Լրահոս
Օրվա լրահոսը

«LG»

Նոյեմբեր 06,2004 00:00

«LG» սառնարանը պայթե՞լ է Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Արթուր Առաքելյան) պետք է լսվեր Բաղրամյան պողոտայի 1 փակուղու 14 շենքի բնակիչ Աշոտ Սահակյանի հայցադիմումը՝ վնասի բռնագանձման պահանջի մասին: Դատարան էր ներկայացել ինչպես հայցվորը, այնպես էլ նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Վլադիմիր Յավրումյանը: Այս գործով պատասխանող է ճանաչվել «Արայ-1» ՍՊԸ-ն եւ LG ընկերությունը: Երեկ դատարան էր ներկայացել նաեւ «Արայ-1»-ի ներկայացուցիչը՝ փաստաբան Սոս Գրիգորյանը: Քաղաքացին 2003-ի դեկտեմբերի 20-ին, ապառիկ վաճառքի պայմանագրի հիման վրա «Արայ-1» ՍՊԸ-ից գնել է LG սառնարան, որը ՍՊԸ-ի կողմից հաջորդ օրը տեղափոխվել է նրա բնակարան եւ օգտագործվել: 2004-ի հունվարի 14-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Բաղրամյան պողոտա 1 փակուղու 14 շենքի 97 բնակարանում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով այրվել է բնակարանն ու գույքը: Հրդեհի ժամանակ բնակարանում է գտնվել Ա. Սահակյանի 10-ամյա երեխան, որը, բարեբախտաբար, հրդեհից չի տուժել: 6 օր անց նշանակվել է տեխնիկական փորձաքննություն: Ըստ այդ փորձաքննության արդյունքների (ըստ 17.05.2004թ. եզրակացության), հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ սառնարանի անսարքությունից առաջացած էլեկտրատեխնիկական բնույթի վթարային ռեժիմը: Քաղաքացին պատասխանողներից պահանջում է 50 հազար դոլարին համարժեք գումար: Ընդ որում, իր հայցադիմումում նշում է, որ հրդեհի հետեւանքով բնակարանին պատճառված վնասի վերականգնման աշխատանքների կատարման շուկայական արժեքը 2800000 դրամ է: Քաղաքացին վկայակոչում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածը, ըստ որի՝ գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման՝ այն պատճառած անձի կողմից: Երեկ դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 15-ը, քանի որ LG ընկերությունը ներկայացուցիչ չէր ուղարկել դատարան: Իսկ այսօրվա դատական նիստը, ըստ երկու կողմերի փաստաբանների, տեղի ունեցավ դատավորի աշխատասենյակում եւ տեւեց 5 րոպե: LG ընկերությունը, հավանաբար, հարկ է, որ դատարան ուղարկի իր ներկայացուցչին, քանի որ, ըստ հայցվորի, անորակ սառնարան են թողարկել: Իսկ «Արայ-1»-ն էլ, ըստ հայցվորի, «անորակ արտադրանքը վաճառքի է հանել»: Հայցվորը պահանջում էր նաեւ, իբրեւ հայցի ապահովման միջոց, կալանք դնել «Արայ-1» ՍՊԸ-ի եւ LG ընկերության անշարժ եւ շարժական գույքի վրա: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Մեր դատարանը հավանաբար դժվարությունների հանդիպի Ռուսաստանի Դաշնության LG ընկերությանը դատակոչելու ժամանակ, քանզի իբրեւ հասցե նշված էր Յակիմոսկայա, Նաբերեժնայա տ. 2, հարկ 5՝ հայերիս համար փոքր-ինչ անհասկանալի հասցեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել