ուշ էր արդեն, համ էլ բժիշկները խորհուրդ չտվեցին. «Աղջկա ապագան կվտանգեք»,- ասացին: 2003 թվականի ապրիլի էն օրը, երբ ընտրված կամ չընտրվածը (Ակաթին դա իսկի չէր էլ հետաքրքրում, ոչ ընտրությունների էր գնացել, ոչ ցույցերի մասնակցել. գործերը տոնավաճառում լավ էին, փողը կար, սիրածների պակաս էլ չէր զգում, իսկ էդ օրերին միակ մտահոգությունն աղջիկն էր) երդում էր ուտում՝ փաստորեն հավաստիացնելով, թե բոլորին հավասարապես լավ աչքով կնայի, իրենց դասարանի Արտուրիկը ժպտում էր բոլոր ալիքներով, իսկ ոստիկանները նոր հեղափոխության ելածներին էին մահակներով ծեծում, Ակաթի՝ փաստորեն 15 տարեկան ու երկու ամսական աղջիկը հիվանդանոցում ծննդաբերեց: «Փառքդ շատ, Տեր Աստված», – անկեղծորեն ուրախացավ Ակաթը, երբ հիվանդանոցի քույրը դուրս եկավ ու հայտնեց, թե ծնվածը, փաստորեն, տղա է: Ու թոռան անունը Արտուրիկ դրեց: Փաստորեն, հենց էդպես՝ Արտուրիկ, տ-ով: Ակաթը, փաստորեն, 32 (իսկ մոր ասելով՝ 33) տարեկան տատիկ դարձավ: Միանշանակ Հեղափոխությունը Պետրոսի համար, միանշանակ, օգտակար եղավ: Այն օրը, երբ իրենց դասարանի Ակաթն անզգուշորեն ու փիս սայթաքեց, ինքն էլ նրան տուն ուղեկցող տղաներից մեկն էր, բայց, միանշանակ, խառնված չէր էդ պատմությանը, որովհետեւ էն ժամանակ ամաչկոտ տղա լինելով, միայն էնպես, մի թեթեւ օգնել էր Ակաթին: Այսինքն, մինչեւ վերջ, միանշանակ, ներկա չէր եղել, դե՝ երրորդն էր եղել, բայց միանշանակ չես կարող ասել, թե հղիանալու գործում իր բաժինն էլ կար, մանավանդ էդ պահին մատները խաչ էր արել: 1988 թվականի փետրվարի 20-ին, երբ Ակաթը Մարգարյանում ծննդաբերում էր, ինքն օպերայի բակում էր, եւ միանշանակ աջակցում էր ցուցարարներին: Դպրոցն ավարտելուց հետո պոլիտեխնիկ էր ընդունվել, բայց 88-ի ամռանը, սեսիան ավարտվեց թե չէ, բանակ տարան: Սովետը նոր կարգեր էր մտցրել. ինստիտուտ ընդունված բոլոր տղաները պիտի ծառայեին, հետո գային եւ ուսումը շարունակեին: Ինքն էլ ընկավ ալիքի տակ ու տուն վերադարձավ ճիշտ իշխանափոխության պահին՝ 1990 թվականի մայիսին, երբ Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ն հաղթանակեց: Ինքը միանշանակ ՀՀՇ-ի կողմն էր ու ձայնն էլ Բաբկեն Արարքցյանին էր տվել: Հասցրել էր քվեարկել, թեպետ զինկոմատում անձնագիրն ուշացնում էին, հա ուզում էին փորփրել, թե ում է ընտրելու: Ինքը խաբեց. «Բա ոնց, – ասաց, – միայն կոմունիստներին, հո էդ հավայի հաչող շներին չե՞մ ընտրելու»: Էդ ասելիս դարձյալ մանկական սովորությամբ մատները խաչ էր արել. այսինքն թե՝ երդումը սուտ էր: Զինկոմատում ուրախացան՝ ձայն բերելու պլան ունեին: Բայց դե ինքը միամիտ չէր, 88-ի առաջին ալիքի ցուցարարներից էր եղել, դեռ ուսանողների հետ էլ մի գիշեր նստել էր, իբրեւ ապացույց էլ լուսանկարներ ուներ: Ճիշտ է՝ էն ամենաթունդ պահին, երբ Կոմիտեն արդեն վերջնական տեսք էր ստացել, ապա եւ՝ ձերբակալվել, ինքը բանակում էր, բայց, միեւնույն է, Կոմիտեի բոլոր անդամների անուններն անգիր գիտեր: Երկրաշարժից հետո «ռապըռտ» էր գրել՝ խնդրել էր ուղարկել աղետի գոտում աշխատելու, բայց մերժել էին: Մի խոսքով, ինքը, միանշանակ, իշխանափոխության ակտիվ մասնակից էր եւ անգամ էն օրը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի ընտրվեր Գերագույն խորհրդի նախագահ, Մելիք-Ադամյան փողոցում էր՝ բոլորի կողքին եւ սուլում, աղմկում ու «Լե՜-վո՜ն-Լե՜-վո՜ն» էր կանչում ու էլի լուսանկարվում: Մի լուսանկարում նույնիսկ պլակատ կար ձեռքին: Հեղափոխությունից հետո՝ երկրորդ տարում, դեռ նույնիսկ պոլիտեխնիկը չավարտած, արդեն լավ գործի էր: Քանի որ, միանշանակ, ցույցերի ակտիվիստ էր եղել՝ վկաներ ու լուսանկարներ ուներ, քաղաքի շրջաններից մեկում էն ժամանակ դեռ շրջխորհրդի նախագահ կոչվող պաշտոնյայի օգնական նշանակվեց: Հարց էր, որ սովորեց լուծել: Երբ պատերազմի էն ամենադժվար պահին Վազգենը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ ու զորահավաք հայտարարեց, ինքը՝ Պետրոսը, թախտի տակ չմտավ: Փոխաբերական իմաստով: Բանակում հետեւակում էր ծառայել՝ մարտական մեքենայի հրամատար էր եղել ու ավագ սերժանտի կոչումով ետ եկել, էլ չենք ասում, որ առաջին կարգի հրաձիգի նշան ուներ, զորախաղերի էր մասնակցել ու կռվել գիտեր, բայց դե դա զորախաղերի ժամանակ էր, երբ դիմացդ թիրախներ են միայն: Մի խոսքով, սովետական բանակում կռվել սովորել էր, եւ երբ Վազգենը զորահավաք հայտարարեց հեռուստացույցով, ինքը թախտի տակ չմտավ: Միանշանակ: Ոչ ուղղակի, ոչ էլ փոխաբերական իմաստով: Հաջորդ օրը գործի գնաց. այցելուներ ուներ, որոնք ցանկանում էին շրջանի տարածքի լավ տեղերում սեղանիկ դնել, շրջխորհրդի նախագահի հետ հարցերը լուծեց ախպերականով: Երեկոյան, իբր ի միջի այլոց, շեֆն ասաց. «Չգնա՞նք տեսնենք Վազգենին ինչով կարող ենք օգնել»: Ինքը մեկ ուզում էր գլխացավը պատճառ բռնելով հրաժարվել, մեկ էլ մտածեց, որ գնալը, միանշանակ, լավ առիթ է Վազգենի հետ մոտիկից ծանոթանալու ու նաեւ ապացուցելու, որ ինքը թախտի տակ մտնողներից չի: Աշխատասենյակում խնամքով պահվող կամուֆլյաժը հագավ, ու այցելեցին զորահավաքի վայր: Շատ տղաներ էին եկել, մի քանիսին նույնիսկ դեմքով գիտեր դեռ 88-ի ցույցերից: Վազգենին չհաջողվեց տեսնել: Բայց իրենց այցելությունը, միանշանակ, ոգեւորեց տղաներին: Երբ մերոնք Շուշին ազատագրեցին, իսկ հետո էլ՝ արագ թափով դեպի Հայաստան միջանցքն էին բացում, ինքն ու շեֆը, չէ՝ շեֆն ու ինքը շրջանի տարածքում բանակին օգնություն կազմակերպեցին եւ այդ, միանշանակ, պատասխանատու հանձնարարությունը՝ օգնությունը կռվող տղաներին հասցնելը, շրջխորհրդի նախագահն իր վրա դրեց: Օգնությունը հասցրին համարյա Գորիս-Լաչին սահմանի վրա: Ինքն իր կյանքի ամենահրաշալի ճառն ասաց, ինչը, միանշանակ, ավելի բարձրացրեց տղաների մարտական ոգին: Խնամքով արդուկած կամուֆլյաժը հագին կանգնել էր բեռնատարի թափքում ու բառերն իրենք-իրենք էին գնում-հասնում հոգնած զինվորներին: Հետո մի 30 անգամ լուսանկարվեց՝ խմբով, զինվորներից շատերի հետ՝ առանձին-առանձին, մարտական մեքենայի վրա: Այդ լուսանկարները, միանշանակ, շատ կարեւոր էին: Ահա, երկու փաստ, որ միանշանակ ապացուցում են՝ ինքը կռվի ժամանակ թախտի տակ չի մտել: 1995 թվականի ընտրություններից եւ Սահմանադրության ընդունումից հետո, երբ շրջանները վերացվեցին, ինքն արդեն բավականին կարողություն ուներ եւ սկսեց մանր բիզնեսով զբաղվել: Բայց իրենց նախկին շրջանի տարածքում առաջացած համայնքներից մեկի թաղապետը դարձյալ հրավիրեց օգնականի պաշտոնի: Դա իր համար, միանշանակ, լավ էր. համ իր փոքրիկ բիզնեսը կարող էր շարունակել, համ էլ հարցեր լուծել: Էդ ընտրություններից հետո ՀՀՇ-ից հիասթափվեց, ուզում էր ԱԺՄ-ական դառնալ, բայց մտածեց, թե դա կխանգարի կարիերային եւ որոշեց առայժմ սպասել: Փորձեց ազատամարտիկի վկայական ստանալ, չհաջողվեց: Լուսանկարներն ամենուր ցույց էր տալիս, բայց իր դեմ, միանշանակ, դավեր էին նյութում ու վկայական չէին տալիս: 96-ի սեպտեմբերի դեպքերից հետո, ինքն էլ, թեպետ ՀՀՇ-ից հիասթափված էր, բարձրաձայն միանշանակ արդարացնում էր խորհրդարանում մի քանի ընդդիմադիր պատգամավորներին ծեծելը. «Բա, ոնց,- ասում էր,- բա քանի՞ գլխանի են, որ ազգընտիր նախագահի դեմ են դուրս գալիս»: 98-ի իշխանափոխությունից հետո, ավելի ճիշտ՝ երբ Վազգենը Հանրապետական կուսակցությունն ընտրեց իրեն հենարան, ինքն էլ հանրապետական գրվեց: Ղեկավարների հետ մոտիկացավ, լուսանկարները նորից մեջտեղ հանելով երկրապահի վկայական ստացավ, իսկ հետո նաեւ՝ մարտական մեդալ: Մեդալը ստանալու առթիվ կազմակերպած ճոխ խնջույքին իրենց դասարանի Արտուրիկին էլ հրավիրեց: Բայց սա չեկավ: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին այցելու ուներ: Հանկարծ աշխատասենյակ մտավ, չէ, ներխուժեց շեֆի քարտուղարուհին ու շնչահատ հայտնեց կատարվածը: Շեֆն արդեն աստիճաններով իջնում էր՝ հասավ ետեւից: Մեքենայով արագ խորհրդարանի մոտ հայտնվեցին: Մինչ առավոտ մնացին էդտեղ, թեպետ ոչ մի բան չէին կարող անել: Հաջորդ մի շաբաթն ընկճված էր, մտածում էր արդեն «Հանրապետականը» թողնի, գցում-բռնում էր, թե կուսակցությունը կարող է թուլանալ, բայց որոշեց դեռ սպասել: Ու սպասումներն արդարացան: Մանավանդ՝ 2000 թվականի մայիսից: Այ էդ ժամանակից էր, որ հաջողությունները միանշանակ թափվեցին գլխին: Պաշտոնը չէր փոխում, մնում էր թաղապետի օգնական: Էդպես աննկատ էր: Սակայն թաղում գիտեին, որ ցանկացած հարց լուծելու համար Պետրոսին պետք է դիմել: Էլ չենք ասում, որ իր տարբեր բիզնեսները՝ մի քանի խանութ, մի բենզակայան ու մի սրճարան, սկսել էին ծաղկել: 2003 թվականի ապրիլի էն օրը, երբ ընտրված կամ չընտրվածը (իսկ իր համար՝ միանշանակ ընտրվածը) երդում էր ուտում՝ փաստորեն հավաստիացնելով, թե բոլորին հավասարապես լավ աչքով կնայի, իրենց դասարանի Արտուրիկը ժպտում էր բոլոր ալիքներով, իսկ ոստիկանները նոր հեղափոխության ելածներին էին մահակներով ծեծում («ճիշտ էլ անում են, -մտածում էր Պետրոսը,- բա քանի՞ գլխանի են, որ ազգընտիրի դեմ են դուրս եկել»), ընտրությունների բարեհաջող ելքի առթիվ իր եւ թաղապետի, չէ՝ թաղապետի եւ իր կազմակերպած խնջույքից քեֆը լավ «Մերս»-ով տուն գնալիս փողոցում պատահաբար Ակաթին տեսավ: Հիվանդանոցից դուրս էր եկել ու մեքենայի էր սպասում: Նստեցրեց՝ տուն տանելու: Զրույցը սկսվեց Ակաթի աղջկա ծննդաբերելուց, հետո հուշերը հասցրին մինչեւ 87-ի էն ավարտական երեկոն, ու իրենք էլ չիմացան, թե ինչպես հայտնվեցին քաղաքից դուրս՝ մի հրաշալի խորտկարանում, որը նաեւ հյուրանոցային համարներ ուներ: Մնացյալը միանշանակ հայտնի չէ: Միանշանակ հայտնի է միայն, որ Ակաթին մի հարցում օգնելու խնդրանքը չկատարեց. խոստումը տալիս մատներն էլի մանկական սովորությամբ խաչ էր արել: Կոնստրուկտիվ, շինիչ, կառուցողական, կոնստրուկտիվ 1987 թվականի էն օրվան, երբ իրենց դասարանի Ակաթն անզգուշորեն ու փիս սայթաքեց, Կարպիսն ամենակոնստրուկտիվ մասնակցությունն էր ունեցել: Մանավանդ, երբ հասկացել էր, որ Ակաթը կարծես դեմ չի: Պարելու ընթացքում, կիսախավարի մեջ, շրթունքները հպել էր աղջկա վզին, ձեռքը դանդաղ սահեցրել կրծքի վրայով, զգացել, որ աղջիկը թուլանում է, իսկ երբ դասղեկը, որ ջահել ուսուցչուհի էր, մի երկու բաժակից հետո աչալրջությունը կորցրել էր ու նույնպես տարվել պարելով, Կարպիսն Ակաթին թաքուն բակ էր հանել, ու երկար համբուրվել էին: Էդ պահին էլ Ակաթին տիրանալու կոնստրուկտիվ միտքն էր առաջացել: Ու մինչ Ակաթը բակում ծխում էր, Կարպիսը մի րոպեով ներս էր գնացել, մի քանիսի՝ ամենամոտիկ տղերքի ականջին շշնջացել իր կոնստրուկտիվ առաջարկն ու հետ եկել: Հետո, պարզ է, ընկերները եկել էին, ու բոլորով միասին Ակաթին տուն ուղեկցել: Ու երբ Ակաթն առաջին անգամ սայթաքել էր՝ ցավ ու հաճույք իրար խառնված սկսել կրքոտ համբուրվել, այլեւս չտարբերելով, թե կողքինն ով է, տղաները հերթով փոխարինել էին իրար: Ու եթե ճիշտն եք ուզում իմանալ, Ակաթը սայթաքել էր ոչ թե փողոցի մեջտեղում կամ՝ պուրակի ծառերի տակ, կամ բազմահարկի ամենամութ՝ հինգերորդ հարկի աստիճանահարթակում, այլ բակի մի անկյունում կանգնած հին բուդկա «Մոսկվիչի» թափքում: Թափքը բաց էր ու նաեւ, իրենց բախտից, մի հին ներքնակ կար: Հետեւանքների մասին չէին մտածել, բայց հինգով էլ Ակաթին տուն էին ուղեկցել, այսինքն՝ մինչեւ բնակարանի դուռը: Ու եթե ճիշտն եք ուզում իմանալ՝ Ակաթն էդ ժամանակ բոլորովին էլ կույս չէր. Կարպիսն առաջինն էր եղել էդ օրը ու հաստատ գիտեր: Իսկ ոստի պատմությունը հորինեցին… Ու 1988 թվականի փետրվարի 20-ին, երբ օպերայի բակն ալեկոծվում էր, իսկ Ակաթը՝ Մարգարյանում ծննդաբերում, իրենցից ոչ մեկը, բնականաբար, չհայտնվեց հիվանդանոցի մոտ: Գիտեին, որ Ակաթն ամոթից բան չի ասել, իրենք էլ հո հիմա՞ր չէին, որ անցավ գլուխները ցավի տակ դնեին: Հինգով էլ օպերայի բակում էին՝ ամենակոնստրուկտիվ մասնակցությունն էին ունենում միտիգներին: Կարպիսը, որ որեւէ բանից ետ մնալու սովորություն չուներ, էդ առաջին ցույցերից հետո մի շարք իրոք կոնստրուկտիվ առաջարկություններ արեց: Գլխավոր կոնստրուկտիվ առաջարկությունն այս էր. տղաներով պետք է մի այնպիսի զենք ստեղծեն, որը ոչնչացներ միայն թուրքերին: Ոգեւորված պատմում ու նկարագրում էր: «Պատկերացրեք,- ասում էր,- մի ռումբ. գցում ես մի գյուղի վրա, որտեղ համ թուրքեր են ապրում, համ հայեր: Ռումբը բոլոր թուրքերին կոտորում է, իսկ հայերին՝ ոչ մի բան»: Իսկ էդպիսի խառը բնակավայրեր, իրենք էլ գիտեին, Հայաստանում էլ, Ղարաբաղում էլ լիքը կային: Հետո գաղափարն էլ ավելի զարգացրեց. ռումբը պիտի տարբերեր ոչ միայն հենց թուրքերին, այլ բոլոր թլպատված մուսուլմաններին: Սկզբում կօգտագործեին թուրքերի դեմ, հետո՝ ռումբն իբրեւ դագանակ պիտի պահեին: Այսինքն՝ իսլամի առաջխաղացման ու պանիսլամական տարածք ստեղծելու առաջը հենց իրենք պիտի առնեին. ռումբը զսպիչ դեր պիտի կատարեր: Գաղափարն, իհարկե, լավն էր, կոնստրուկտիվ, սակայն իրականցնելու համար տղերքը մի շարք մանր-մունր դժվարություններ տեսան: Առաջին դժվարությունն այն էր, որ չգիտեին, թե ինչ նյութերից կարող են նման ռումբ պատրաստել: Երկրորդ դժվարությունը, եթե նույնիսկ իմանային՝ բա էդ նյութերը որտեղի՞ց պիտի գտնեին, եւ վերջապես, երրորդ դժվարությունը՝ եթե նյութերն էլ իմանային որտեղից պիտի գտնել՝ բա փո՞ղ: Կարպիսն ասում էր՝ փող հայթայթելու ելքը գտել եմ, լիքը պլանքաշ թուրքեր կան գյուղերում, մի քիչ որ պլան ճարենք՝ ծախենք իրենց, էդ փողով էլ զենքը կսարքենք: Հեղափոխությունից հետո Կարպիսը երկրորդ կոնստրուկտիվ, չէ՝ արդեն նախագահի սիրած բառով՝ շինիչ առաջարկությունը Եվրոպոլիսին էր վերաբերում: Որ Եվրոպոլիսը պիտի անպայման կառուցվեր՝ հավատում էր, երեւի, միայն ինքը: Բայց որտե՞ղ: Սկսեց Երեւանին մերձակա տարածքներ արշավել: Ոտքով: Ամեն տարածքում պատկերացնում էր էդ քաղաքը: Տուն վերադառնալով՝ թուղթ էր վերցնում ու գծագրում իր պատկերացրածը, շարադրում մեկնաբանությունները, հետո ծրարում եւ ուղարկում «Հայաստանի Հանրապետություն»: Հաջորդ օրն իսկ ինքն էր այցելում խմբագրություն՝ ստուգելու նամակը ստացել են, թե չէ: Ասում էր տեսեք՝ ինչ շինիչ առաջարկություն եմ արել Եվրոպոլիսի կառուցման համար: Երբ պատերազմի էն ամենադժվար պահին Վազգենը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ ու զորահավաք հայտարարեց, Կարպիսը հայտնվեց «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագրությունում. հիշել էր իր առաջարկությունը հատուկ զենքի մասին ու քանի որ նաեւ արդեն մի քանի գաղափարներ ուներ, թե ոնց պիտի այդ զենքը սարքել, հերթական հոդվածը առաջարկեց: Կարեւորը տպվելը չէր, մանավանդ որ խմբագրության նամակների բաժնում Կարպիսին վաղուց արդեն լուրջ չէին ընդունում, կարեւորը հենց շինիչ առաջարկությունն էր: Եվրոպոլիսի գաղափարն արդեն մեռնում էր, սակայն Կարպիսը ոչ մի կերպ չէր հանգստանում. էլի տարածքներ էր փնտրում: Անունը Եվրոպոլիս ենք դնում, Եվրոպան պիտի օգնի: Իր թաքուն երազանքներում այդ շինիչ առաջարկություններն ի վերջո հանգում էին մի այլ շինիչ եզրակացության. ինքը, միայն ինքը պիտի դառնար էդ քաղաքի քաղաքապետ՝ իբրեւ գաղափարին անմնացորդ նվիրված անձնավորություն: Ոչ մեկը չգիտեր, թե Կարպիսն ինչով է ապրում, ինչ գործ է անում: Ինքն ասում էր, թե գաղափարներ է ծախում: Չէր ամուսնացել: Ակաթի հետ կապված պատմությունից հետո գլխովին խրվել էր հեղափոխության գործերի մեջ ու անընդհատ հեղափոխական էր: Միշտ հավատում էր, որ իր առաջարկություններն ի վերջո ընդունելու են: Լեւոնի իշխանության երկրորդ, թե երրորդ տարում շինիչ բառից հրաժարվեց: Հո չէ՞ր կրկնի ժողովրդից կտրված իշխանության օգտագործած բառերը: Սկսեց կառուցողական ասել: Իսկ երբ էդ բառն էլ դարձավ իշխանության մաս, իշխանությունների ինադու նորից միայն օտար կոնստրուկտիվն էր օգտագործում: Երբ 1996 թվականի սեպտեմբերի 25-ին ժողովուրդը գրոհեց խորհրդարանը՝ ինքն առաջին շարքերում չէր: Իհարկե, չէր տեսել, թե ոնց է Սադոյանն