Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖԼԵՇԸ»

Նոյեմբեր 06,2004 00:00

«ՖԼԵՇԸ» ԿԱՌՈՂՋԱՑՆԻ՞ «ՆԱԻՐԻՏԸ» «Տանը մնացած» գործարանի համար «փեսացու» է ճարվել Երեկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ այսուհետ «Նաիրիտի» շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ կվարի «Նաիրիտի» բաժնետոմսերի սեփականատեր «Հայկապ» բանկը, որի առողջացման համար ներդրումները կատարել է Բարսեղ Բեգլարյանի ղեկավարած «Ֆլեշ» ընկերությունը: «Միջազգային արժութային հիմնադրամին ունեցած պարտավորության համաձայն, մինչեւ նոյեմբերի վերջը մենք պետք է «Հայկապը» վերադարձնեինք նորմատիվային դաշտ: Սակայն «Նաիրիտի» գնորդ ռուսական «Վոլգաբուռմաշ» ընկերությունն ու Տարածաշրջանային զարգացման համառուսական բանկը մեզ խնդրեցին բանակցության պայմանագրային ժամկետները երկարաձգել 4 ամսով՝ լրացուցիչ ուսումնասիրությունների համար, ինչը չէինք կարող անել: Այդ պատճառով էլ ստիպված էինք բանկի առողջացման ծրագիրն իրականացնել տեղի ներդրողների հետ»,- պարզաբանեց ԿԲ նախագահը: «Ֆլեշն» առայսօր բանկի համար կատարել է 280 մլն դրամ՝ նորմատիվային դաշտ դուրս բերելու եւ 1 մլն դոլար՝ լրացուցիչ ներդրում: «Նաիրիտի» բաժնետոմսերը գնահատվում են 14 մլն 200 հազար դրամ: Բանկը պարտավոր է 6-ամսյա ժամկետում իրացնել դրանք՝ նոր ներդրողներ գտնելով: Առաջիկա 4 ամիսներին «Հայկապը» (նույնն է, թե «Ֆլեշը») կշարունակի բանակցությունները ռուսական կողմի հետ՝ նախկին բանակցային պայմանագրով: Pretty woman Երեկ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2004 թ. 9 ամիսների ՀՀ տնտեսական զարգացման ցուցանիշները: Սակայն քանի որ «Նաիրիտ» գործարանի նոր սեփականատերն արդեն պաշտոնապես հայտնի է՝ «Ֆլեշի» սեփականատերը, ուստի ասուլիսի արդիական թեման դա էր: Հիշեցնենք, ժամանակին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը «Նաիրիտի» սեփականաշնորհման մի քանի անհաջող փորձերից հետո այսպես էր կատակել. «Նաիրիտը» տանը մնացած մեր գեշ աղջիկն է, որին ուզում ենք մարդու տալ»: Ու քանի որ արդեն «փեսացու» է ճարվել, երեկ պրն Ճշմարիտյանի տեղակալին «Նաիրիտն» արդեն Ջուլիա Ռոբերտսին էր հիշեցնում «Pretty woman» ֆիլմից, «որին Ռիչարդ Գիրի նման» հասկացող ներդրող է պետք, որ գնահատի: Փոխնախարարն ավելացրեց, որ քիմիական արտադրության մեր հսկան ոչ միայն «լուրջ, շահութաբեր ձեռնարկություն է, այլեւ գեղեցիկ արտադրություն»: Հարցին, թե արդյոք «Նաիրիտը» էկոլոգիական առումով ավելի թանկ չի՞ նստում մեր տնտեսության վրա, փոխնախարարն այսպես պատասխանեց. «Չէ՞ որ մենք 60 տարի թունավորվել ենք ինչ-որ կոմունիստական համակարգի համար: Եթե դա իրոք թույն է էկոլոգիայի տեսակետից, եկեք մի 10 տարի էլ թունավորվենք մեզ համար: Տնտեսական կայուն զարգացման ռազմավարության հիմքում դրված է, որ Հայաստանում պետք է գիտելիքահենք տնտեսություն ստեղծվի: Այո, էկոլոգիական առումներով բոլոր այդ խոցելի արտադրությունները պետք է վերացվեն, բայց այսօր մենք պետք է որոշակի եկամուտներ ունենանք, որպեսզի ապահովենք գիտելիքային տնտեսության ստեղծումը»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել