ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԿՐԱԿՆ ԸՆԿԱՆ Բոլշեւիկների ժամանակ սեփականությունն անտեր էր, եւ այդ անտերությունն ի վերջո ապացուցեց իր անարդյունավետությունը եւ «կարմիր էքսպերիմենտը» մեծ աղմուկով պայթեց: Հետո եկան բարեփոխիչները եւ սեփականությունը բաժանեցին տարբեր, հաճախ՝ պատահական եւ անտեղյակ մարդկանց: Հետո եկավ Քոչարյանը (կամ Ռուսաստանում՝ Պուտինը) եւ սեփականությունը վերաբաժանեց իրեն ծառայող օլիգարխներին: (Օլիգարխները կարող են կոչվել «գեներալներ», «նախարարներ» կամ «օրգանի ղեկավարներ», բայց դրանից էությունը չի փոխվում): Այդպես անցավ մի քանի տարի: Բայց արի ու տես՝ դա էլ տնտեսության զարգացման ամենաարդյունավետ ձեւը չէ: Որովհետեւ օլիգարխները ստիպված են կատարել նախագահական նստավայրից եկող ցանկացած հրաման, իսկ դրանք, գուցե երբեմն եւ բարի ցանկություններով են պայմանավորված, բայց ինքնին հակասում են շուկայական տրամաբանությանը: Այն կապիտալիստը, որը չի առաջնորդվում փող աշխատելու ցանկությամբ, այլ հրամաններ է կատարում, չի կարող արդյունավետ աշխատել: Օրինակ. պե՞տք է արդյոք Բարսեղ Բեգլարյանին «Նաիրիտը»: Իհարկե, ոչ: Որքան էլ հայրենասեր կամ ֆիլանտրոպ լինի այս բիզնեսմենը, գործարանը վակուումի մեջ չի աշխատում: Իսկ «Հայռուսգազարդը» կամ Գլադունչիկը, որոնցից կախված է «Նաիրիտի» կյանքը, հաստատ ֆիլանտրոպներ չեն: Բարեգործական հիմունքներով ոչ մի գործարան չի աշխատում: Բայց «կուսակցությունը» (Քոչարյանը) կարգադրել է, ուրեմն՝ այդպես է պետք: Կամ՝ պե՞տք է արդյոք որեւէ հեռուստաընկերություն որեւէ օլիգարխի: Հարյուր տարի պետք չէ: Բացի նրանից, որ դա ավելորդ եւ, օլիգարխի տեսակետից, անիմաստ ծախս է, նաեւ սարսափելի գլխացավանք է: Օրումեջ քեզ զանգում են նախագահի նստավայրից եւ դժգոհում, թե ինչու Պողոսը եթերում այս ասաց, Պետրոսը այն ասաց, եւ, ընդհանրապես, ինչու էր Կիրակոսը հայտնվել ձեր եթերում: Մի խոսքով, «ջառմա» է, որը, սակայն, պետք է քաշել՝ նույն «կուսակցության» հրամանը կատարելու համար: Կամ՝ վառելիք ներկրողները վերջին ամիսներին մեծ դժվարությունների առաջ են կանգնել: Վրաստանով վառելիք բերելը շատ ավելի մեծ ծախսեր է սկսել պահանջել: Ինչի՞ դա կբերեր նորմալ շուկայական տնտեսության պարագայում: Իհարկե՝ գների բարձրացման: Սակայն «կուսակցությունը» կանչում է օլիգարխներին եւ հրահանգում՝ ինչ ուզում եք արեք, բայց գները մի բարձրացրեք: Մի կողմից լավ է՝ այս պահին ձեռնտու է ժողովրդին: Բայց մյուս կողմից՝ ստեղծում է խեղված տնտեսական հարաբերություններ, որոնք ի վերջո բերելու են մեզ փակուղի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