ասում՝ «Ահա նրանք…», բայց կողք քաշված էլ չէր՝ ամենակառուցողական մասնակցություն էր ունեցել: Ձայնը տվել էր Վազգենին (Մանուկյան), որոշել տեր կանգնել իր ձայնին ու բոլորի հետ գնացել էր միտինգի: Բայց երբ Վազգենը խորհրդարանի մոտ ասաց. «Եթե էսքան (լավ չլսեց, թե ինչքան) ժամանակից չվերադառնամ, եկեք իմ ետեւից…», Կարպիսը հասկացավ, որ գործերը լրջանում են ու մտքում ինքն իրեն կոնստրուկտիվ առաջարկություն արեց. «Գնալ պետք չէ՝ արյունահեղություն կլինի»: Եվ անմիջապես էլ քաշվեց միտինգավորների վերջին շարքերը: Էդ դեպքերից հետո էր՝ շրջվեց, հետ նայեց ու տեսավ, որ ինքը ոչինչ չունի՝ իր կոնստրուկտիվ գաղափարներից բացի: 98-ի իշխանափոխությունից հետո, ավելի ճիշտ՝ լոտոմանիայի առաջին ալիքի ժամանակ, Կարպիսը գլխովին խրվեց լոտոյի մեջ: Մինչ այդ երբեմն տարվում էր բինգոյով, պատահում էր՝ գիշերներ էր լուսացնում Բինգո-կաֆեներում, մեկ-մեկ շահում էր այնքան, որ համ իրեն էր փող մնում, համ էլ հաջորդ երկու օրը նորից խաղում ու տանուլ էր տալիս, մի անգամ նույնիսկ շատ խոշոր գումար շահեց: Բայց բինգոներն արդեն հետաքրքիր չէին՝ կոմբինացիայի հնարավորություն, կոնստրուկտիվ գաղափարներ կիրառելու շանս չուներ՝ ամեն ինչ պատահականության վրա էր: Լոտոն էլ էր էդպես: Բայց հենց որ սկսեցին խոշոր շահումները՝ ավտոմեքենաները, իր գործը կպավ: Գնաց լոտոներից մեկի գրասենյակ, ու արեց իր հերթական կոնստրուկտիվ առաջարկությունը. «Ամեն գովազդի համար՝ 20 դոլար» – ասաց: Լոտոյի տերերը չհասկացան: Բացատրեց իր կոնստրուկտիվ գաղափարը՝ «Ես գրիմ եմ անում, ուզում եք տղամարդու, ուզում եք՝ կանացի, դուք ինձ նկարում եք երջանիկ ժպտալով, մեքենայի բանալին ձեռքիս, ու ես Հայաստանով մեկ հայտարարում եմ, որ շահել եմ, ու սա ամենաարդար խաղն է»: Սա միակ գաղափարն էր, կարծես, որ անցավ: Ու ամեն օր հերթական գովազդը տեսնելուց հետո, Կարպիսը մտքում հայհոյում էր իր բախտը. «ախր ես դերասան պիտի դարձած լինեի, դերասան»: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Կարպիսը նկարահանվում էր հերթական գովազդում: Էս անգամ ինքը գյուղից քաղաք կանաչի բերած հողագործի հագուստով ու գրիմով էր: Իբր գյուղացի է, ապրանք էր բերել, որոշեց բախտը փորձել, գնեց լոտոն ու շահեց ավտոմեքենա: Երբ ասում էր. «Ժողովուրդ, սա ամենաարդար լոտոն է, խաղացեք…», նկարահանումն ընդհատեցին, ու… Ինքն էլ ռեժիսորի ու օպերատորի հետ գնաց խորհրդարանի մոտ: Գլխում լիքը կոնստրուկտիվ գաղափարներ էին ծնվում, թե ոնց պետք է տեռորիստներին դուրս բերել խորհրդարանից: Դեռ ողջ եղելությունը չգիտեին, իսկ երբ իմացան, Կարպիսն ընկճվեց, մոռացավ բոլոր կոնստրուկտիվ գաղափարները: Դրանից հետո մի ամբողջ շաբաթ դեռ ընկճված էր: Բացի այդ էլ, մի ամբողջ շաբաթ հեռուստատեսությունները, սգի պատճառով, լոտոյի գովազդ չէին տալիս, ու ինքն իրեն չէր կարող տեսնել հեռուստացույցով: Բայց երբ կյանքը մի քիչ խաղաղվեց, Կարպիսը նորից դերի մեջ մտավ: Լոտոների պրոպագանդման առաջամարտիկն էր, իսկ փողն էլ թափվում էր առատության եղջյուրից: Չէր հիշում, թե որտեղ է կարդացել էդ «Առատության եղջյուր» արտահայտությունը, բայց զգում էր, որ իր ներկա պահի համար է ասված: 2003 թվականի ապրիլի էն օրը, երբ ընտրված կամ չընտրվածը (իսկ իր համար՝ պարզապես քաղաքական լոտոյի իր գործընկերը՝ «հաղթողը») երդում էր ուտում՝ փաստորեն հավաստիացնելով, թե բոլորին հավասարապես լավ աչքով կնայի, իրենց դասարանի Արտուրիկը ժպտում էր բոլոր ալիքներով, իսկ ոստիկանները նոր հեղափոխության ելածներին էին մահակներով ծեծում, Կարպիսը անցնում էր քաղաքի ամենանշանավոր անկյունում շարված մեքենաների կողքով, տեսնում լոտոներն առնող ու ջնջող միամիտներին եւ ուրախանում՝ իր միակ ընդունված կոնստրուկտիվ գաղափարի հաղթանակով: Գլոբալացում Կատյան դասարանի ամենասիրուն աղջիկն էր՝ հայ հոր ու ռուս մոր ծնունդ: Նաեւ՝ աղջիկների մեջ ամենից լավ սովորողը: 1987-ի էն ավարտական երեկոյի օրը, երբ Ակաթն