ՄԵՐ ՄԻՍՍԸ՝ ՏՈՒՐԻԶՄՈՒՄ Հոկտեմբերի 29-ին Պեկինում կայացել է «Միսս տուրիզմ» 11-րդ միջազգային մրցույթը, որին մասնակցած Անուշ Գրիգորյանը գրավել է առաջին տեղը՝ արժանանալով «Տուրիզմի թագուհի» տիտղոսին: Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Սինգապուրի եւ Էստոնիայի ներկայացուցիչները: Երեկվա ասուլիսում Ա. Գրիգորյանը պատմեց, որ համաշխարհային «Միսս տուրիզմ» մրցույթին մասնակցում էին 32 երկրներում կազմակերպված «Միսս տուրիզմի» հաղթողները: «Առավոտի» հարցին՝ «Եթե Հայաստանում նման մրցույթ երբեւէ չի կազմակերպվել, դուք ի՞նչ սկզբունքով եք մասնակցել պեկինյան մրցույթին», Անուշն այսպես պատասխանեց. «Անցած տարի ես մասնակցել եմ «Միսս Եվրոպային» ու հասել մինչեւ եզրափակիչ փուլ: Իսկ «Միսս Եվրոպայի» ֆինալիստկան իրավունք ունի մասնակցելու համաշխարհային «Միսս տուրիզմին»: Ի դեպ, Անուշը ասուլիսին մասնակցում էր թագով: Նա գաղտնի՝ ի լուր աշխարհի, ասաց, որ իր գլխին թագի կրկնօրինակն է. որպես կանոն թանկարժեք բնօրինակները մնում են միջազգային մրցույթների կազմակերպիչների մոտ: Հետաքրքրվեցինք՝ որքա՞ն էր դրամական մրցանակի չափը: Պարզվեց, որ առաջին մրցանակակիրը, բացի այլ նվերներից, ստացել է $10000, եւ դեռ չի որոշել՝ ինչի վրա է ծախսելու գումարը: «Կարծում եմ՝ իմ հաղթանակը շատ պետք էր հայրենիքիս, քանի որ սա առաջին միջազգային մրցույթն է, որտեղ առաջին մրցանակը տրվում է հայուհուն»,-ասաց գեղեցկուհին, սակայն ոչ մի կերպ չկարողացավ նորմալ բացատրել՝ ինչ ասել է «Միսս տուրիզմ» եւ ինչով է այն տարբերվում սովորական գեղեցկության մրցույթներից: «Միսս տուրիզմի» նպատակը տուրիզմի զարգացումն է… Ես ներկայացրել եմ Հայաստանը որպես տուրիստական կենտրոն, շատ-շատ ինտերվյուներ եմ տվել այն մասին, թե ինչ վիճակում է տուրիզմը մեր երկրում: Հայաստանում տուրիզմն իսկապես զարգանալու մեծ շանսեր ունի, միակ մինուսն այն է, որ Հայաստանի մասին քիչ գիտեն եւ պետք է ավելի շատ PR արվի, որպեսզի տուրիզմն ավելի շատ զարգանա»,- ասաց Անուշը: Լրագրողներին հետաքրքրում էր՝ բացի գեղեցկությունից էլ ի՞նչն է գնահատվել պեկինյան մրցույթում: Անուշի հավաստիացմամբ, ժյուրին «Միսս տուրիզմ» տիտղոսը շնորհելիս հաշվի է առել իր՝ մարդկանց հետ շփվելու կարողությունը, լեզուների իմացությունը, մյուս մասնակիցների հետ նորմալ փոխհարաբերությունները: Իսկ գեղեցկուհիներին դուր են եկել Անուշի խաչքարի տեսքով հուշանվերները: Նա ասաց, որ բացի այլ զգեստներից, «տուրիզմի» գեղեցկուհիները բեմ են դուրս եկել ազգային տարազներով: Ասուլիսի վերջում «Միսս տուրիզմ-2004»-ը, այնուամենայնիվ, խոստովանեց, որ տեղյակ չէ Հայաստանում տուրիզմի վիճակից, երբեւէ չի խորհրդակցել տեղի տուրիստական գործակալությունների հետ, իսկ Հայաստանը Չինաստանում ներկայացրել է որպես առաջինը աշխարհում քրիստոնեություն ընդունած երկիր: Աղջիկը խոստացավ լրացնել «տուրիստական» գիտելիքները ու մեր երկիրը գայթակղիչ կողմերով ներկայացնել հաջորդ տարի: Ընդունված կարգի համաձայն՝ նա պետք է փոխանցի թագը «Միսս տուրիզմ-2005»-ին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