անզգուշորեն ու փիս սայթաքեց, տղաներից մի քանիսը Կատյային էլ փորձեցին պարելու ժամանակ ձեռք գցել, բայց ինքը խիստ հոր դաստիարակություն էր ստացել, էլ չասենք, որ 13 տարեկանից մայրը բաց զրույցներ էր վարել սեռական կյանքի մասին: Այնպես որ՝ ինքն Ակաթի նման շուտ սայթաքող չէր: Էդ երեկոյի ժամանակ նաեւ նկատեց Ակաթի դուրս գալը տղաների հետ ու մտքով անցավ, որ մի բան լինելու է: Երբ Ակաթն իրավաբանականից դուրս մնաց «փաստորեն մի աչոկով», ինքը հաջողությամբ ընդունվեց կենսաբանական: Հետո էլ համալսարանում բոլորի աչքը նրա վրա էր՝ սլացիկ կազմվածքով ու սեր մարմնավորող մարմնով օրիորդ էր դարձել: 1988 թվականի փետրվարի 20-ին, երբ Օպերայի հրապարակն ալեկոծվում էր, իսկ Ակաթը Մարգարյանում ծննդաբերում, Կատյան հանրային գրադարանում գրքեր էր կարդում: Ճիշտ է՝ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ անտարբեր չէր, սակայն նրան շարժման ակտիվիստ ու ցույցերի մշտական մասնակից էլ չէիր համարի: Եթե կուրսը Օպերայի հրապարակ գնալու պատրվակով դասերից փախչում էր, ինքը ոչ թե ուրիշների նման կինո էր վազում, այլ նստում էր գրադարանում ու կարդում, երբեմն էլ երեկոյան, Հանրային գրադարանում մշտապես իր հետ նույն սեղանի մոտ նստող ապագա ֆիզիկոս մի ընկերուհու հետ գնում էր «ինֆորմացիոն» միտինգներից նորություններ իմանալու: 1991-ի աշնանն ամուսնացավ մեկ տարի առաջ համալսարանն ավարտած մի լավ ընկերոջ հետ: Երկուսն էլ նույն դպրոցում էին աշխատում, ընդ որում՝ Կատյային դեռ երրորդ կուրսից էին դասեր տվել, քանի որ կենսաբանության ուսուցչի կարիք ունեին, ամուսինը՝ նաեւ դիսերտացիա էր գրում, բայց մինչ այդ էլ, դրանից հետո էլ, երբ անհրաժեշտ էր, զենք էր վերցնում ու միանում կռվող տղերքին: Ու երբ էն դժվար պահին Վազգենը հեոռւստացույցով ելույթ ունեցավ եւ զորահավաք հայտարարեց, Կատյայի ամուսինն էլ պատրաստվեց հաջորդ օրը մեկնելու՝ հասկանալով, որ Վազգենի կոչը նաեւ իրեն էր ուղղված: Այդ հրաժեշտի գիշերը նույնիսկ ամուսնական առաջին գիշերվանից էլ հրաշալի ու բուռն էր:Բնազդ էր, թե ինչ, ամուսնուն գրկից բաց չէր թողնում: Միայն լուսադեմին աչք կպցրին: Ու երբ ինքը զարթնեց, տեսավ, որ ամուսինը կողքին չէ. գնացել էր առանց հրաժեշտ տալու, եւ ճիշտը դա էր: Ամբողջ գիշերն էր իրենց հրաժեշտը: Կատյան ամեն օր հետեւում էր Ղարաբաղից եկող լուրերին: Ամուսինը լուրեր էր ուղարկում, իսկ ինքը՝ հեռուստացույցին կպած, ոչ մի լրատվական թողարկում բաց չէր թողնում: Նույնիսկ մարտկոցով աշխատող մի փոքրիկ հեռուստացույց գնեց, որ լույս չեղած ժամանակ էլ լուրեր կարողանա լսել: …Ամուսնու զոհվելու իրական հանգամանքներն այդպես էլ ոչ մեկը չկարողացավ պատմել: Ինքը չէր էլ ուզում իմանալ: Կորստի մտքի հետ հաշտվել էր էն հրաժեշտի գիշերը: Սիրում էր ամուսնուն եւ համոզված էր, որ սիրելու է միշտ: Ամուսնուց մնացած միսենյականոցում էր ապրում: Թեպետ մայրն ու հայրն անընդհատ կանչում էին իրենց մոտ, չէր գնում, սիրում էր էդ միսենյականոցը՝ իր սիրո տունը ու մենակ անցկացրեց էն ցուրտ ու մութ տարիները: Դպրոցից ստացածը հեչ բան էր, բայց դե տարվա մեջ նաեւ երկու-երեք դիմորդի հետ կենսաբանություն էր պարապում, եւ վաստակածը բավարարում էր, մանավանդ, որ իր պահանջները շատ համեստ էին: Թեպետ արդեն լավ մասնագետի համբավ էր ձեռք բերել, բայց երեք դիմորդից ավելի չէր վերցնում, եթե անգամ կրկնակի գումար էին առաջարկում: Իսկ նման առաջարկներ լինում էին, որովհետեւ Կատյայի մոտ սովորածները բոլորն էլ կենսաբանությունից առնվազն 18 էին ստանում: Երբ կյանքը մի քիչ խաղաղվեց, Կատյան որոշեց մեքենա վարել սովորել: Չգիտեր թե ինչու է սովորում: Երեւի միայն պարապ ժամերը լցնելու համար: Ամեն ինչ կարծես հանգիստ ու միապաղաղ էր, միայն մարմինն էր իրենը պահանջում: Բայց դե ամուսնու հիշատակը թույլ չէր տալիս այդ մասին երկար մտածել: Զզվելին ամեն տարի այս կամ այն պաշտոնյայի դուռը թակելն ու իրեն՝ որպես զոհված ազատամարտիկի այրի օրենքով հասնող արտոնությունները նորից ձեւակերպելն էր: Դրանց՝ կուշտ դեմքերով այդ պաշտոնյաների հայացքներից, ակնարկներից հետո, երբ տուն էր գալիս՝ տաք ցնցուղի տակ մտնելու եւ մաքրվելու ցանկություն էր ունենում ու էդպես էլ անում էր: Կանգնում էր ցնցուղի տակ, նայում իր մարմնին, հիշում հրաժեշտի գիշերն ու կարոտում-կարոտում էր… Իր ժամանակը սպանելու ու մտքերը ցրելու համար սկսեց նաեւ անգլերենի դասերի հաճախել: Դպրոցում ու համալսարանում անգլերենը լավ էր սովորել, բայց որոշեց կատարելագործել ու դասընթացների գնալուց երկու ամիս անց սահուն խոսում էր: Հետո նաեւ մի ամիս մասնավոր դասեր առավ: Միակ ընկերուհին, ում հետ հաճախ էր շփվում, հանրային գրադարանում ուսանող տարիներին ծանոթացած ֆիզիկոսուհին էր: Վերջինս երկու տարի դպրոցում դասավանդելուց հետո թողել էր ուսուցչությունն ու աշխատում էր տուրիստական ֆիրմայում: Ճիշտն ասած՝ հենց էդ ընկերուհին էր խորհուրդ տվել վարորդական դասընթացների հաճախել ու անգլերենը խորացնել: Ասել էր՝ ճիշտ է, մենք հիմնականում արտասահմանյան ուղեւորություններ ենք կազմակերպում, բայց մեկ-մեկ էլ արտասահմանցի հյուրեր ենք ունենում, կկարողանամ դասավորել՝ նրանց կուղեկցես ասենք Գառնի, Գեղարդ, Էջմիածին՝ լրացուցիչ վաստակ կունենաս: Էդ ֆիրման, որ մի քիչ աճել էր, նաեւ մի փոքրիկ սրճարան էր բացել՝ կից երեք հյուրանոցային համարով: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի կեսօրին ընկերուհին զանգահարեց: Հյուր ունեին Եվրոպայից, որ ֆիրմայի գործընկերներից էր ու եկել էր տուրիզմի հնարավորություններն ուսումնասիրելու: Երբ Կատյան ընկերուհու մոտ մտավ՝ հյուրը սրճարանում ճաշում էր: Ընկերուհին իրենց ծանոթացրեց՝ ասելով, թե Կատյան Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը գիտի, ու կարող է ուղեկից դառնալ: Եվրոպացին Կատյային գինի լցրեց: Զրուցեցին: Եվրոպացին առաջարկեց բարձրանալ սենյակ՝ նաեւ վիսկի փորձել: Կատյան զգում էր ու գիտեր, թե ինչի համար են սենյակ բարձրանում, բայց անկախ իրենից ենթարկվեց: Մի քիչ կաշկանդված էր՝ մարդիկ կարող էին տեսնել, բայց էդ օրը սրճարանում ու գրասենյակում ընկերուհուց բացի մարդ չկար, ու նաեւ, ինչ-որ մի անբացատրելու ուժ առաջ էր մղում, կարծես ասում էր. «Գնա»: Արդեն երեկոյանում էր, փողոցում ինչ-որ գվվոց կար, որ սրճարանում լսվում էր, բայց իրենք բանից անտեղյակ էին: Շարունակությունն աննկարագրելի է: Կատյայի մարմինն էր առաջնորդը: Ոչ թե ինքը, այլ հենց մարմինը: Քառասնամյա եվրոպացին զարմացած էր, շշմած, հիացած: Շատ էր շրջել աշխարհով: Իր կյանքում սեր էլ էր եղել, կանայք՝ ինչքան ուզես, մարմնավաճառներ էլ էր հրավիրել հյուրանոց՝ աշխարհի մեծ ու փոքր քաղաքներում: Բայց էդպես իրեն դեռ չէին սիրել, անգամ մարմնավաճառները, որ իրենց գործը պրոֆեսիոնալ էին արել, ճիշտ է, բայց կեղծ: Այդ երեկոն ու գիշերն ուրիշ էր: Եվրոպացին չգիտեր, իհարկե, որ Կատյան իրեն չէ՝ զոհված ամուսնուն էր սիրում կարոտած մարմնով, եվրոպացու մարմնի մեջ ամուսնու հոգին էր դրել ու սիրում էր: Առավոտյան եվրոպացին հանեց դրամապանակն ու հինգ հատ հարյուր դոլարանոց հաշվելով մեկնեց Կատյային: Այդքան գումար երբեք ոչ մեկին, ոչ մի մարմնավաճառի չէր տվել: Կատյան սկզբում կարկամեց. «Ուրեմն ես պոռնի՞կ դարձա արդեն»,- մտածեց: Հետո զայրացավ եւ առանց փողը վերցնելու ու առանց բացատրության փախավ սենյակից: Փողոցում քայլելիս արտասովոր իրարանցում էր նկատում, բայց գլխի չէր ընկնում, հետո՝ երթուղային տաքսու մեջ հատուկենտ լսած արտահայտություներից իմացավ կատարվածն ու ցնցվեց: Տուն հասավ թե չէ, նախ հեռուստացույցը միացրեց, իմացավ ամբողջ եղելությունը: Վազգենին ճանաչում էր, մի անգամ Եռաբլուրում ամուսնու գերազմանի մոտ իրեն էր մոտեցել, ասել, որ հիշում է ամուսնուն, լավ կռվող էր ու հրաշալի զինվոր, հետաքրքրվել էր, թե Կատյան ինչի կարիք ունի: Ինքն, իհարկե, համեստորեն մերժել էր օգնությունը, բայց ջերմ վերաբերմունքից հիացել ու զգացվել էր: Ու հիմա Վազգենի զոհվելուց ամենից շատն էր ազդվել: Մանավանդ, որ հենց էդ օրը ինքը, բանից անտեղյակ, մեղք է գործել: Ու մեղքից մաքրվելու համար լոգարան մտավ դարձյալ: Ցնցուղի տակ կանգնած էր՝ հեռախոսը զնգաց: Դուրս եկավ լոգարանից, վերցրեց լսափողն ու լսեց ընկերուհու ձայնը. «Աղջի, դու հո գիժ չե՞ս: Ինչո՞ւ փողը չես վերցրել: Էդ փողը վերցնելով դու հո պոռնիկ չդարձա՞ր: Մի անգամ էր: Հաճույքդ ստացար, չէ՞: Է՞, փողը փորդ կծակե՞ր: Հաճելին ու օգտակարը կմիավորեիր: Լավ, մի խոսքով, էդ մեր հյուրն ուզում է քեզ տեսնել»: Կատյան կտրականապես հրաժարվեց: Զոհվածների թաղումից մի քանի օր անց ընկերուհին նորից զանգահարեց. «Քեզ նամակ է գրել իմ հասցեով,- ասաց,- արի, կարդա»: Կատյան փողոց դուրս եկավ: Դժվար էր քայլում: Կարծես բոլորն իրեն էին ցույց տալիս ու ամեն ինչ գիտեին… Նամակը երկու բառ չէր, ինչպես սովորաբար էլեկտրոնային փոստով են գրում: Սիրո խոստովանություն էր: Նաեւ խնդրանք էր՝ սեփական էլեկտրոնային փոստ ունենալ, որ ամեն օր նամակ ստանա: Կատյան չպատասխանեց նամակին: Բայց եվրոպացին համառորեն ամեն օր գրում էր. աշխարհի որ ծայրում էլ լիներ՝ գրում էր: Ընկերուհին անընդհատ ստիպում էր պատասխանել: Ինքը չէր ուզում: Ընկերուհին Կատյայի անունով էլեկտրոնային փոստի հասցե բացեց: Կատյան համակարգիչ առավ, ինտերնետ միացրեց ու տնից մի անգամ պատասխանեց եվրոպացուն: Սա աշխարհով մեկ էր եղել, հաջորդ պատասխանն արդեն ձեւավորված էր ծաղիկներով: Հետո Կատյային գրած մի նամակում բացատրեց, թե ոնց ICQ մտնի: Ու սկսվեց: Ամեն երեկո, պայմանավորված ժամին իրենք հանդիպում էին վիրտուալ տարածության մեջ: Զրույցները երբեմն տեւում էին մինչեւ ուշ գիշեր: Այսինքն՝ Կատյայի համար: Էդպես համարյա երեք տարի: Ու մի օր էլ գրեց, թե գալիս է, ու պիտի ամուսնանան: Կատյան երկու պայման դրեց. նախ եվրոպացին պիտի գործը փոխեր ու նստակյաց կյանքի անցներ, թեկուզ եւ ավելի քիչ վաստակեր, երկրորդ, պիտի առնվազն տարեկան մեկ անգամ Հայաստան գան: Եվրոպացին երկու պայմանին էլ համաձայնեց: Հարսանիքն արեցին Սուրբ Զորավոր եկեղեցում, եվրոպացին նույնիսկ ցանկություն հայտնեց մկրտվել ու հայ առաքելականություն ընդունել: Եկեղեցում նախ կատարեցին մկրտությունը, հետո՝ պսակադրությունը: Շատ մարդ չկար: Կատյան չէր ցանկացել մեծ ու ճոխ հարսանիք: Հայրն էր, մայրը, մի երկու բարեկամ, զոհված ամուսնու ամենամոտիկ ընկեր ազատամարտիկներից մեկը: Վերջինս էնքան թշվառ էր ապրում, որ այդ օրը ընտանիքով մի կարգին հաց ուտելու համար կնոջն ու երեխաներին էլ էր բերել: Բնականաբար, նաեւ Կատյայի ընկերուհին էր ներկա: Չգիտես ոնց իմացել ու եկեղեցում էր հայտնվել նաեւ Ակաթը: Հետո պարզվեց, որ եկել էր մոմ վառելու, որպեսզի աղջիկը հաջողությամբ ծննդաբերի: Ու Կատյան նրան տեսնելով («հարյուր տարի է իրար չենք տեսել»)՝ հրավիրեց ռեստորան: Ռեստորանում էլ ամեն ինչ համեստ էր, թեպետ եվրոպացին ժլատ չէր ու ժլատություն չէր արել: Մեկնելուց առաջ՝ մինչ փաստաթղթերն էին պատրաստում, Կատյան իր համակարգիչը նվիրեց մորը, սովորեցրեց Ինտերնետից ու ICQ-ից օգտվել, որ կարողանան իրար հետ զրուցել: Միսենյականոցն էլ չվաճառեցին՝ Հայաստան գալուց էդտեղ կապրենք, ինչո՞ւ հյուրանոց գնանք, ասել էր ինքն ու եվրոպացի ամուսինը համաձայնել էր: Նաեւ այցելեցին Եռաբլուր, ծաղիկներ դրեցին զոհված ամուսնու գերեզմանին, ապա եւ՝ Վազգենի: 2003 թվականի ապրիլի էն օրը, երբ ընտրված կամ չընտրվածը (Կատյայի համար՝ արդեն թքած, թեպետ միշտ մտածում էր՝ ուրեմն սրա՞նց համար զոհվեց ամուսինս) երդում էր ուտում՝ փաստորեն հավաստիացնելով, թե բոլորին հավասարապես լավ աչքով կնայի, իրենց դասարանի Արտուրիկը ժպտում էր բոլոր ալիքներով, իսկ ոստիկանները նոր հեղափոխության ելածներին էին մահակներով ծեծում, Կատյան իր եվրոպացի ամուսնու հետ ինքնաթիռ էր նստում: Օդանավակայանում ճանապարհում էին հայրը, մայրը, ընկերու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել